HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մեկ ամսից 6 հոգանոց ընտանիքը կհայտնվի փողոցում՝ առանց օթևանի հույսի

Մանկասայլակի չափով աշխարհի իր փոքրիկ անկյունը նվաճած 2 կգ 800գ քաշով մարդուկի համար առայժմ երկու հետաքրքրություն կա՝ ուտել եւ քնել: Մի քանի օրական Հարություն Սահակյանը ծնվել է մարտի 10-ին: Առաջացած բարդությունների պատճառով բժիշկները հազիվ են կարողացել փրկել իր եւ մայրիկի կյանքը: Աչքերը բացել է մայրաքաղաքում եւ երեք օրից վերադարձել Գյումրի, որտեղ իրեն էին սպասում հայրն ու երեք եղբայրները: Սակայն Հարությունի երջանիկ անհոգությունը մեկ ամսից խաթարվելու է, քանի որ ընտանիքը զրկվելու է բնակարանից, որը զբաղեցրել է վերջին 8 տարին:

Սահակյանների՝ 6 հոգուց բաղկացած ընտանիքը մինչեւ վիճելի բնակարանում հայտնվելը, ապրել է վարձով Գյումրու Նորավան թաղամասում: Վարձակալած տնակի համար վճարել են 10 հազար դրամ: Խոնավ ու անհարմար կացարանը որոշել են թողնել, երբ մահացել է 15 օրական նորածինը: Դիմել են քաղաքապետարան՝ տան խնդրով:

«Մեզ ասին՝ դուք ման եկեք, տեսեք քաղաքի մեջ որտեղ ազատ տուն կա, որ տեր չունի, գնացեք ապրեք, մենք էդ տունը տանք ձեզի,-պատմում է ընտանիքի հայրը՝ Սամվել Սահակյանը,-մենք երկրաշարժից անօթեւան չենք, օր, ըսենք, էդ տարբերակով տուն ուզեինք, կամ բդի էլի վարձով ուրիշ տեղ մնայինք, կամ էնքան փող ունենայինք, որ կռնանայինք տուն առնեինք»:

Գյումրու տարբեր թաղամասերում ազատ բնակարանի փնտրտուքը ամուսիններին հասցրել էր կիսակառույց Շերամ թաղամասի հարեւանությամբ գտնվող երկու բնակելի շենքերին: Այստեղ հանդիպել են երկու կնոջ, զրուցել եւ պարզել, որ կա դատարակ բնակարան, որը երկու տասնամյակից ավելի բնակեցված չէ: Կանայք ուրախացել են, որ վերջապես ինչ-որ մարդիկ կբնակվեն, քանի որ նախկին տերերից տարիներով որեւէ տեղեկություն չկա:

Գտած բնակարանի խնդրով Սամվելը դիմել է քաղաքապետարան, ստացել պատասխան, որ շենքը համայնքի հաշվեկշռում չէ, իրենք չեն կարող հարցը կարգավորել: Սամվելի կինը՝ Անիչկա Գալստյանը, նամակով դիմել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմին: Այնտեղից զանգահարել են Գյումրու քաղաքապետարան, հարցը լուծվել է, եւ Սահակյանները տեղափոխվել են ապրելու այդ բնակարան:

2018թ.-ին հայտնվել են իրական տանտերերը եւ դատական հայց ներկայացրել Սահակյանների դեմ՝ բնակարանից վտարելու պահանջով: Ըստ դատական գործում եղած տվյալների՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ 05.08.1997թ. թիվ 551 որոշմամբ Շիրակացի թաղամասի 68 շենքի թիվ 6 բնակարանը տրամադրվել է Հրաչ եւ Արմինե Մուքայելյաններին: Վերջիններս բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել են 10.04.2010թ.-ին:

2012թ.-ին Մուքայելյանների հարեւանուհին՝ Անժելան, խնդրել է բանալին իրեն տալ, բնակարանի մի հատվածում վառելիք եւ իրեն պատկանող որոշ իրեր պահելու նպատակով: 2014թ.-ին Արմինե Մուքայելյանի եղբայրն այցելել է բնակարան, որ ստուգի, թե ինչ վիճակում է, եւ հայտնաբերել է, որ այնտեղ ընտանիք է բնակվում: 

«Մենք վստահ ենք եղել, որ սեփականատեր չկա, քանի որ Հրաչը մահացել է, ուրիշ մարդ էլ էդ ընտանիքից չի եկել ապրելու,-նշում է Անիչկան,- մարդ կա, ամբողջ կյանքն էս քաղաքի մեջ  է, տուն չունի, մարդիկ էլ կան տունը կստանան, փակեն կերթան»:

Քաղաքապետարանի կոմունալ բաժնից Սահակյաններին տրամադրել են աղբահանության կոդ, էլցանցի տնօրենը տրամադրել է մեկ ամիս անվճար հոսանք, ջրամատակարող ընկերությունը Սամվել Սահակյանին ընդունել է աշխատանքի՝ որպես փականագործ: Սահակյանները որոշակի հարմարություններ են ստեղծել բնակարանում ապրելու համար, կատարել են որոշակի ծախսեր: 

Մուքայելաններն ընդդեմ Սահակյանների բնակարանային վեճը 2020թ.-ի հուլիսի 29-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում լուծվել է հօգուտ սեփականատերերի:

Դատավոր Հովհաննես Ղազարյանը որոշել է, որ Սահակյանները պարտավոր են ապօրինի տիրապետումից ազատել Մուքայելյանների բնակարանը: Սամվելն ասում է, որ իրենց առաջարկել են գնել բնակարանը: «Մուքայելյաններն ասին՝ ինչ ծախս արել եք, դրա վրա 2.500 դոլար էլ ավելացրեք, տունը տանք ձեզ: Հետո գինն ավելացրեցին, հասցրեցին 10 հազար դոլարի: Էհ հա՜, էդքան փող ունենամ, քաղաքի մեջ ավելի բարվոք տուն կառնիմ: 12 հազար դոլար էս տանը ո՞վ կուդա, թաղամասը տեսե՞լ եք, քարուքանդ եղածները տեսա՞ք, ո՞վ կտա էդ փողը, օր ըստեղ ապրի»,-նկատում է Սամվելը:

Հայցվորների հետ փոխադարձ համաձայնությամբ՝ Սահակյանները զբաղեցրած բնակարանում կարող են մնալ մինչեւ ապրիլի 15-ը: Թե ինչ պետք է անեն բնակարանը լքելուց հետո, այն էլ՝ 4 անչափահաս երեխաների հետ, ամուսինները պատկերացում չունեն. կմնան պարզապես փողոցում՝ բաց երկնքի տակ:

Տղաներից Պավլիկը 15 տարեկան է, Էմանուելը՝ 6, Արթուրը՝ 4 եւ, իհարկե, 10 օրական Հարությունը: Երկու տղաները դպրոց են հաճախում՝ Էմանուելը Շերամ թաղամասի թիվ 43 դպրոց, Պավլիկը՝ Շիրակացի թաղամասի թիվ 4 դպրոց:

Որպես սոցիալապես անապահով ընտանիք՝ Սահակյաններին տարին երկու անգամ աջակցություն է ցուցաբերում «Վորլդ Վիժն» կազմակերպությունը՝ հագուստի եւ սննդի տեսքով: Ընտանիքի միակ աշխատողը Անիչկան է: 2019թ.-ին աշխատանքի է  ընդունվել Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնում՝ որպես հավաքարար:

Սամվելը, որ անասնապահ էր աշխատում տարբեր մարդկանց մոտ, վերջին տարիներին դարձել է անաշխատունակ. ողնաշարի խնդիր ունի, որն առաջացել է ցուլի հարվածից: Ընտանիքի միակ կայուն եկամուտը Անիչկայի 68 հազար դրամ աշխատավարձն է եւ երեխաների համար տրվող 35 հազար դրամ նպաստը: Նույնիսկ ամենավառ երեւակայության պայմաններում անհնար է պատկերացնել, որ այդ եկամտով կարելի է բնակարան գնել:

Մեկնաբանություններ (1)

Զոյա Սարգսյան
Դիմում եմ խնդրանքով պատկան նարմիններին և բարի կամքով մարրկանց։ Աջակցենք օրհասական վիճակում հայտնված ընտանիքին։ Ընտանիք, որի չորս մանկահասակ երեխաները մեր ապագայի կերտողներն են լինելու։ Հուսամ խնդրանք-կոչս արձագանք կգտնի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter