Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է AstraZeneca-ն
Կայացել է Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվել են AstraZeneca պատվաստանյութով պատվաստված անձանց շրջանում արյան մակարդելիության խանգարումների հետ կապված առկա տվյալները: Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը։
Հանձնաժողովը հաստատել է, որ.
- COVID-19-ի լայնորեն տարածման պարագայում պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը,
- պատվաստանյութը կապված չէ արյան թրոմբոէմբոլիաների առաջացման ընդհանուր ռիսկի ավելացման հետ,
- չկա ապացույց պատվաստանյութի որոշակի խմբաքանակի կամ արտադրական որոշակի խնդիրների վերաբերյալ,
- այնուամենայնիվ, պատվաստանյութը կարող է կապված լինել շատ հազվադեպ հանդիպող թրոմբոցիտոպենիաների հետ, թրոմբոցիտների ցածր մակարդակ՝ արյունահոսությամբ կամ առանց արյունահոսության, հազվադեպ` ներառելով ուղեղի անոթներում թրոմբի առաջացումը:
Ինչպես հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը, Միացյալ Թագավորությունում և եվրոպական երկրներում մարտի 16-ի դրությամբ` պատվաստվել է ավելի քան 20 մլն անձ, որոնցից միայն դիտվել է տարածուն ներանոթային մակարդելիության համախտանիշի 7 դեպք և ուղեղի անոթներում թրոմբի առաջացման 18 դեպք: Այս դեպքերի և պատվաստանյութի միջև պատճառահետևանքային կապն ապացուցված չէ, բայց անհրաժեշտ է շարունակել հետագա ուսումնասիրությունները:
Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովն իր հետազոտություններին ներգրավել է նաև արյան հիվանդությունների մասնագետների և սերտորեն համագործակցել է առողջապահական այլ մարմինների հետ, ներառյալ` Մեծ Բրիտանիայի առողջապահական կանոնակարգող կազմակերպությունների հետ:
Ընդհանուր առմամբ, պատվաստումից հետո արձանագրված թրոմբոէմբոլիաների քանակը շատ ավելի ցածր է, քան ակնկալվում էր բնակչության ընդհանուր պոպուլյացիայում: Դա հնարավորություն է տալիս Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովին հաստատելու, որ թրոմբոէմբոլիաների առաջացման ռիսկի աճ չկա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել