HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին

Սույն թվականի մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին: Այս մասին հայտարարություն է տարածվել Կառավարության պաշտոնական կայքում: Այն ամբողջությամբ ներկայացնում եք ստորև.

«Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

2021թ. մարտի 11-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ:

Հանրապետության նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին նույն օրը գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, ղեկավարվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ 2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին»:

Հիշեցնենք, որ 2021թ․ փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչից հետո Փաշինյանը գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդություն ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանին, սակայն վերջինս այդպես էլ չստորագրեց Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծը՝ որոշելով դիմել Սահմանադրական դատարան։ Մարտի 10-ի առավոտյան էլ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter