
Կեղծ դրամահավաքներն ու յուրացումները՝ պատերազմի օրերին
2020-ի աշնանը տեղի ունեցած արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանի և Սփյուռքի բնակիչները, ինչպես նաև արտասահմանցիները գումար և այլ պարագաներ էին նվիրաբերում՝ օգնելու առաջնագծում գտնվողներին, նաև պատերազմից տուժածներին և տեղահանվածներին։
Օգնությունների մեծ ալիքը առիթ էր խարդախությամբ զբաղվող որոշ խմբերի կեղծ դրամահավաքներ կազմակերպելու և հանրության ֆինանսները յուրացնելու համար։
ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրել է .org և .com տիրույթներում իրականացված խարդախության դեպքերը, սակայն մեղավորներին գտնել չի կարողացել։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրականացված դրամահավաքի դեպքերով հարուցվել են գործեր, որոնցից որոշները թողնվել են անհետևանք, իսկ որոշները՝ նախաքննության փուլում են։ Խարդախություն իրականացրած որևէ անձ կալանավորված չէ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ իրավապահ մարմիններից։
Հետք Մեդիա Գործարանի՝ Կոռուպցիայի լուսաբանման դպրոցի թիմը փորձել է ամբողջացնել պատերազմի ժամանակ խարդախությամբ գումար շորթելու առցանց և անցանց դեպքերը։
Հետպատերազմյան փուլում մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հավաքված օգնությունը բոլոր դեպքերում չէ, որ ծառայել է իր նպատակին․ գրանցվել են յուրացման, կեղծ դրամահավաքներ իրականացնելու հաջողված և անհաջող փորձեր։
Կեղծ կայքեր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նմանությամբ
Պատերազմի օրերին ՀՀ պետական ինտիտուտների, մասնավորապես ՊՆ-ի կողմից կոչ էր արվում դրամական փոխանցումներ անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում «հիմնադրամ» բառը հայտնվել էր Հայաստանում «Գուգլի» թոփ որոնումների առաջին հորիզոնականում։
Հաշվի առնելով Հիմնադրամի հայտնիությունն ու հուսալիությունը՝ խարդախության դիմողները ստեղծում էին կեղծ կայքեր՝ հիմնադրամի դոմեյնի անվան նմանությամբ, և փորձում յուրացնել շփոթության մեջ հայտնված անձանց նվիրաբերած գումարը։
himnadramfund.org-ը դրա վառ օրինակներից է։ Կայքի կեղծ լինելու մասին առաջինը ահազանգեցին սոցիալական ցանցերում։ Բազմաթիվ բողոքներից հետո այն այժմ արգելափակված է։
![]() |
![]() |
Ավելի վաղ տարածվել էր նաև himnadram.org-ի նմանությամբ ստեղծված մյուս կեղծ կայքը, որտեղ հասցեի մեջ տեղերով փոխված էին n և m տառերը: Այս կայքի տեսքը (interface) ամբողջությամբ Հիմնադրամի իրական կայքի կրկնօրինակն էր։ Ակնհայտ էր, որ այն հատուկ էր ստեղծվել՝ փոխանցվող դրամական միջոցները յուրացնելու նպատակով։ Քաղաքացիների ակտիվ բողոքարկումներից հետո դոմեյնը գրանցած namesilo.com ծառայությունը խնդրի մասին բարձրաձայնած Արմեն Մկրտչյանին էլեկտրոնային նամակով հայտնել էր, որ կայքն արգելափակված է։
Եղան նաև դրամահավաքների օրինակներ, երբ կայքից և դրանում առկա բովանդակության շարադասական և ուղղագրական սխալներից հնարավոր էր միանգամից հասկանալ, որ գործ ունենք կեղծիքի հետ։ Խոսքը donationalerts.com-ում գործող zinvorner էջի մասին է։ Պատերազմի ժամանակ «Ամեն ինչ մի օր լուռ կվերջանա» ֆեյսբուքյան էջի միջոցով տարածվում էր կայքում տեղադրված կոչը, որով հերթական քայլերով բացատրվում էր, թե ինչպես գումար նվիրաբերել «բարի գործի համար»։
Կայքում հրապարակված չէ հաշվետվություն, թե նախկինում նվիրաբերված գումարն ինչպես է օգտագործվել, կամ այժմ ընդունվող նվիրատվությունները ինչպես են ծախսվելու, նշված չեն կայքի կոնտակտային տվյալներ կամ կազմակերպիչների անուններ։ Փոխարենը who.is առցանց գործիքի միջոցով տեսնում ենք, որ կայքը գրանցվել է 2015 թվականին, alexa.com-ից տեղեկանում ենք նաև, որ այն բարձր դիտելիություն ունի Ռուսաստանում և ԱՄՆ-ում։
Ոստիկանությունից հայտնեցին, որ Hinmadram.org, Himnadramfund.org և Donationsalterts.com կայքերում առկա դրամահավաքների վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են միայն նախնական ստուգողական աշխատանքներ, որի ընթացքում, դոմեյնային անվանումների գրանցողների, ինչպես նաև դրամահավաքներին գումարներ ուղարկած անձանց վերաբերյալ տեղեկություններ հնարավոր չի եղել ստանալ։
Միևնույն ժամանակ ոստիկանությունը նշել է, որ «.org» և «.com» դոմեյնների տիրույթը չի գտնվում ՀՀ իրավապահ մարմինների իրավասության սահմաններում։ Իսկ միջազգային համագործակցության շրջանակներում հիշյալ կայքերի վերաբերյալ տեղեկություններ հնարավոր է ստանալ բացառապես քրեական գործի առկայության դեպքում, որի հարուցման համար հիմք կարող են հանդիսանալ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով իրենցից գումար հափշտակելու վերաբերյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմումները կամ հանցագործության մասին հաղորդումները։
Միևնույն հաշվեհամարը՝ հայկական և ադրբեջանական տելեգրամ ալիքներում
«Новости Армении» տելեգրամյան ալիքում Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում տուժածներին օգնություն տրամադելու նպատակով իրականացվում էր դրամահավաք։ Էջն առաջարկում էր դրամական օգնությունը փոխանցել 4890 4947 0987 4051 քարտային հաշվին։ Telegram-ում նույն քարտային հաշվին գումար փոխանցելու կոչով հանդես էր գալիս նաև ադրբեջանական «Азербайджан | Новости» ալիքը՝ իբրև աջակցություն պատերազմի հետևանքով տուժած Ադրբեջանի քաղաքացիներին։
Լուսանկարը՝ infocheck.am-ից
Ոստիկանության փոխանցմամբ՝ կատարված ուսումնասիրությունների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ «Новости Армения» և «Азербайджан Новости» տելեգրամյան ալիքները ղեկավարվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքից, իսկ վերոնշյալ տելեգրամյան ալիքներում հիշատակված բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկություններ կրկին հնարավոր էր ստանալ բացառապես հարուցված քրեական գործի շրջանակներում, քանի որ այն հայկական բանկային համակարգի կողմից թողարկված կամ բանկային համակարգում գրանցված քարտային հաշվեհամար չէր և իր մեջ պարունակում էր ինչպես անհատական տվյալներ, այնպես էլ բանկային գաղտնիք։ Սրա առթիվ քրեական գործ ևս չի հարուցվել։
Դրամահավաքներ՝ զինվորների ծնողների անունից
Հայտնի քրաուդֆանդինգային gofundme.com հարթակում զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի ընտանիքին օգնություն տրամադրելու նպատակով նույնպես կազմակերպվում էին դրամահավաքներ։ Նախ հոկտեմբերի 8-ին, ապա՝ 11-ին։
Հրետանավոր Ալբերտի կերպարը պատահական չէր ընտրվել․ նա հայտնի դարձավ, երբ Պաշտպանության նախարարությունը տարածեց նրա լուսանկարը՝ մարտական գործողության ժամանակ:
Հատկանշական է, որ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, բազմիցս կոչ էր արել աջակցությունները փոխանցել ոչ թե իր ընտանիքին, այլ «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Իսկ հոկտեմբերի 27-ին անձնական օգտագործման մեքենան նվիրաբերել էր հայկական բանակին։
Մեզ հետ զրույցում Արտակ Հովհաննիսյանը նշեց, որ դրամահավաքն առանց իր հետ համաձայնեցնելու է կազմակերպվել:
«Երբ ինձ ասացին դրա մասին, խիստ բարկացա։ Ասացի ճշտեն և գտնեն՝ ովքեր են կազմակերպիչները։ Հետագայում գտանք, ասացին, թե բարի նպատակներով են արել։ Այժմ ամեն բան տեղն է ընկել»,- նշեց զոհված զինծառայողի հայրը։
Արտակ Հովհաննիսյանի խոսքերով՝ դրամահավաքի արդյունքում հավաքված գումարը հետագայում փոխանցվել է իրեն։
Այս առիթով Ազգային անվտանգության ծառայությունից մեզ տեղեկացրին, որ վերը նշված երկու դրամահավաքների օրինականությունը պարզելու վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործեր չեն հարուցվել։ Ոստիկանությունը ևս այս դեպքով որևէ ուսումնասիրություն չի իրականացրել:
Դրամահավաքներ՝ զինվորների բուժման նպատակով
Պատերազմի մեկնարկից մեկ-երկու շաբաթ հետո ակտիվացան Արցախում վիրավորված զինվորների բուժման ծախսերը հոգալու և նրանց աջակցելու նպատակով իրականացվող դրամահավաքները։ Օգտատեր Մարիաննա Սամսոնյանը, օրինակ, «Ֆեյսբուքում» 70 000 ԱՄՆ դոլար հավաքելու նախաձեռնություն էր սկսել։ Նպատակը մարտերի ընթացքում աչքը կորցրած զինծառայող Արսեն Ավետիսյանի վիրահատությունը Գերմանիայում կազմակերպելն էր։
«Հետքի» հետ զրույցում Պաշտպանության նախարարության զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը նշել էր, որ տեղյակ է սոցիալական ցանցերում սկսված դրամահավաքների մասին և մտահոգություն ունի այդ առնչությամբ, քանի որ ամբողջ առողջապահական համակարգը ապահովում է վիրավոր զինվորների, կամավորների, պահեստազորայինների բուժսպասարկումը։
70 000 դոլարի դրամահավաքն իրականացվում էր՝ չնայած նրան, որ «Աստղիկ» ԲԿ-ն (որտեղ բուժում էր ստանում զինծառայողը) որևէ փաստաթուղթ չէր տվել՝ Գերմանիայում բուժումը շարունակելու անհրաժեշտության մասին։ Այս մասին փաստեց թե՛ ԲԿ-ի տնօրենը, թե՛ Արսենին բուժող բժիշկը։
Ձախ աչքը կորցրած Արսեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ դրամահավաքը կազմակերպվել էր, երբ կար արտասահմանում բուժում ստանալու հույս։ Կարծիքը փոխել է՝ խոսելով բժշկի հետ, ով ասել է՝ Գերմանիայում վիրահատությունն էլ չի կարող վերականգնել տեսողությունը։ Արսենը նշում է, որ հայտարարության տարածումից հետո զրույց է ունեցել ռազմական ոստիկանության ներկայացուցչի հետ, ով վստահեցրել է՝ նրա բուժման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա պետությունը, դրամահավաքի կարիք չկա։
Իմանալով այդ մասին՝ Արսենը խնդրել է դրամահավաքի կազմակերպչին հեռացնել գրառումը։ Վերջինիս խոսքերով՝ իր հաշվեհամարին այդ ընթացքում որևէ գումար չի փոխանցվել։ Թե ով և ինչ հիմքով էր որոշել, որ աչքի վերականգնումը հնարավոր կլինի Գերմանիայում՝ 70 000 դոլարով, Արսենը դժվարացավ պատասխանել։
«Աստղիկ» ԲԿ-ում Արսենի բժշկի՝ Ասյա Ադյանի խոսքով՝ զինծառայողի աչքից օտար մարմին է հեռացվել։ Նա մեկ անգամ վիրահատվել է մարտական գործողություններից անմիջապես հետո՝ հոկտեմբերի 27-ին, ապա նոյեմբեր ամսին։ Պետությունն է հոգացել բոլոր ծախսերը։
«Արսենն ինքը հարցրեց՝ կա՞ շանս տեսողության վերականգնման։ Բացատրեցինք, որ էդպիսի մեթոդ չկա վերականգնելու բացակայող օրգանը։ Ասացի՝ կարող եք հետաքրքրվել, բայց եթե օրգան չկա, չի վերականգնվում»,- նշեց Ասյա Ադյանը։
Ինչ վերաբերում է 70 000 դոլարով Գերմանիայում բուժվելուն, բժիշկը նշեց, որ գաղափար չունի, թե ինչ գումարի մասին է խոսքը, և որտեղից է այն վերցված։
Չավարտվող դրամահավաքը
2020-ի դեկտեմբերի 14-ին «Ֆեյսբուքի» հայկական տիրույթում հայտնվեց դրամահավաքի մասին նոր հայտարարություն։ Նպատակը՝ պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայող Էրիկ Գասպարյանին օգնություն տրամադրելն էր։
Տեղեկատվությունը տարածվում էր նաև haygood.ru կոչվող սունկ կայքի միջոցով, որտեղ, որպես կանոն, հրապարակվում են clickbait բնույթի վերնագրեր և ապատեղեկատվություն պարունակող նորություններ։
Մենք կապ հաստատեցինք գրառման մեջ որպես կոնտակտային անձ հիշատակվող անձի՝ Արթուր Սարգսյանի հետ։ Վերջինս զրույցի ընթացքում նշեց, որ դրամահավաքը կազմակերպվել է իր մասնակցությամբ, սակայն օրեր առաջ արդեն ավարտվել է, գումարը փոխանցվել է զինծառայողի ընտանիքին։ Իսկ դեկտեմբերի 14-ի դրությամբ տարածվող դրամահավաքի հայտարարությունն իրենց նախաձեռնության հետ կապ չունի։
Դրամահավաքին իր անհամաձայնությունն է տվել նաև Էրիկ Գասպարյանի եղբայրը՝ Գոռ Գասպարյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ դրամահավաք իսկապես կազմակերպվել էր Լիլիթ Սարգսյան անունով օգտատիրոջ կողմից։ Հավաքված գումարն արդեն փոխանցվել է իրենց ընտանիքին, ինչի համար նա շնորհակալ է, սակայն այդ պահին տարածվող կոչերը անտեղի են և անձամբ իրեն անհայտ մարդկանց կողմից են իրականացվում։ Գոռի խոսքերով՝ ինքը եղբոր էջով տարբեր անգամներ խնդրել է հեռացնել իրականացվող դրամահավաքի մասին գրառումը, որը չի համապատասխանում իրականությանը և տարածվել է առանց իր իմացության։
![]() |
![]() |
Գոռի խոսքերով՝ եղբայրն արդեն իսկ ենթարկվել է վիրահատության, որի ծախսերն ամբողջությամբ հոգացել է պետությունը։ «Հետքը» գրավոր հարցրել է ոստիկանությանը՝ արդյոք առցանց դրամահավաքների օրինականությունը պարզելու համար նյութեր նախապատրաստվե՞լ են։ Ոստիկանությունից հայտնել են՝
- Արաբկիրի բաժնում առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու կողմից «Facebook» սոցիալական կայքի միջոցով իրականացված դրամահավաքի կապակցությամբ։ Կատարվում է նախաքննություն։
- Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում նախապատրաստվել են նյութեր՝ քաղաքացու կողմից «Facebook» սոցիալական կայքի միջոցով իրականացված դրամահավաքի կապակցությամբ, որը թողնվել է անհետևանք՝ հանցագործության հատկանիշների բացակայության հիմքով:
- Ֆեյսբուքյան երկու օգտատեր զինվորներին աջակցելու պատրվակով, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով՝ տարբեր օգտատերերից պահանջել և ստացել է 20.000 դրամ և 5.000 ռուբլի՝ հափշտակելով նշված գումարները։ Դեպքի առթիվ դեկտեմբերի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ուրիշի գույքը զգալի չափերով հափշտակություն կատարելու հատկանիշներով։
Քննչական կոմիտեի վարույթում քննվում է դրամահավաքի ևս մեկ դեպք։ Քրեական գործ է հարուցվել «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով Հրատապ աջակցություն արցախցուն անվամբ դրամահավաք կազմակերպելու արդյունքում հավաքված 3100 ԱՄՆ դոլարը «Հայաստան» համահայկական հիմնադրամ չփոխանցելու դեպքի առիթով։ Քրեական գործը հարուցվել է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու հիմքով։ Գործերի նախաքննությունը շարունակվում է։
Հումանիտար օգնությու՞ն, թե՞ անձնական օգտագործման ապրանքներ
Դեկտեմբերի 5-ին սոցցանցերում և լրատվական կայքերում հայտնվում է լուր, որ Գերմանիայից Հայաստան ուղարկված 2,5 տոննա հումանիտար օգնությունը 3 շաբաթ մնացել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր բարեկամների նկուղներում։ Գրառման համաձայն՝ զինվորների և արցախցիների համար նախատեսված հումանիտար օգնությունը յուրացվում է, և Սփյուռքն այլևս չպետք է նվիրատվություններ անի:
Գրառումից ժամեր անց մեղադրանքներին արձագանքեց Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Նրա խոսքով՝ հումանիտար բեռը ներկրող Արթուր Խառատյանը բեռից հրաժարվել է հօգուտ պետության և բեռն ընդունվել է Լոռու մարզպետարանի կողմից։
«Բեռի զննությունից պարզվել է, որ բեռի մեծ մասը հումանիտար չէ, քանի որ եղել են այնպիսի իրեր, որոնք մարդասիրական բեռ համարվել չեն կարող, օրինակ՝ կերխեր, թանկարժեք սպասք, ժամացույց, կոսմետիկ պարագաներ, հոգեմետ դեղեր։ Բեռն, այնուամենայնիվ, ամբողջությամբ կբաշխվի կարիքավորներին, իսկ մնացածի մասով կզբաղվի ոստիկանությունը՝ բեռի բնույթի և հոգեմետ դեղորայքի մասով տալով իրավական գնահատականներ»,- նշել էր մարզպետը։
Մենք կապ հաստատեցինք Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչ Անի Մարկուի հետ, որը նախաձեռնել էր օգնության հավաքագրումը։ Նա Հայաստանում էր, եկել էր մարզպետարանի նկուղում հայտնված 2,5 տոննա նվիրատվության հարցով։
«Ես Գերմանիայի հայկական համայնքից եմ, հավաքագրումն ինքս եմ արել։ Օգնության հետ մեկտեղ մարդիկ մեկ կամ երկու արկղ են տվել՝ խնդրելով փոխանցել հարազատներին։ Այնտեղ կարող են լինել դեղեր, կամ կոշիկներ, կամ այլ նվերներ»,- պատմում է նա:
Անիի խոսքով՝ Անդրեյ Ղուկասյանը առաջարկել է բեռը տեղափոխել մարզպետարան, 40 արկղը, որը ոչ թե նվիրատվության, այլ հարազատների համար են, մարզպետը խոստացել է վերադարձնել, մնացած բեռը՝ բաշխել պատերազմի հետևանքով տուժած անձանց և բանակի միջև։
Մեզ հետ զրույցում Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ բեռի 70 %-ը չի հանդիսացել հումանիտար օգնություն։ Ապրանքների միայն 30 %-ն է նախատեսված եղել արցախցիների համար։ Մարզպետի խոսքով՝ օգնությունն ի սկզբանե չի բաշխվել հենց այս խնդրի պատճառով։
Անի Մարկուն հաստատեց, որ օգնության մեջ եղել են երկու կերխեր, երկու հեռուստացույց, որոնք պատկանել են Արթուր Խառատյանին, սակայն անձական բեռը կազմել է ուղարկված օգնության միայն 10 %-ը՝ մոտ 200 կգ։
ՀՀ ոստիկանությունից տեղեկացանք, որ հիշյալ գործով նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը գրություններ է ստացել՝ ԶՈւ կիրառման համար Սփյուռքից ուղարկված ռազմական նշանակության իրերը www.list.am կայքէջով վաճառելու վերաբերյալ։ Դրանք ուղարկվել են Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն՝ հետագա ընթացքը լուծելու համար։
Իր հերթին Քննչական կոմիտեն մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ խարդախության հիմքով քրեական գործ է հարուցվել, որում ներգրավված է զինված ուժերի պաշտոնյա։ Մասնավորապես՝ N զորամասի թիկունքի գծով տեղակալը զորամասի անձնակազմին օգնություն տրամադրած գույքից 10 բահ, 3 քլունգ, 2 լինգ, 6 ռեզինե կիսաճտքավոր կոշիկ, 40 տուփ ծխախոտ և մեկ քնապարկ զորամասի հաշվեկշռում չի հաշվառել, չի տրամադրել անձնակազմին։ Քրեական գործը հարուցված է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության հատկանիշներով։ Այն նախատեսում է ազատազրկում՝ 7-13 տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
Ինչպե՞ս է օգտագործվել պետությանը նվիրաբերված հումանիտար օգնությունը
Որպես օգնություն պետությանը նվիրաբերված սնունդն ու հագուստը հատկացվում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ պահեստավորելու և բաշխելու համար։ Օգնությունը ներառում է ինչպես Հայաստանում հավաքվածը, այնպես էլ արտերկրից Հայաստան ուղակվածը։
ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանի խոսքով՝ նախարարությունը օգնությունը ընդունել է հանձման-ընդունման ակտերով և նույն կերպ դուրս գրել պահեստից։ ԱԻՆ-ը չի տիրապետում որևէ տեղեկատվության, որ իրենց միջոցով շահառուների փոխանցած մարդասիրական օգնությունը վաճառքի հանված լինի։
Նախարարությանը հատկացված բեռը չի բացվել, ակղի վրա գրված է եղել, թե ներսում ինչ օգնություն է։ ԱԻՆ-ը չի զբաղվել շահառուների կարիքները փաստագրելու գործով, այլ արդեն իսկ գոյություն ունեցող պահանջների մասին ծանուցվել է մարզպետարաններից և համայնքապետարաններից։
Որպես հիմնական խնդիր՝ Արմեն Փամբուկչյանն առանձնացնում է այն դեպքերը, երբ մարդիկ ապրանք են ուղարկել՝ ասելով, որ այն նախատեսված է կոնկրետ համայնքի կամ խմբի համար: Այդ բեռից նրանք հրաժարվել են, որպեսզի այն չմաքսազերծվի, սակայն պահանջել, որ ԱԻՆ-ն այդ բեռը իրենց հանձնի, որ իրենք տանեն, բաժանեն։ Եթե Հայաստանում պետք է այդ օգնությունը բաժանվեր, շատ դեպքերում համայնքը և օգնություն բերողը միասին բաժանել են այն:
ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուկչյանից հետաքրքրվեցինք նաև համացանցում շրջանառվող լուսանկարների մասին, երբ մարդասիրական օգնության փաթեթներում եղել են նաև օգնություն չհանդիսացող իրեր՝ ուղարկողների հարազատների համար։ Նա ընդգծեց, որ իրենք ստացել են փակ արկղ, չեն բացել, այնուհետև, երբ փակ արկղը հասել է քաղաքացիներին, այնտեղ բացել, տեսել են, որ տարատեսակ ապրանքներ են, այսինքն՝ ոչ միայն սնունդ է մեջը, այլև դեղորայք, այլ պարագաներ, անգամ հեռադիտակ:
Ամփոփելով պատերազմի ընթացքում կազմակերպված դրամահավաքների և հավաքված օգնության դեպքերի ուսումնասիրությունը՝ նշենք, որ սույն թվականի մարտի 2-ի դրությամբ` ոստիկանությունն ուսումնասիրել է 15 դեպք, հարուցվել է 7 քրեական գործ և մեկ գործ կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել 3 դեպքի առիթով, որոնցից մեկը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով, իսկ երկուսը նախաքննության փուլում են։
Հրանուշ Դերմոյան, Օֆելյա Սիմոնյան
Համակարգող՝ Դիանա Ղազարյան
Գլխավոր լուսանկարը՝ ՀՀ կառավարության
Մեկնաբանել