
Փետրվարին տնտեսական ակտիվությունը 5.3%-ով նվազել է
2021 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5.3%-ով։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) օպերատիվ տվյալները։
Հունվարին, ըստ ճշգրտված տվյալների, գրանցվել էր 8.2% անկում, ինչը նշանակում է, որ փետրվարին անկման տեմպերը որոշակիորեն դանդաղել են։ Այնուամենայնիվ, տնտեսության ոլորտների մեծ մասը շարունակում է բացասական միտումներ գրանցել։
Այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, առավել մեծ անկում է գրանցվել ծառայություններում։ Ոչ մեծ աճ կա շինարարության ոլորտում։
Մասնավորապես, արդյունաբերության ոլորտում գրանցվել է 5.1% անկում։
Առևտրի շրջանառությունը նվազել է 7.8%-ով։
Իսկ ծառայությունների ծավալը կրճատվել է 12.2%-ով։
Շինարարության ծավալներն աճել են 1.1%-ով։
Ինչպես ավելի վաղ գրել ենք, փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 5.3% գնաճ։ Առավել մեծ տեմպով թանկացել է սննդամթերքը։
Ինչ վերաբերում է տարվա երկու ամիսների աճողական ցուցանիշներին, ապա 2021 թվականի հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով։
Ներմուծումն ավելի մեծ տեմպով է նվազում, քան արտահանումը
Այս տարվա առաջին երկու ամիսներին՝ հունվար-փետրվարին, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 925.5 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 12.2%-ով նվազել է։
Հայաստանից արտահանվել է 354.4 մլն դոլարի ապրանք, որը նվազել է 5.5%-ով։
Առավել մեծ տեմպերով նվազում է ներմուծումը։ Երկու ամիսներին այն կազմել է 571.1 մլն դոլար՝ կրճատվելով 15.8%-ով։
Մեկնաբանել