HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագիծը

«Այս երկու շաբաթն օգտակար եղավ, բարելավվեց օրենքը, կազմակերպվեցին լրացուցիչ քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ, ռեկտորների հետ եղավ հանդիպում Աժ-ում», - այս մասին Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Այսօր Աժ-ում երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագիծը։

Անդրադառնալով առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարած փոփոխություններին՝ նախարարը նշեց դրանցից մի քանիսը։ Նոր նախագծով առաջարկվում է փոխել ռոտացիոն համակարգը, ռեկտորի ընտրության կարգը, պարտադիր է դառնում բուհերի ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման կարգը։ Օրինագծի ամենաքննարկված դրույթը ռեկտորի ընտրության կարգն է, որի վերաբերյալ քննարկումների ընթացքում իրարամերժ կարծիքներ են հնչել։

Նախարարը նորից ներկայացրեց ռեկտորի ընտրության կարգը՝ նշելով, որ փոփոխություններում ավելացել է այն կետը, որ ռեկտորի թեկնածուն պետք է ունենա նաեւ հինգ տարվա ստաժ գիտական կամ ակադեմիական ոլորտում, իսկ ընտրություն կկատարեն հոգաբարձուների խորհրդի ինը անդամները։

Հավելեց, որ կարեւորագույն փոփոխություն է ռեկտորի տարիքային շեմի փոփոխությունը. առաջին ընթերցումից հետո շեմը 65 տարեկանից դարձել է 70, ռեկտորն ընտրվում է հինգ տարի ժամկետով, իսկ 70 տարեկանը լրանալուն պես չի կարող պաշտոնավարել։

Մյուս դրույթը վերաբերում է ուսանողական միավորումներին, որոնք կփոխարինեն ուսխորհուրդներին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարց ուղղեց նախարարին՝ ինչպե՞ս պետք է աշխատեն մարզային բուհերը եւ ինչպես անել, որ վերջիններս եւս ապահովվեն որակյալ մասնագետներով։

«Բոլոր բուհերի վերաբերյալ ունենք ստանդարտ վերաբերմունք, այն է՝ ցանկացած բուհ պետք է լինի բուհ՝ անկախ նրանից՝ մարզում է, թե մայրաքաղաքի կենտրոնում։ Դրան են ուղղված ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման դրույթները։ Հուսով եմ, որ բոլոր բուհերը կունենան կադրային բազա, որպեսզի շարունակեն գործունեությունը, առանձին խնդիրները կլուծվեն առանձին մոտեցմամբ»,- հարցին ի պատասխան ասաց Վահրամ Դումանյանը։

Սրբուհի Գրիգորյանը հավելեց, որ ինքը մի հարթության վրա չի դնում մարզային եւ մայրաքաղաքային բուհերը, քանի որ, օրինակ, մարզային բուհերում ժամավճարային կարգով աշխատող «ասիստենտները սեմեստրում ստանում են վեց հազար դրամ աշխատավարձ»։

-Սա կարող՞ է մոտիվացիա հանդիսանալ, որ ասիստենտն իր վրա աշխատի, գիտության թեկնածու դառնա եւ դասախոսի,- հարցրեց պատգամավորը։

ԿԳՄՍ նախարարն էլ պատասխանեց՝ պետք է այնպես անել, որ աշխատանքը դառնա հրապուրիչ, իսկ դրան հասնելու համար որոշակի քայլեր են պետք, որոնք կիրականացվեն ժամանակի ընթացքում։ «էս պահին լուծում չեմ կարող առաջարկել»,- հավելեց Դումանյանը։

Պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ ընթերցեց ռեկտորների խորհրդի կարծիքը նախագծի վերաբերյալ։ Նշեց, որ ըստ խորհրդի՝ բուհերի կառավարման խորհրդի ձեւավորման դրույթը հակասում է բուհական ինքնավարության սկզբունքին։

-Առանց կոնսենսուսի ինչպե՞ս եք պատկերացնում նույն օրենքի շրջանակում միասին աշխատանքը,- հարցրեց Թովմասյանը՝ հավելելով, որ ցանկությունը մեկն է՝ մրցունակ կրթություն ունենալ։ Պատգամավորը ընթերցեց պետական բուհերի ռեկտորների խորհրդի հավաքական կարծիքն օրինագծի վերաբերյալ։ «Կառավարման խորհրդի ձեւավորման կարգի եւ անդամների թվային հարաբերակցության այս կարգավորմամբ ամբողջովին խախտվում են Հայաստանում բուհական ինքնավարության համակարգի հիմքերը, քանի որ բուհի բարձրագույն կառավարման մարմինը ձեւավորվելու եւ կառավարվելու է ոչ թե բուհական հանրույթի, այլեւ պետական լիազոր մարմնի միջոցով։ Որոշումները կայացվել են դրսից՝ փաստացի զրկելով բուհական հանրույթին որոշումների վրա ազդելու եւ նույնիսկ ներազդելու հնարավորությունից, ավելին՝ անդամների նշված հարաբերակցությամբ խորհրդի կազմը հնարավորություն է տալու լիազոր մարմնին լիարժեք վերահսկելու բուհի հետ կապված որոշումների ընդունումը։ արդյունքում բուհերը հայտնվելու են օրվա քաղաքական իշխանության անմիջական ազդեցության ներքո եւ զրկվելու են ինքնուրույն գործելու հնարավորությունից»,- նշեց Թովմասյանը, որին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ խորհրդում քաղաքական գործիչներ չեն լինելու, դրսից որոշումների կայացումը չի արտահայտում իրականությունը, որովհետեւ հանրային բուհի հիմնադիրը Կառավարությունն է, իսկ 5/4-ը իրականում պետք է 9/0 լինի, 9-ին էլ Կառավարությունը պետք է նշանակի։

Նախարարը նշեց՝ նպատակը այն է, որ վերահսկողությունը լինի պետության ձեռքում։

Պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ իր ելույթում նշեց, որ արդեն հինգ-վեց տարի է այս օրենքը տարբեր ձեւերով գալիս է խորհրդարան, եւ արդեն կասկածներ ունի, թե երբ կհասնեն վերջնակետին։

Ըստ Հովհաննիսյանի՝ օրենքը պետք է ընդունվի, այնուհետեւ հնարավոր է փոփոխություններ արվեն։

Հարցի քննարկումն այսօր ավարտվեց, վաղը կլինի նախագծի քվեարկությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter