
Աստղիկ Սիմոնյան . «Որոնումներ»
(Հատվածներ անտիպ տեքստից, սկիզբը)
Այստեղ՝ Երևանի օդանավակայանում, անսպասելիորեն լեզվական կերպավորում ստացան իր ներսի անանուն վիբրացիաները, և Ս.-ն խոստովանեց, որ, այո,՛ սիրահարված է Երևանին: Խոստովանեց, որ բոլոր ճանապարհնեը լոկ մի քաղաքից են մեկնում և լոկ մի քաղաք են տանում; որ աշխարհի բոլոր մնացյալ քաղաքները լոկ մի քաղաքի բացակայության նշաններ են:
Խոստովանությունն այդ, սակայն, չէր միահյուսվում սիրահարի հավերժական պատումին, չէր հնչում որպես տաղ ցնծության՝ «եսի» ու «տարբերի» սահմանների անէացման ծես, նույնականացման հավերժական տոնակատարություն… Այն ինքն իրենից դժվարությամբ էր կորզված՝ իր համար էլ անսպասելի ու չհիմնավորված՝ ի տարբերություն հեշտ ուրացումների անվերջ երկարող շղթայի:
Հայրենիքի գաղափարն՝ իբրև անխուսափելի ճակատագիր, նախատրվածություն, անվավեր էր Ս.-ի ներքին փորձառությունների տարածքում և չէր որոշարկում նրա ինքնությունը: Նա վաղուց դադարել էր դատել համաձայն տաքսոնոմիկ դասակարգումների և արդեն դժվարությամբ էր ընկալում ընդունված աշխարհաքաղաքական, կրոնական, լեզվական, սեռական կամ որևէ այլ՝ արհեստականորեն պարտադրվող ենթաբաժանումները, հայրենիքն էլ՝ այդ թվում: Ֆիզիկական կոպիտ գծագրությունները խամրում էին նրա հայացքի առջև՝ բացահայտելով բազում աստղաթելերից հյուսված միասնական անեզր դաշտը: Լույսի անսպառ շիթերը լցնում էին տրոհում ու ճեղքվածք, լռության ղողանջները բեկում էին ձև ու անուն, և Ս.-ն չգիտեր ինքը լույսն է, թե լուսավորյալը; լռությունը, թե նա, ով լսում է:
Նախա- թե հետ- այս դաշտում միտքն ազատ էր, ասիմետրիկ, չորոշարկված… ու բանտված չէր հայրենիքի հաստատունով: Ինչու՞ էր ուրեմն տարիներով կերտում իր վերադարձերի կրկնվող հերթագայությունը՝ գամելով ինքն իրեն հայրենիք-տարածության այս հատվածին: Ինչու՞ էր անսկիզբ ու անվերջ աստղաթելերը հանգուցակապում Երևանի կտուրներին ու լուսափոշու տեսքով՝ նախադաշտի բացակա ներկայության հետքերը փնտրում սալաքարերին: Ինչու՞ էր վերադառնում փնտրելու իր ժամանակի կորուսյալ ուղղությունը քաղաքում, որտեղ ժամանակը՝ փողոցները կարկատող ասֆալտի պես, կպչուն էր ու լերդացած՝ անցյալի և հավերժության տիղմից:
Այստեղ՝ Ս.-ն զգում էր, թե ինչպես լույսի լուռ անսահմանությունն ընկրկում էր երևանյան կոշտ հեղձուկի ճնշումից, ու ժամանակ/տարածություն ֆիկցիան անսպասելիորեն վերածվում էր վեկտորական մեծության՝ համարյա անհաղթահարելի դարձնելով երկրի ձգողականության ուժը: Նա՝ իր կամքից անկախ, բեմահարթակին էր և ներկայացման ակամա մասնակիցը: Սակայն, ծանոթ շրջապտույտների և դիոնիսյան խելահեղ իմպուլսների փոխարեն՝ տտիպ ճահիճ և բացակա անցյալին ու բացակա ապագային զոհաբերվող փուչ ներկա: Ինչու՞ էր այդքան դժվար դիմադրել իր ինքնությունը տարածքայնացնող վայրընթաց շարժմանը և ինքն իրեն օտարել իր համար օտար ներկայացումից, օտար ներկայացման օտար մասնակիցներից: Եվ ինչու՞ էր նաև անկարելի միախառնվել ներկայմացմանը, որի ակամա մասնակիցն էր՝ ըստ նախատրվածության, անկարելի՝ միասնական դաշտի անսահմանությունը կիսել՝ մնացյալ մասնակիցների հետ, որոնց հետ միավորված էր ի սկզբանե՝ իր կամքից անկախ:
Մեկնումը Երևանից երբեք չէր նշանակում հեռանալ Երևանից, լեզուն փոխելը լեզվից հեռու լինելու նշան չէր: Մեկնումը Երևան ևս ոչինչ չնշանակեց:
***
Ս.-ն շրջվում էր և, հետ նայելով` խախտում խաղի մեն-միակ պայմանը՝ գերության մեջ թողնելով ստվերներին, գերության մեջ թողնելով ինքն իրեն: Իսկ թվում էր` հեշտ ու անցավ էր հեռանալը՝ արձակել հուշերը, կասեցնել հաշվետվությունների հոսքը, քամուն տալ վերջին երազանքների մարող արձագանքներն ու ցրվել, տարրալուծվել դաշտի լուսեղեն անսահմանության մեջ: Արդեն քանիցս հրաժարվել էր հեշտ դերերից, մնում էր հրաժեշտ տար իր ազատ, աննպատակ թափառումներին, հայացքը մշտապես հանգրվանող՝ երկինքը երկրից անջատող կապտաճերմակ գծին, իր հին ընկեր քամու՝ միշտ նոր, անորսալի հպումներին… սիրելի մարդկանց ու նրանց հետ իրեն միավորող գողտրիկ թրթիռներին: Բայց կրկին հետ էր նայում՝ գուցե վերապրելու օրփեոսյան միֆը և, արձակելով գերիների շղթաները՝ խավարից առ լույս առաջնորդելու նրանց; օգնելու, որ դառնան այն, ինչ չեն եղել սկզբում։ Իսկ գուցե՝ ի՛ր կորուսյալ հավասարակշռությունն էր որոնում՝ քարերը հավաքելու և քարերը նետելու ժամանակների միջև, իրեն գերիներից բաժանող բացակա տարածքում; գուցե ի՛նքն էր փորձում դառնալ այն, ինչ չէր եղել Սկզբում:
Թվում էր՝ հեշտ էր…, բայց ո՞վ էր իրեն գերի դարձրել գերիներին, ո՞վ էր ակամա տեր կարգել գերիներին ու համատարած անտերությանը: Գուցե անկարելի բարակ դաստակներով ու կոճերով այն աղջիկը, ում մանկական ոտնահետքերը շարունակ վերծանում էր սալահատակի փոշիների ու խեցեշաղախ ավազների մեջ: Այն միակը՝ նա, ում ինքը չխոստացավ հավատարիմ մնալ՝ հիվանդության, թե աղքատության պահին՝ մինչ ի մահ, բայց ում հանդեպ տածած խենթացնող քնքշությանը հնազանդվեց գլխակորույս ու հավերժորեն: Նա, ում առանց փնտրելու գտավ հին Էրևանի բոհեմում` անակնկալ, ինչպես տարերային աղետ ու հետո անվերջ, իզուր փնտրեց ծանոթ-անծանոթ քաղաքներում՝ տենդի մեջ, երազում, արթմնի: Հաճախ, երբ հեռու քաղաքներում դեռ չհայտնաբերված գույներ էր փնտրում ներկելու նրա բացակայությունը, Ս.-ն խոստովանում էր, որ այդ նույն գույներով է մտապատկերում Երևանը: Իրե՛նց Երևանը, որ ոչ մի կապ չուներ մի քանի օրով «հայրենիք» վաճառելու համար շահարկվող արևի ոսկու կամ ծիրանագույնի հետ: Երկար տարիներ գունային ամենատարբեր միքսերով փորձում էր նկարել Էմմային ու այդ նույն միքսերով՝ Երևանը, բայց կտավը ստորագրելու պահին հասկանում էր, որ կարմիրի/կապույտի/դեղինի անվերջանալի խառնուրդները նյութականանալով իզուր փորձում են անուն տալ իր անորսալի, անբանտելի զգացողություններին: Հասկանում էր, որ կտավի գույները պատկերում են լոկ խզումը այն միակ անսահման, անանուն գույնի հետ, որով ազատ թևածում էր իր ցնորքը:
Երբ Ս.-ն Ռուբեն Անգալադյանին պատմում էր իր անհասկանալի կրկնվող վերադարձի մասին՝ Երևան, նա ասաց. «Հասկանում եմ, Երևանը մեծ կարոտ է, չէ՞ որ այն փակուղի է՝ լավ է պահում իր հուշերը»: Շատ գեղեցիկ ձևակերպում՝ մաքուր պոեզիա: Ու մի՞թե ինքն իրոք փակուղու մեջ է այսքան տարիներ, և իզուր էր ինքնաքսորը; ուրեմն չի՞ եղել հեռացում և չկա՞ հայտնություն; կա մանկությունից ծանոթ՝ հարազատ տարա՞ծք՝ հեշտ առավոտներ ու ծույլ գիշերներ, չերազած արևներ ու չհայտնաբերված հորիզոններ: Ու մի՞թե ինքը գնում է Երևան՝ լոկ վայելելու ստատիկ թմբիրի համոզված շռայլությունը: Գնում է տրվելու՞ զինաթափ հուշերի գաղջ, ականազերծ ճահճին; կամ գուցե Երևանն ինքն էր մշտնջենական հուշ, որ մշտապես իր հետ լինելուց իր ինքնության կարևոր մասն էր դարձել։
Կրկին հետ նայեց՝ լսեց շղթաների ժանգոտած ճռինչը; մութի մեջ տեսավ գլխիկոր ստվերներին ու կիսափուլ քարակույտը; քիմքին զգաց արմանյակի համն ու շոշափեց ավազին դրոշմված մանկական ոտնահետքերը: Չգտավ իր հուշերի լուսավոր Երևանը: Չկար:
Մեկնաբանել