HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Միրզոյանը կոչ արեց կողմ քվեարկել ռազմական դրությունը չեղարկելու ընդդիմության նախագծին

Խորհրդարանի հերթական նիստում կրկին քննարկվում է ռազմական դրությունը չեղարկելու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած նախագիծը: Այն ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Առաջարկում եմ կառուցողական դաշտում գտնվենք, ու այս հարցը խորհրդարանի մակարդակում լուծենք»,- ասաց նա:

Մարուքյանը հիշեցրեց, որ խորհրդարանական ուժերի միջև ձևավորվել է կոնսենսուս, և նշանակվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր, ուստի քաղաքական ճգնաժամը հանգուցալուծված է, և կարիք չկա պահպանել ռազմական դրությունը:

Մարուքյանը նաև նշեց, որ ռազմական դրության պատճառով տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններ չեն լինում:

Նախագծի հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը պնդեց, որ ռազմական դրության պայմաններում քաղաքացիների իրավունքները չեն սահմանափակվել, դրա վառ վկայությունն է Բաղրամյան պողոտայում, Դեմիրճյան փողոցում տեղի ունեցող հանրահավաքները:

Խաչատրյանի խոսքով` հանձնաժողովի նիստում առաջարկ է եղել, որ իրավասու մարմինները քննարկեն այդ հարցը, և ռազմական դրության չեղարկման ժամկետ իրենք որոշեն, քանի որ երկրում զորավարժություններ էին ընթանում: Խաչատրյանը նշեց, որ նախորդ քննարկումից քանի որ օրեր են անցել, կարելի է քննարկել ռազմական դրությունը չեղարկելու հարցը: Քաղաքական մեծամասնության պատգամավորը պնդեց` ռազմական դրության պահպանումը որևէ քաղաքական կոմպոնենտ չունի:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արտահերթ ելույթով անդրադարձավ հարցին` ընդգծելով, որ անհիմն են պնդումները, թե ռազմական դրության երկարաձգումն ունի որևէ ներքաղաքական դրդապատճառ, և փողոցում վրանների առկայությունը դրա լավագույն ապացույցն է:

Միրզոյանի խոսքով` լավագույն լուծումն այն կլիներ, որ կառավարությունն ինքն ամփոփեր ռազմական դրությամբ պայմանավորված աշխատանքները և նախաձեռներ ռազմական դրությունը չեղարկելու հարցը, սակայն այսպես թե այնպես՝ հայտարարված արտահերթ ընտրություններով պայմանավորված ռազմական դրությունը պետք է չեղարկվի:

Հիշեցնենք, որ վարչապետը ռազմական դրության պայմաններում չի կարող հրաժարականի դիմում ներկայացնել: Միրզոյանը կոչ արեց կողմ քվեարկել ընդդիմության նախաձեռնությանը և չեղարկել ռազմական դրությունը` խուսափելով շահարկումներից:

Սեպտեմբերի 27-ից կառավարության որոշմամբ հայտարարվել է ռազմական դրություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter