
Լիլիթ Մակունցը հրաժարվեց հարցին պատասխանելուց՝ Նիկոլ Փաշինյանը անփոխարինելի է, թե ոչ
«Իմ քայլը» խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել` անցում կատարելով ամբողջությամբ համամասնական համակարգին և նոր օրենսգրքով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ըստ նրա` այժմ այդ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում, ուստի վերջնական դիրքորոշում չի կարող հայտնել:
«Հույս եմ հայտնում, որ առաջիկայում որոշում կկայացվի, բայց փոփոխությունները պետք է ենթադրեն պարզեցում և՛ ԿԸՀ-ի, և՛ հիմնական դերակատարների համար»,- ասաց նա:
Հարցին, թե ով է գլխավորելու իշխող ուժի համամասնական ցուցակը, Մակուցն արձագանքեց` ակնհայտ է, որ այն կգլխավորի վարչապետը: Ինչ վերաբերում է ցուցակի կազմին, Մակունցը նշեց, որ այդ մասին քննարկումներ անելը դեռ վաղ է:
Դիտարկմանը, որ Փաշինյանը վարկաբեկված անձ է, ինչու է ՔՊ-ն նրա դեմքով գնում ընտրությունների, արդյոք վերջինս անփոխարինելի է, Մակունցը կոչ արեց վիրավորական արտահայտություններ չանել: Իշխող ուժի խմբակցության ղեկավարը այդպես էլ չպատասխանեց` Փաշինյանն անփոխարինելի է, թե ոչ:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հայտարարված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեմ է Ընտրական օրենսգրքում փոփոխություններին, վերջինս պնդում է, որ խաղի կանոնները պետք է հստակ լինեն:
Մեկնաբանել