HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քրեական գործերով պաշտպանների իրավունքները կարող են սահմանափակվել. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը:

Այն ներկայացրեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ում խոսքով`փոփոխությունների հիմնական նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու և լուծելու պահանջի ապահովումը, ինչպես նաև դատարանների բնականոն գործունեության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը:

Ընդդիմության համոզմամբ, սակայն, փոփոխությունները միտված են դատական համակարգը վատթարացնելուն և քրեական գործերի քննությունը իշխանության համար նախընտրելի դատավորների վարույթ տեղափոխելուն:

Ըստ նախագծի` առաջարկվում է դատական սանկցիայի առանձին տեսակ նախատեսել՝ իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը, իր դատավարական իրավունքներից օգտվելիս, պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահի ապահովումը: Դատարանը, դատավարության մասնակցի կողմից նման վարքագիծ պարբերաբար դրսևորելու դեպքում, իրավունք կունենա սահմանել այն դատավարական իրավունքի իրականացման պայմանները (քանակական և ժամկետային սահմանափակումներ կիրառելով), որոնց իրականացումը օգտագործվում է իրավունքի չարաշահում կատարելու համար:

Բարձրագույն դատական խորհուրդը կօժտվի դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ՝ ստանալով նորմատիվ իրավական ակտեր ընդունելու հնարավորություն:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, Արդարադատության նախարարից և Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք և պահպանված են սահմանված ժամկետները:

Մյուս առաջարկն այն է, որ ԲԴԽ-ին լիազորություն վերապահվի առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության ժամանակ տվյալ դատարանի կազմից ընտրել այդ գործերի քննության համար վիճակահանության մասնակից դատավորների կազմից՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից նախկինում նմանատիպ գործեր քննած լինելու հանգամանքը և այդ ընթացքում դատական նիստի բնականոն ընթացքը ապահովելու դրսևորած հմտությունները: Ըստ այս առաջարկի` ԲԴԽ-ն ընտրելու է նշված չափանիշներին համապատասխանող երեք դատավորների, ում միջև տվյալ առանձնակի բարդություն ներկայացնող գործը բաշխվելու է նրանց ներկայությամբ իրականացվող վիճակահանությամբ: Բացի այդ, առաջարկվում է, որպեսզի ԲԴԽ-ն լիազորություն ունենա նշված չափանիշներին համապատասխանող գործը վերցնելու այն դատավորներից, ովքեր դրսևորել են նման գործեր քննելու իրենց մոտ անհրաժեշտ հմտությունների բացակայությունը:

Վարդանյանի խոսքով` նման փոփոխությունները ոչ միայն կբարձրացնեն ԲԴԽ-ի հեղինակությունը, այլև ինքնուրույն կդարձնեն դատական համակարգը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ` այս նախագծով խնդիրներ են առաջանալու դատական համակարգի համար: Մարուքյանը պնդեց` որպես նախկինում իրավապաշտպան աշխատած մարդ՝ չի կարող կողմ քվեարկել մի նախագծի, ըստ որի՝ փաստաբանի իրավունքները կսահմանափակվեն:

«Դրան գումարած ապրիորի դատավորների վարույթում եղած գործերը վերցնել, տանել էս կողմ, էն կողմ: Էս քննարկումը որ անում ենք, ժողովուրդը իրավական խոսքից չի հասկանալու սա ինչի մասին է, ժողովուրդ ջան, իշխանությունն առաջարկում է քրեական գործով պաշտպանների իրավունքները սահմանափակել: Սա էն դեպքում, երբ Հայաստանում չկա իշխանություն, որ իշխանափոխությունից հետո քրեական գործով պաշտպանների կարիք չունենա, գոնե ձեր մասին մտածեք»,- ասաց նա` դիմելով քաղաքական մեծամասնության պատգամավորներին:

Մարուքյանի խոսքով` այս փոփոխությունները կյանքի կոչելու շնորհիվ իշխանությունը քրեական գործի քննությունը մի դատավորի վարույթից տեղափոխելու է այլ` իր համար ցանկալի դատավորի վարույթ, փաստաբանների իրավունքներն են սահմանափակվելու, որ չկարողանան շատ միջնորդություններ ներկայացնել, նաև ընդլայնվելու է ԲԴԽ-ի լիազորությունները: Մարուքյանը կոչ արեց նախագիծը հանել շրջանառությունից:

Քննարկումներից հետո նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 80 կողմ, 6 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter