HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր վերաբերյալ սուտ մատնություն կատարելու հաղորդման շրջանակներում ԱԱԾ-ում բացատրություն է տվել

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունում՝ իր դեմ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Այժմ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում։ «Հետք»-ի հետ զրույցում Էնիբեգովայի պաշտպան Միքայել Շխիմյանն ասաց, որ այսօր իր վստահորդը բացատրություն է տվել։

Նշենք, որ այն օրերին, երբ «Քառյակ  մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն ու այլ անձինք Gagik Soghomonyan ֆեյսբուքյան օգտատիրոջ գործով բերման էին ենթարկվել, ԱԱԾ է տարվել նաև Էլիբեգովան։

Անդրադառնալով ադրբեջանագետին ԱԱԾ տանելու հանգամանքին՝ Վահե Խանդիլյանն, ով ֆեյսբուքում գրանացված է  «Ваик Хан (Վահե Խանդիլյան)» անունով, գրառում է կատարել՝ Էլիբեգովային մեղադրելով դավաճանության մեջ։

«Էս չեք այ տխմարներ: ԱԱԾ դավաճանության հոդվածով ադրբեջանագետ ՀՀԿ անդամ Անժելա Էլիբեգովայի համակարգիչն է առգրավել, որի մեջ է եղել նաև վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ամբողջական զեկույցը, որը պիտի հանձնվեր ՄԻՊ-ին, բայց դա նա փոխանցել է Ադրբեջանին, որի դիմաց ստացել է գումար։ Նա և Արա Սաղաթելյանը (Իշխան Սաղաթելյանի եղբայրը) բերման են երթարկվել»,- գրել է Վահե Խանդիլյանն, ով ֆեյսբուքի իր էջում ներկայնանում է որպես հասարակական և քաղաքական գործիչ, «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամ։ Միքայել Շխիմյանը մեզ հետ զրույցում դիտարկեց, որ Էլիբեգովան ՀՀԿ անդամ չէ, ինչպես նաև Իշխան Սաղաթելյանն՝ Արա Սաղաթելյանի եղբայրը։

Պաշտպանն ասաց, որ վերը նշված գրառումն արտատպել են նաև որոշ լրատվամիջոցներ, և Էլիբեգովայի նկատմամբ հոդվածների մեկնաբանություններում սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ են հնչել՝ ընդհուպ նրան վառելու վերաբերյալ։

Այս ամենից հետո է Էլիբեգովան որոշել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

Նշենք, որ Gagik Soghomonyan օգտատիրոջ գործի շրջանակներում ԱԱԾ-ն առգրավել է Անժելա Էլիբոգովայի հեռախոսն ու համակարգիչը և մինչև այս պահը դրանք նրան չեն վերադարձվել։

Լուսանկարը՝ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքի էջից։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter