Ինստիտուցիոնալ հավատարմագրում չանցած բուհերի գործունեությունը կդադարի
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում նորից «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքն էր, զեկուցողը՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Մարտի չորսի ԱԺ նիստին օրենքի նախագիծը նախարարի խնդրանքով չընդունվեց, ուղարկվեց Կառավարություն՝ լրացումներ կատարելու։
Օրինագծում ամենաքննարկվող թեման բուհի ռեկտորի ընտրության հարցն է։ Ըստ նախագծի՝ առաջարկվում է ընտրության համար կազմավորել ինը հոգանոց կառավարման խորհուրդ, որն էլ կընտրի բուհի ռեկտոր, ընդ որում հոգաբարձուների անդամներից միայն չորսը կլինեն բուհի անդամներ՝ դասախոս, ուսանող, մյուս հինգ հոգին կլինեն լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներ։
Մինչեւ նախագծի երկրորդ քննարկումը, բուհի ռեկտորի թեկնածության համար անհրաժեշտ էր գիտական աստիճան, սակայն քննարկումներից, լսումներից հետո ավելացել է նաեւ հինգ տարվա գիտական եւ ակադեմիական ստաժ ունենալու պահանջը։
Նոր փոփոխությամբ՝ ամբիոնի վարիչները վարչականի փոխարեն համարվում են ակադեմիական աշխատողներ։
Նախագծով սահմանվում է նաեւ, որ պետական հավատարմագրում չունեցող բուհերը պարտավոր են մինչեւ 2023-ի նոյեմբերի 1-ը անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում, չանցնելու պարագայում այլեւ չեն կարող կազմակերպել ընդունելության գործընթաց։
Ըստ նախարարի՝ նպատակը մեկն է, որպեսզի բոլոր բուհերն ինչ-որ պահից սկսած աշխատեն նույն կանոններով։ Ուսանողները, որոնք մինչեւ ժամկետի ավարտը կսովորեն բուհում, որը չի հավատարմագրվել, կավարտեն այն, կստանան դիպլոմները, բայց հավատարմագրում չանցած բուհերը ժամկետից հետո չեն գործի։ Նախարարի խոսքով՝ չհավատարմագրված բուհերի ղեկավարներն օրենքի ընդունումից անմիջապես հետո պետք է ձեռնամուխ լինեն գործընթացի կարգավորմանը։
Հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանը հարց հնչեցրեց՝ արդյոք ռեկտորի պաշտոնավարման տարիքը հակասահմանադրական չէ՞, քանի որ ըստ նախագծի՝ առաջարկվում է ռեկտորի պաշտոնավարման տարիքը ընտրել միչեւ 70 տարեկանը, որին ի պատասխան՝ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն էլ պատասխանեց՝ որեւէ հակասահմանադրական կետ չկա։
Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ ռոտացիայի վերացմանը, ըստ նրա՝ օրենքն ամբողջությամբ փոխում է համակարգը՝ օրինակ՝ կրթաթոշակը ստանում է ուսանողը, ոչ թե բուհը։ Այսինքն՝ աշակերտն ընտրում է մասնագիտությունը, հանձնում ընդունելության քննությունները, եւ ինքը որոշում՝ որ բուհում շարունակի ուսումը։ Բարձր գնահատականներ ստացած ուսանողները ստանում են կրթաթոշակ պետությունից։
Նախագծով առաջարկվում է կրթաթոշակների տրամադրելուց հետո հաշվի առնել ուսանողի մեկ տարվա ՄՈԳ-ը, եւ եթե 10%-ից ավելի շեղում ունի ուսանողը, կզրկվի կրթաթոշակից։
Օրենքում փոփոխություններ են եղել նաեւ ուսանողական խորհուրդների վերաբերյալ. ուսանողների կողմից ձեւավորված խմբերը կանվանվեն ուսանողական միավորումներ։ Պատգամավորի խոսքով՝ մոնոպոլիզացիան դուրս է գալու, մի մարմնի փոխարեն ուսանողները կարող են ստեղծել մի քանի ինքնակարգավորվող մարմին՝ կսահմանվի բուհի որոշմամբ։ Այս դրույթը կուսակցականացվածությունը կհեռացնի բուհերից։
Նիստի ընթացքում գիտության ֆինանսավորման վերաբերյալ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ հանդիպումներ են ունեցել գիտության ոլորտի մասնագետների հետ, եւ նախատեսվում է առնվազն մինչեւ 5 մլրդ դրամով ավելացնել գիտության բյուջեն, այս ուղղությամբ քննարկումները շարունակվում են։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ նշեց, որ Կառավարությունը մտադիր է հենց այս տարի 2,7 մլրդ դրամով ավելացնել գիտության ֆինանսավորումը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել