
Նիկոլ Փաշինյան. «Հանդիպումների ժամանակ արձանագրվել է, որ խմբակցությունները դեմ չեն ընտրակարգի փոփոխությանը»
Ընտրական օրենսգրքի ընտրակարգը պայմանավորվածությունների մաս չի եղել: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվել էր, թե որն է վերջինիս դիրքորոշումը սպասվող արտահերթ ընտրությունների ընտրակարգի վերաբերյալ` այն լինելու է գործող, թե նոր օրենսգրքով:
«Ես բոլոր քննարկումներում հարց եմ ուղղել մեր գործընկերներին, այդ թվում խորհրդարանական, թե իրենք ինչ կարծիք ունեն ընտրակարգի վերաբերյալ, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգը լինի՞, թե՞ չլինի: Ըստ էության՝ մեր խոսակցությունների ժամանակ արձանագրել ենք, որ թե՛ «Բարգավաճ Հայաստանը», թե՛ «Լուսավոր Հայաստանն» այս հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը, խնդիր չունեն ռեյտինգայինը կլինի, թե չի լինի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` խորհրդարանական մեծամանությունը քննարկումներ է ունեցել արտախորհրդարանական ուժերի, քաղհասարակության ներկայացուցիչների հետ, և որոշում է կայացրել, որ ընտրությունները պետք է լինեն համամասնական ընտրակարգով:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր Փաշինյանը: Վերջինս հայտնեց, որ հայտարարության տեքստը նախապես համաձայնեցված է եղել խորհրդարանական ուժերի հետ:
«Հանդիպումների ժամանակ արձանագրվել է, որ խորհրդարանական խմբակցությունները դեմ չեն ընտրակարգի փոփոխությանը, ասվել է, որ կողմ չենք քվեարկի, որովհետև չենք ուզում կիսել քաղաքական պատասխանատվությունը: Եթե ուզում եք փոխել, փոխեք, մենք խնդիր չունենք, առնվազն դեմ չենք արտահայտվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ մինչ ընտրությունների օրը հայտարարելը «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել Ընտրական օրենսգրքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, ըստ որի՝ առաջարկվում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը և անցում կատարել ամբողջությամբ համամասնական ընտրակարգին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, սակայն, ավելի վաղ ասել էր, որ դեմ են օրենսգրքի փոփոխությանը, քանի որ ընտրությունների օրը հայտարարելուց հետո խաղի կանոնները պետք է հստակ լինեն:
Մեկնաբանել