HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ըստ Վաղարշակ Հարությունյանի՝ զինված ուժերը մեկ շտաբի պետ ունի

Հայաստանի զինված ուժերն ունի գլխավոր շտաբի մեկ պետ և գեներալներ, որոնք նախկինում շտաբի պետ են եղել: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ասաց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը` անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվել էր նաև՝ ինչ ռեֆորմներ են սպասվում բանակում:

«Պատերազմից հետո ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում փոխվել է, մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է, և դե ֆակտո գործ ունենք թուրքական բանակի հետ: Բնական է՝ որպեսզի կանխենք այդ սպառնալիքը, պետք է համապատասխանեցնենք մեր բանակի ստրուկտուրան, հայ-ռուսական հարաբերությունները այս ստեղծված սպառնալիքին»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ 2021թ․ փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչից հետո Փաշինյանը գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդություն ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանին, սակայն վերջինս այդպես էլ չստորագրեց Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծը՝ որոշելով դիմել Սահմանադրական դատարան։ Մարտի 10-ի առավոտյան էլ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ Արտակ Դավթյանը մարտի 22-ից իրավունքի ուժով նշանակվել է շտաբի պետ:

Վաղարշակ Հարությունյանի խոսքով` բարեփոխումների արդյունքում վերանայվելու է սպայի դերը, բարձրանալու է զինվորական ծառայության գրավչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter