Խոակին Կապառոս․ «Հասկանում ենք, որ հայտնվել ենք բարդ խմբում, բայց փորձելու ենք խաղ առ խաղ առաջ գնալ»
Հայաստանի հավաքականը գիտակցում է, որ բարդ իրավիճակում է գտնվում՝ Գերմանիայի, Ռումինիայի և Իսլանդիայի հավաքականների հետ նույն խմբում հայտնվելով, սակայն փորձելու է խաղ առ խաղ առաջ ընթանալ։ Այս մասին աշխարհի 2022թ․ առաջնության ընտրական փուլի՝ Լիխտենշտայնի դեմ մեկնարկային հանդիպումից առաջ հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
Խոսելով հավաքական հրավիրված նորեկների մասին՝ իսպանացի մասնագետը նշեց, որ նրանք մեծ խանդավառությամբ են ժամանել հավաքական։ Կապառոսն ասում է, որ հույս է կապում բոլոր այն ֆուտբոլիստների հետ, որոնք խաղում են Հայաստանի հավաքականում, և յուրաքանչյուր մրցափուլում հետևում են նրանց։
«Եթե համեմատենք նախորդ մրցափուլի հետ, կան փոփոխություններ։ Հայաստանի առաջնության նախորդ մրցաշրջանում կային թիմեր, որտեղ հայ խաղացողներ հանդես չէին գալիս, սակայն այժմ ֆեդերացիայի ընդունած նորմերով՝ նվազագույնը 4 հայ ֆուտբոլիստ տեսնում ենք դաշտում։ Բացի այդ, այս ամենին զուգահեռ՝ ֆեդերացիան հետևում է նաև արտերկրում խաղացող հայ ֆուտբոլիստներին, որոնք մեծ ցանկություն ունեն համալրելու մեր հավաքականի շարքերը»,- ասաց Խոակին Կապառոսը։ Նա անդրադարձավ նաև հավաքականի հրավեր ստացած 19-ամյա Ժիրայր Շաղոյանին՝ նշելով, որ երբ ազգային ընտրանին հրավեր է ուղարկում խաղացողին, ապա գնահատում է նրա որակները։ Հանդիպումների ընթացքում պարզ կդառնա՝ Շաղոյանը խաղադաշտ դուրս կգա, թե ոչ։
Հավաքականի մարզիչը ընդգծում է, որ հնարավորության սահմաններում ձգտելու են գործել որպես հավասարակշռված թիմ, և փորձելու են անառիկ պահել դարպասը յուրաքանչյուր խաղում։ Եզրափակելով ասուլիսը՝ Կապառոսը չցանկացավ նշել, թե քանի միավոր է ակնկալում վաստակել առաջիկա երեք խաղերից, նա միայն նշեց, որ առայժմ կենտրոնացած են Լիխտենշտայնի դեմ խաղի վրա։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ընդգրկված է աշխարհի 2022թ․ առաջնության ընտրական փուլի J խմբում: Մարտի 25-ին առաջին տուրում մեր ընտրանին Վադուցում կհյուրընկալվի Լիխտենշտայնի ընտրանուն։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։ Մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Հանրապետական մարզադաշտում կընդունի Իսլանիդայի, իսկ մարտի 31-ին՝ Ռումինիայի ընտրանիներին։
Նշված հավաքականների հետ J խմբում են ընդգրկված նաև Գերմանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել