Կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցում կառավարության գործունեությունը գնահատող քննիչ հանձնաժողովի ժամկետը կարող է երկարաձգվել
Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հարցը:
Այն ներկայացրեց քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը: Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել է ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ: Խաչատրյանը հիշեցրեց, որ պատերազմի պատճառով հնարավոր չի եղել ապահովել հանձնաժողովի գործունեությունը, և քննիչ հանձնաժողովն իր լիազորություններն իրականացրել է միայն վերջին երկու ամիսների ընթացքում:
«Որպեսզի կարողանանք տրամաբանական ավարտին հասցնել հանձնաժողովի աշխատանքները, անհրաժեշտ է ժամկետի երկարաձգում, այն ընդունվելու պարագայում կերկարաձգվի վեց ամիս ժամկետով»,-ասաց Խաչատրյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց, թե ինչ է լինելու հանձնաժողովի ճակատագիրն արտահերթ ընտրությունների պարագայում:
Խաչատրյանն արձագանքեց` մինչ ամսվա վերջ ակնկալում են կառավարությունից պատասխան և այն ստանալու դեպքում, կլինի լայնածավալ տեղեկատվություն դրանք վերլուծելու համար: Ըստ հանձնաժողովի նախագահի` եթե խորհրդարանի լուծարման դեպքում քննիչ հանձնաժողովը չավարտի աշխատանքները, աշխատանքը կորսված չի համարվի, կփոխանցի հաջորդ գումարման խորհրդարանին:
Միրզոյանը խորհուրդ տվեց աշխատանքները այնքանով, որքանով արված կլինի, ամփոփել և հրապարակել մինչ խորհրդարանի լուծարումը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հայտարարված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Մեկնաբանել