HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սահմանադրական դատարանը ԱԺ-ին հորդորել է՝ գործի քննության ողջամիտ ժամկետի խախտումը կանխող երաշխիքներ նախատեսել

Սահմանադրական դատարանը (ՍԴ) մարտի 16-ին հրապարակեց ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման և դրա արդյունքում գույքային իրավունքների խախտման դեմ իրավունքի պաշտպանության միջոց չունենալու հարցով կայացրած որոշումը (ՍԴՈ-1585):

ՍԴ-ն հարցը քննության է առել Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Ա. Թաթոյանի դիմումի հիման վրա՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենսգրքի 9-րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար՝ «Գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում»: Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման դեպքում գույքային իրավունքների խախտման դեմ իրավունքի պաշտպանության միջոց չունենալու հարցով ՄԻՊ-ին դիմել էր «Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակը»: 

Այս հարցը ծագել էր դատարանում քննվող մի գործից, որին «Հետք»-ն անդրադարձել է ամիսներ առաջ: Ժառանգությունից զրկված քաղաքացին 10 տարի դատարանում պայքարել է իր իրավունքների համար, բայց դատական ակտը կայացնելու ժամանակ, արգելանքի տակ գտնվող գույքն արդեն բաժանված է եղել երկու մասի և մի քանի ագամ վաճառվել է։ Հայցվորըողջամիտ ժամկետում չկարողանալով իրացնել դատաքննության իրավունքը, զրկվել է իր ժառանգությունից և փոխհատուցում չի ստացել

Այս գործով դատարանում հայցվորի շահերը ներկայացնող փաստաբանները դիմել են Նոտարական պալատ՝ նոտարի գործողությունների հետևանքով իրենց վստահորդի կրած վնասի փոխհատուցման պահանջով, սակայն մերժվել են։ Նրանք համոզված են, որ հայցը ողջամիտ ժամկետում քննվելու դեպքում գործն այսպիսի ավարտ չէր ունենա: 

ՍԴ-ի կայացրած որոշումով՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենսգրքի 9-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը: ՍԴ-ն որոշման մեջ արձանագրել է, որ վիճարկվող Օրենսգրքի 9-րդ հոդվածն ինքնին սահմանադրականության առումով խնդրահարույց չէ: Որպես ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտումներից պաշտպանության միջոց՝ ՀՀ-ն ներդրել է փոխհատուցման ինստիտուտ, Քաղաքացիական օրենսգրքով սահմանված է նման դեպքերում ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու իրավական հնարավորություն

«Ինչ վերաբերում է դատական գործերի տևողության կապակցությամբ պաշտպանության միջոցների արդյունավետությանը, լավագույն լուծումը, անվիճելիորեն, ինչպես շատ ոլորտներում, կանխարգելումն է։ Երբ որևէ պետության դատական համակարգը թերանում է ողջամիտ ժամկետի պահանջի կատարման  ապահովման  տեսանկյունից, գործի քննության արագացման համար նախատեսված միջոցը` դրա չափազանց երկարաձգումը կանխելու համար, ամենաարդյունավետ լուծումն է»,- ասվում է ՍԴ որոշման մեջ

Միաժամանակ նշվում է, որ քննարկված միջոցներն առաջարկում են միայն տեղային լուծումներ՝ էական նշանակություն չունենալով համակարգային խնդրի տեսանկյունից։

Գոհացնո՞ւմ է ՍԴ-ի կայացրած որոշումը դիմողներին և ի՞նչ հեռանկար է այն ապահովում ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման հիմքով գույքային վնասներ կրած քաղաքացիների իրավունքների վերականգնման համար մեր հարցին, «Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակի փաստաբան Աշխեն Դաշյանը հայտնեց.

«Չնայած նրան, որ ՍԴ-ն 9-րդ հոդվածը հակասահմանադրական չի ճանաչել, այդուհանդերձ արձանագրել է պետության անելիքներն այդ ոլորտում: Մասնավորապես նշել է, որ պետությունն առաջին հերթին պետք է սահմանի անհրաժեշտ կառուցակարգեր եւ ընթացակարգեր, որոնք կապահովեն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ իրացումը՝ կանխելով արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտումները, իսկ գործի քննության ձգձգումների դեպքում պետք է ապահովեն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորություն»։

Փաստաբանի կարծիքով՝ ՍԴ-ն նաև որոշումով փորձել է փոխհավասարակշռել դատարանների և պետության գործողությունները ողջամիտ ժամկետների պահպանման մասով: Արձանագրել է, որ պետությունն իր իրավական համակարգը պետք է կազմակերպի այնպես, որ դատարանները հնարավորություն ունենան եւ իրենց իրավասությանը վերապահված գործերը քննեն ողջամիտ ժամկետում

ՍԴ-ն դատարանների ծանրաբեռնվածությունը որակել է որպես արդար դատաքննության պահանջներին համահունչ գործը քննելու  դատարանի պարտականությունը վտանգող և կրկին պետության անելիքներն է մատնանշել, որ անհրաժեշտ է ապահովել դատարանների այնպիսի ծանրաբեռնվածություն, որի պայմաններում դատարանները հնարավորություն կունենան գործը քննելու ողջամիտ ժամկետում

ՍԴ-ն Ազգային ժողովի ուշադրությունն է հրավիրել գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի կենսագործման  խնդրին՝ հորդորելով նախատեսել գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման հետեւանքով արդար դատաքննության իրավունքի բուն էության խաթարումը կանխող անհրաժեշտ եւ բավարար երաշխիքներ: Այդ թվում՝ դատարանների ծանրաբեռնվածության առումով, որը վտանգում է անձի՝ ողջամիտ ժամկետում գործը քննելու իրավունքը: Սրանով ՍԴ-ն հաստատում է, որ դրանք բացակայում են ՀՀ-ում, ինչը պետության դեմ գանգատների թիվն է մեծացնելու, Եվրոպական դատարանը բազմաթիվ գործերով արձանագրել է, որ դա պետության պոզիտիվ պարտականությունն է: Ստացվում է, որ երկար տարիներ պետության այդ պարտականությունը չի կատարվում:

Անհասկանալի է, որ նման պայմաններում դատարանը նաև համարել է, որ դիմումատուները կարող են այդ իրավունքի խախտման փաստը ճանաչելու և վնասների փոխհատուցում ստանալու պահանջով ընդհանուր կարգով դիմել դատարան:

«ՍԴ-ն հանգել է այն եզրակացության, որ իրավունքի խախտման պայմաններում անձը կարող է Քաղաքացիական օրենսգրքի 17 և 162.1-րդ հոդվածներով սահմանված կարգով պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում»,- ասվում էր որոշման մեջ։

 «Մի՞թե նույն վարույթը կրկին չի երկարաձգվելու ու նույն իրավիճակում հայտնվի անձը՝ 3-10 տարի էլ այդ գործը քննվի: Հավելեմ նաև, որ նման պահանջներով հայցերը դատարանները վերադարձնում են, չեն քննում»,- տարակուսեց փաստաբան Ա. Դաշյանը:

Ինչպիսի՞ հեռանկար է ապահովում հիշյալ որոշումը իր վստահորդ Հռիփսիմե Ղալեչյանի գույքային վնասը վերականգնելու համար, որի գործն էր ՍԴ դիմելու պատճառ հանդիսացել, փաստաբանը հայտնեց. «Այս գործով երկու խախտում ունենք, մեկը՝ նոտարի գործողություններով է վնաս պատճառվել, մյուսը՝ դատարանում գործը երկար քննվելու պատճառով: Երկու դեպքում էլ պետությունն ունի պարտավորություն, բայց չունի անհրաժեշտ և բավարար կառուցակարգեր, միջոցներ, երաշխիքներ, որ ապահովի անձի իրավունքները»:

Նշենք, որ Երևանի բնակչուհի Հռիփսիմե Ղալեչյանը 2020 թ.-ի նոյեմբերի 11-ին արդարադատության նախարարության դեմ հայց է ներկայացրել և դատարանից  պահանջում է պարտավորեցնել  նախարարությանը փոխհատուցելու նոտարի գործողությունների հետևանքով կրած 9 մլն դրամի վնասը։

Հ. Ղալեչյանը ողջամիտ ժամկետում արդարադատություն չստանալու հետևանքով պատճառված վնասը հատուցելու պահանջով դիմել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն մերժվել է: Վարչապետի դեմ հայց կներկայացվի դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter