HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1-ին կարգի հաշմանդամություն ունեցող Գագիկի թոշակը 1 տարի 7 ամիս է՝ չեն տրամադրում

Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող Գագիկ Ղուկասյանի 18 տարեկանը լրացել է 2019 թ.-ի օգոստոսի 14-ին։ Այդ օրվանից մինչ օրս Գագիկի ծնողները՝ Կարենն ու Մելինեն, չեն կարողանում ստանալ ի ծնե հաշմանդամություն ունեցող իրենց երեխայի թոշակը՝ յուրաքանչյուր ամսվա համար հատկացվող 26 հազար դրամը։

Ծնվելու ժամանակ վնասվել է Գագիկ Ղուկասյանի կենտրոնական նյարդային համակարգը։ «Ինքը հասկանում է, որ մենք խոսում ենք։ Հանգիստ է սիրում։ Չի բռնում, չի քայլում։ 6 ամսական երեխային ոնց են պահում, այդպես պահում ենք։ Ամբողջ գիշեր կարող է ցավ ունենա ու չքնի։ Ոչ մի բառ չի խոսում, չես կարողանում հասկանալ՝ ինչն է անհանգստացնում։ Տարօրինակ ձայներ է հանում»,– տղայի հիվանդության դրսևորումներն է նկարագրում մայրը՝ Մելինե Դանիելյանը։

Գագիկի 18 տարեկանը լրանալուց հետո հայրը գնացել է զինկոմիսարիատ, որպեսզի փաստաթղթեր տրամադրեն հետագայում անձնագիր ստանալու նպատակով։ 4-5 ամիս ժամանակ է պահանջվել հորից անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար։

Գագիկ Ղուկասյանը մինչև չափահաս դառնալը ունեցել է հաշմանդամության կարգ, սակայն անհրաժեշտ է, որ չափահաս դառնալուց էլ ստանա այդ կարգը։

Զինկոմիսարիատից ձգձգումը բացատրել են նրանով, որ բժշկական հանձնաժողովն արձակուրդում է։ Ապա մտավախություն են ունեցել, որ եթե փաստաթուղթ տրամադրեն հորը, գուցե զորակոչային տարիքով պայմանավորված նրան ՀՀ–ից տեղափոխեն։

«Հաշմանդամության բոլոր թղթերն իրենց դիմացը դրած է, որ չի քայլում, որ նույնիսկ իր ձեռքով գդալը չի բռնում»,- ասաց հայրը՝ շարունակելով, որ դրանից հետո կարողացել է տղայի համար նույնականացման քարտ ստանալ։ Դրանից հետո բժշկական փորձաքննություն է իրականացվել և Գագիկ Ղուկասյանին ցմահ տվել են հաշմանդամության 1-ին կարգը։

Աշխատանքի և սոցիալական հացերի նախարարության տարածքային ստորաբաժանումից հավաստիացրել են Գագիկի ծնողներին, որ 18 տարեկանից հետո ամեն ամսվա համար թոշակը հատկացվում է, բայց մինչև նոր կարգը չստանան և խնամակալության հարցը չորոշվի այդ գումարին չեն կարող ձեռք տալ (հաշվից կանխիկացնել հնարավոր չի մինչ այդ)։

Հաշմանդամության կարգը ստանալուց հետո ծնողները որոշել են փոխել խնամակալին։ Եթե մինչև 18 տարին հայրն է հանդիսացել խնամակալ, ապա չափահաս դառնալուց հետո ծնողները որոշել են, որ ավելի նպատակահարմար է մայրը դառնա խնամակալ։ Այդ նպատակով դիմել են դատարան, որից հետո բուժզննման փուլեր են անցել և 2021 թ.-ի հունվարի 26–ին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով Գագիկ Ղուկասյանը ճանաչվել է անգործունակ, իսկ Մելինե Դանիելյանը դարձել է չափահաս որդու խնամակալը։ Դատարանի վճիռն ուշ է կայացել, քանի որ ամբուլատոր փորձաքննությունը մոտ 5 ամիս ձգձգվել է (պատճառաբանել են, որ ծանրաբեռնված են)։

Դատարանի վճռին հաջորդել է համայնքի հոգաբարձուների խորհրդի որոշումը։ Կոտայքի մարզի Քասախ համայնքի հոգաբարձուների խորհուրդը տրամադրել է անհրաժեշտ փաստաթուղթը։ Դրանից հետո փաստաթղթերը ներկայացրել են Եղվարդի սոցիալական ապահովության բաժին։

«Ասեցին ապրիլին կստանաք երեխայի մարտ և ապրիլ ամիսների թոշակը։ Մնացած 7 ամիսն ասեցին՝ չես ստանալու, իսկ դրան նախորդող 1 տարին, որը հոր անունով էր, դիմում է գրել։ Հիմա հունվար ամսից դիմում է գրել, պատասխան չկա»,– ներկայացրեց Գագիկի մայրը։ Բացի այդ, ծնողներին բանավոր հայտնել են նաև, թե քանի որ երեխան մինչ չափահաս դառնալը ՌԴ–ում է բնակվել, պետք է պարզեն՝ արդյո՞ք ՌԴ-ում թոշակ ստացել է, թե ոչ։ Մելինե Դանիելյանը վստահեցնում է, որ երեխան չէր կարող այնտեղ գումար ստանալ, քանի որ նույնիսկ փաստաթուղթ չի ունեցել։ Ծնողներին հայտնել են նաև, որ վերջին 7 ամսվա թոշակը ստանալու համար էլ դիմելու ժամկետը բաց են թողել։

Պարզաբանում ստանալու նպատակով «Հետք»-ը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter