
Դավիթ Գալստյանի և Արմեն Բաղդասարյանի խափանման միջոց կալանավորումը երկարացվել է
Պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու գործով մեղադրյալներ Դավիթ Գալստյանի և Արմեն Բաղդասարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունները բավարարվել են։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց մեղադրյալների պաշտպաններից Արմեն Հարությունյանը։ Նշենք, որ Դավիթ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննել և բավարարել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, իսկ Արմեն Բաղդասարյանի վերաբերյալ որոշումը կայացրել է դատավոր Մեսրոպ Մակյանը։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 1-ին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են։
Գալստյանն ու Բաղդասարյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։
Մեկնաբանել