HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ցմահ ազատազրկում պետական դավաճանության և լրտեսության համար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այս փոփոխությունների համաձայն` պետական դավաճանության և լրտեսության համար կարող է սահմանվել ցմահ ազատազրկում:

Պետական դավաճանության համար սահմանվում է քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, լրտեսության համար` տասներկուսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

Պետական դավաճանությունը սահմանվում է հետևյալ կերպ` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության:

Լրտեսությունը սահմանվում է՝ որպես օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, ինչպես նաև՝ օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքելը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, եթե այդ գործողությունները կատարվել են օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter