HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ բալին բերին, փակ տվին, ո՛չ կարեցա էրեխուս գրկեմ, ո՛չ կարեցա զգամ»

Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի եղեւնիներով ճանապարհը ձգվում է դեպի Մոնթեի Մհերենց տուն։ Մհերին այսպես էին անվանում, քանի որ սովորում էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Խարխուլ ճանապարհի վերջում սեւազգեստ մի կին է կանգնած, կողքին՝ շեկլիկ շունը՝ Բոքոնը։ Մհերենց տան տեղը ճշտելու կարիք չկար։ Հասկանում ենք, որ կինը հենց Մհերի մայրն է՝ Նանար Գրիգորյանը, ում հետ հեռախոսով ճանապարհին էինք խոսել։

Բոքոնը նոր է ձագեր հանել եւ ուշադիր է անցորդների, տուն եկող-գնացողի նկատմամբ։ Տան շքամուտքի մոտ դրված հին բազմոցին կատուն է, որին Մհերը սիրում էր։ Անձրեւի ժամանակ ամեն անգամ Մհերը փաթաթվում էր ծածկոցի մեջ ու նայում կաթիլներին։ Տեսարանը հանգստացնում էր նրան։

-Սա իմ սրբատեղին է,- տան դուռը բացելուց հետո մայրը մոտենում է Մհերի լուսանկարների անկյունին։ Մեծ լուսանկարի մոտ թարմ վարդեր կան ու մի վառվող մոմ։ Մենք լուռ նայում ենք լուսանկարները։ Հետո նստում ենք բազմոցին։

Երբ Մհերը երրորդ դասարանում էր սովորում, ընտանիքն Էջմիածնի Զվարթնոց թաղամասից տեղափոխվել էր Ոսկեհատ գյուղ, որտեղ մինչեւ 2019 թ․ վարձով են ապրել։ 18 տարի վարձով բնակվելուց հետո սեփական տանիքն են ունեցել։ Նախքան զորակոչվելը Մհերը հասցրել էր վերանորոգման փոքր աշխատանքներ անել՝ հատակն էր բետոնապատել, քրոջ սենյակի պատերն էր ներկել, դռներն էր տեղադրել։ Տնեցիներին ասել էր, որ գոնե մինչեւ բանակից իր գալը պատերը գաջեն, ինքը կգա ու մնացած աշխատանքը կանի։

Տան ներսն ավելի սառն է թվում։ Ջեռուցման համար այս տարի փայտ չեն կարողացել գնել, իսկ գազ անցկացնելու ծախսն էլ ընտանիքի համար փոքր չէ։

Նանարի կողքին դուստրը՝ Սաթենն է նստել։ Երեխաներից ավագը Մհերն էր՝ 2002-ին է ծնվել։ Դպրոցական տարիներին քույր ու եղբայր միասին երաժշտական դպրոց էին հաճախում, Մհերը՝ դուդուկի, Սաթենը՝ քանոնի։ Երբ գնացել էին դուդուկ գնելու, վաճառողն այն նվիրել էր Մհերին։ Բայց 4 տարի սովորելուց հետո նա կիսատ էր թողել ուսումը՝ մորն ասելով, թե դուդուկն իրենը չէ։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ Նանարն ասում է, որ դեմ էր որդու որոշմանը, նրան ասել էր, որ զինվորականի գործը դժվար է։ Բայց Մհերը պատասխանել էր, թե բանակին գրագետ զինվորականներ են պետք։

Սաթենն ասում է, որ եղբայրը շատ հոգատար էր։ Ամեն անգամ վարժարանից գալուց պայուսակը դնում էր սենյակում ու իրեն կանչում, թխվածքաբլիթ ու շոկոլադ տալիս: «Ինձ միշտ ասում էր՝ քուրիկ, դու իմ մի հատիկն ես, քեզ պիտի լավ պահենք»,- պատմում է Սաթենը։ Մի անգամ էլ՝  դպրոցական տարիներին, Մհերն ամռանը դաշտում ձմերուկ հավաքելու դիմաց աշխատած գումարով քրոջ հավանած կապույտ զգեստն էր գնել։

Վարժարանն ավարտելուց հետո դիմել էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Բայց քննություններ այդպես էլ չէր հանձնել։ Այդ ժամանակ հայրն ավտովթարից վնասվածքներ էր ստացել ու 7 ամիս անկողնային վիճակում էր։ Նանարը որդուն հորդորել էր հանձնել քննությունները, բայց տղան հրաժարվել էր՝ ասելով, թե ուսանող պահելը ծանր կլինի մոր համար, որն այդ ժամանակ չէր աշխատում։ Մհերը որոշել էր բարձրագույն կրթություն ստանալ բանակից վերադառնալուց հետո։

Մինչեւ զորակոչվելը փաթեթավորող էր աշխատել էլեկտրատեխնիկայի խանութում։ Ամեն անգամ աշխատավարձից քրոջը գումար էր տալիս։ Իսկ երբ գործից տուն էր գալիս, ուղեվարձից կամ ընդմիջման գումարից տնտեսածով քրոջը շոկոլադ, չիփս ու հյութեր էր գնում։ Նանարն ու որդին մի խանութում էին աշխատում։ Միասին էին աշխատանքի գնում։ Աշխատողները զարմանում էին, թե 17-ամյա տղան ինչքան հասուն է իր տարեկիցների համեմատ։

Մեր ամբողջ զրույցի ընթացքում Նանարը լացում է, ձայնը՝ պարբերաբար խզվում։ Արցունքներն ընկնում են նրա սեւ թիկնոցին ու սեղանին դրված անձեռոցիկի տուփից անընդհատ անձեռոցիկ է վերցնում։ Մհերից հետո բոլոր ժամանակաձեւերը ջնջվել են Նանարի համար։

2020 թ. հուլիսի 4-ին որդուն բանակ ճանապարհելու մեծ խնջույք էր կազմակերպել տանը։ Այդ օրը հորդառատ անձրեւ էր ու կայծակ։ Մհերը չէր ուզում, որ մայրը նեղություն կրի։ «Ասում էի՝ բալես, հըլը չես հասկանում, ես քեզ պատվով ճամփում եմ, որ առքով-փառքով էլ ընդունեմ։ Բայց ես էս առք ու փառքը չէի ուզում։ Իմ բալին բերին, փակ տվին, ո՛չ կարեցա էրեխուս գրկեմ, ո՛չ կարեցա զգամ»,- դողացող ձայնով ասում է մայրը։

Սեպտեմբերի 27-ը կիրակի էր։ Նանարի հանգստի օրն էր։ Առավոտյան ամուսինն արթնացրել էր՝ հայտնելով պատերազմի լուրը։ Երեք օր շարունակ զանգել էին Մհերին, բայց հեռախոսն անհասանելի է եղել։ Զինծառայության առաջին 40 օրը նա Մարտունիում էր, հետո տեղափոխել էին հարավ՝ Արալեռ։ Երբ երրորդ օրը հաջողվել էր կապվել Մհերի հետ, տղան հանգստացրել էր ծնողներին՝ ասելով, թե ամեն ինչ լավ է, ու իրենք հեռու են մարտական գործողություններից, չնայած իրականում հենց կիզակետում էին։ «Որ ձենը լսեցի, ասեց՝ մամ ջան, ես լավ եմ, ասում էի՝ որտե՞ղ ես, տեղդ ասա, իմանամ, ասում էր՝ մամ, սաղ տեղերն իմացար, էս մեկը չգիտե՞ս․․․ Ասում էր՝ մամ, ըտեղից չի երեւում։ Մի անգամ էլ խոսելու ժամանակ մեկ էլ գմփոց լսվեց, ասում էի՝ էդ ի՞նչ էր, ասեց՝ էրեխեքի ձեռքից բան ընկավ»,- պատմում է Նանարը։

Պատերազմի ողջ ընթացքում Մհերն այդպես էլ չէր ասել իր գտնվելու վայրը։ Երբ մայրը մի անգամ էլ  էր զանգել նրան, պատասխանել էր մարտական ընկերներից մեկը, ով նաեւ ընտանիքի ծանոթներից է։ «Վախեցա, ասի՝ ո՞ւր ա Մհերը, բալես։ Ասեց, Նանար քուրիկ, վազեմ, տամ հեռախոսը Մհերին։ Ասի՝ բա ո՞ւր ես, ասեց՝ սնարյադ ենք տանում հասցնում, պոստերն ենք, առաջին գիծ»,- վերհիշում է Նանարը։

Մհերը հրետանավոր էր։ Հոկտեմբերի 9-ին բարձր տրամադրությամբ տուն էր զանգել։ Հորն ասել էր, որ թշնամու շարասյուն են ոչնչացրել՝ «պապ, մուխները հանել ենք»։ Այդ օրը բոլորի հետ խոսել էր։ Մորն ասել էր՝ «մամ, ստեղ մի հոպար կա, բոլորիս էնքան լավ ա նայում»։ Նանարն ասում է՝ գոնե հարցներ անուն-ազգանունը, իմանար, թե ով էր այդ մարդը։ Սաթենը նկատում է, որ Մհերենց խոցած շարասյան տեսանյութը հետո տարածվել էր համացանցում։

«Հոկտեմբերի 10-ին զանգեց, ասեց՝ մամ ջան, լավ մնացեք։ Ասեցի՝ Մհեր, էս ի՞նչ ես ասում։ Ամեն զանգելուց ասում էր՝ մամ ջան, մեռնեմ սրտիդ, ասում էի՝ ես մեռնեմ քո սրտին, էս ի՞նչ ես ասում։ Հետո չզանգեց, կասկածը մտավ մեջս։ Հետո ինձ խաբեցին, ասեցին՝ անտառներում ա»,- պատմում է Նանարը, ու ինչքան մոտենում ենք այդ օրվա մասին խոսակցությանը, այնքան նրա ձայնը խեղդվում է։

Ես հարցեր չեմ տալիս դեպքի մասին։ Ցուրտ սենյակը լցվում է հոգոցներով, լացի ձայնով։ Ծանր ենք շնչում բոլորս։

«Վերջին անգամ իմացել ենք, որ Ջաբրայիլի ու Ֆիզուլիի արանքում է եղել։ Իրենք տեղավորել էին պուշկաները, բայց ասել են՝ նահանջ։ Ու մինչեւ նստել են մեքենան, ընթացքի ժամանակ խոցել են։ Դա հոկտեմբերի 10-ին էր։ Մեքենայում 4 հոգի են եղել։ Չորսն էլ ամբողջությամբ վառվել են։ Վարորդին ալիքը մեքենայից դուրս է թռցրել»,- նշում է Սաթենը, հետո նրա ձայնը խզվում է։ Մեքենան թիրախավորվել էր անօդաչու թռչող սարքի կողմից։ Ավելի ուշ իմացել էին, որ ադրբեջանական կողմը տեսանկարել է մեքենայի պայթյունը։ Սաթենը հեռախոսով ցույց է տալիս տեսանյութը, որը նրանք ստացել են հրամանատարներից։ Տղաների մարմինները մեքենայից հանել էին հաջորդ օրը, քանի որ, ինչպես հետո պատմել են ընտանիքին, մեքենայում եղած թունավոր նյութերը պիտի վերջնական վառվեին։ «Փաստորեն, երկրորդ անգամ էլ են վառվել»,- ասում է քույրը։

Մհերի զոհվելու մասին ընտանիքն իմացել է 12 օր անց։ Այդ ընթացքում նրա մասին տեղեկություններ են փնտրել։ Ծանոթ մարտական ընկերոջն են զանգել, ով չի կարողացել պատմել տեսածի մասին, ասել է, թե տեղյակ չէ:

«Սպայական կազմից ինձ ոչ ոք չի ասել, որ ձեր տղան զոհվել ա։ Գնացինք Էջմիածնի զինկոմիսարիատ, ասացին՝ Աստված չանի, մի թեթեւ քերծվածք, վիրավորում, 5 րոպե հետո ծնողն իմանում է։ Բայց մեզ ոչ ոք տեղյակ չի պահել»,- ասում է Նանարը։

Մհերի մարմինը գտել են 57 օր հետո։ Նանարը մտածում էր, թե գերի է ընկել, ողջ է որդին։ «Հոկտեմբերյանի անատոմիկում էին նայում, ֆուռերի մեջ էին նայում, ասում էի՝ մի նայեք, իմ էրեխեն էնտեղ չի, սաղ ա, կա»,- հիշում է մայրը։

Մհերի մարմինը ճանաչել են ԴՆԹ հետազոտության միջոցով։ «Ես չեմ իմացել, թե ինձ ուր են տանում։ Հերացի հիվանդանոցի մոտ էինք։ Էնտեղ լիքը մարդ կար, արդեն գիտակցություն չունեի, ասում էի՝ տղա ջան, կարո՞ղ ա իմ բալեն էստեղ լինի, վիրավոր լինի։ Ես չգիտեի, թե դա որտեղ ա։ Մի շաբաթ հետո իմացել եմ, որ դա Հերացու մորգն ա եղել»,- Նանարի արցունքները հորդ անձրեւի պես են։ Ոչ մի խոսք ու ոչինչ նրան չի կարող սփոփել։ «Երբ քո կյանքի գույները կորում են, երբ քո կյանքի իմաստը կորում ա, ես հիմա ո՞նց ապրեմ, ո՞ւմ համար ապրեմ։ Քո տունը դառել ա քո էրեխու գերեզմանը»,- ասում է մայրը։

Մհերին հուղարավորել են Արմավիրի մարզի Պտղունք գյուղում։ Գերեզմանը սարքելու համար գումարի մի մասն են տվել, մյուս մասի համար խոստացել են վճարել իրենց հին մեքենայով: Հիմա տանը միայն Նանարն է աշխատում։ Ամուսինը առողջական խնդիրներ ունի, բայց երբեմն այդ հին մեքենայով տաքսի է վարում։ Պետությունն ընտանիքին 700 հազար դրամ է տվել որպես թաղման ծախսերի փոխհատուցում։ «Ողորմություն չես խնդրում, քո էրեխու արյան գինն ա։ Ինձ պետք ա, որ իմ էրեխու գերեզմանը սարքեմ, էդ իմ սրբատեղին ա։ Ամեն օր իմ էրեխու մոտ եմ գնում։ Ասում են՝ էդքան շատ մի գնա, բայց ո՞նց կարաս չգնաս»,- նշում է Նանարը։

Սաթենն ասում է, թե շրջապատում բոլորը երանի էին տալիս, որ ինքը Մհերի պես եղբայր ունի։ Զորակոչվելուց հետո մոր մոտ գումար էր թողել, որ քրոջ ծննդյան օրը նվեր ու ծաղիկներ գնի։ Մհերի անունից սպիտակ վարդեր էին գնել։ Եղբոր զոհվելու մասին իմանալուց հետո Սաթենը երկու անգամ վատացել էր, շտապօգնությամբ հիվանդանոց էին տարել։

«Ինքն ինձ համար մի ուրիշ աշխարհ էր։ Իր կարիքը ահավոր շատ ունենք, անասելի ա էս կարոտը, ցավը»,- ասում է քույրը։ Հիմա Մհերին փնտրում են երազներում, ու դրանից կարոտն ավելի է սաստկանում։ «Մհերին զինվորական շորերով եմ տեսել երազիս մեջ։ Ասում էի՝ Մհեր, էս ո՞ւր ես գնացել, ինչի՞ տուն չես գալիս, կարոտել եմ քեզ շատ, ասում էր՝ էդ իմն էր, ես պիտի գնայի, էդ շուտվանից էր որոշված»,- պատմում է Սաթենը։

«Ամեն օր գնացել եմ եկեղեցի, ծնկաչոք խնդրել եմ Աստծուն, որ իմ կյանքը վերցնի, մենակ թե իմ էրեխուն չվերցնի։ Իմ տղեն 5-րդ տարվա մեջ ա ծնվել՝ ապրիլի 10-ին, հոկտեմբերի 10-ին խլել ա, իմ վերջին օրը պիտի լիներ, բայց ոչ իրենը»,- ասում է մայրը։

Հետո մոտենում ենք Մհերի անկյունին։ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ «Ինչի՞ս է պետք»,- ասում է Նանարը։

Մհերի սիրած անձրեւային եղանակը հիմա տան ներսում է, որտեղ, սակայն, ծածկոցով չեն փաթաթվում ու չեն հանգստանում անձրեւի ձայնից։ Այստեղ ցավն ու կարոտը շաղախվել են այդպես էլ չգաջած պատերին։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter