
Խորհրդարանական ուժերը ընտրակարգի վերաբերյալ կոնսենսուս չունեն
Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրն արդեն հայտարարվել է, սակայն խորհրդարանական երեք խմբակցությունների մոտ չկա կոնսենսուս Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է վերացնել ռեյտինգային ընտրակարգը, «Բարգավաճ Հայաստանը» ձեռնպահ է, «Լուսավոր Հայաստանը» բաց համամասնական ընտրակարգի կողմնակից է:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մարտի 26-ին հրավիրված խորհրդարանական ճեպազրույցներին հայտնեց, որ ԲՀԿ-ն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակով, որը գլխավորելու է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Ինչ վերաբերում է ընտրակարգի ընտրությանը, այստեղ գնդակը իշխանության դաշտում է, իրենք են սահմանելու խաղի այդ կանոնները, մեզ համար շատ ավելի կարևոր է, որ ազատ ու արդար ընտրություններ լինեն` առանց վարչական ռեսուրսի կիրառման»,- ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով` իշխանությունը խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն, հետևաբար կարող է ձայների մեծամասնությամբ որոշել ընտրակարգը: Ըստ նրա` առաջնահերթ խնդիրը իրավիճակի հանգուցալուծումն է ազատ ու արդար ընտրություններով:
«ԲՀԿ-ի համար կարևոր է, որ ընտրությունները լինեն ազատ ու արդար, իսկ թե որ ընտրակարգով, դա խորհրդարանական մեծամասնությունը կքվեարկի ու կընդունի, մենք այդ ընտրակարգով ընտրություններին կմասնակցենք»,- ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորը սակայն չբացառեց, որ հունիսին 20-ին այդպես էլ ընտրություններ չլինեն, պատգամավորը որպես հիմնավորում ներկայացրեց այն, որ Փաշինյանը մի քանի անգամ մի բան հայտարարել է, վերջում այլ որոշում կայացրել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ դեռ 2016 թվականից իրենք առաջարկում են բաց համամասնական ցուցակով ընտրակարգ, որը մերժվեց 2018-ի քննարկումներում: Ըստ Գորգիսյանի` բաց համամասնական ցուցակները ընտրական պրոցեսը դարձնելու են թափանցիկ, դրա շնորհիվ ընտրողները կկարողանան ազդել ցուցակի հերթականության վրա:
«Նաև նպաստել, որ իրենց հոգեհարազատ քաղաքական գործիչը դառնա պատգամավոր, հակառակ պարագայում որոշումը կայացվում է փակ դռների հետևում, մի քանի հոգու կողմից: Կարծում եմ` սրանով լուծում ենք քաղաքական գործիչ ունենալու խնդիրը, պատգամավորը լինում է հաշվետու քաղաքացիներին և ոչ թե կուսակցապետին»,- ասաց Գորգիսյանը:
Ըստ նրա` իշխող ուժը ցանկանում է կոճակ սեղմող պատգամավորներ լինեն իր թիմում, որոնք հաշվետու կլինեն կուսակցության ղեկավարին: Գորգիսյանը սակայն, ընդգծեց` իրենց համար կարևոր է օր առաջ ընտրություններ անելը, կարևոր է ընտրությունների լեգիտիմությունը, անկախ նրանից ընտրակարգը կփոխվի, թե ոչ, միևնույն է, մասնակցելու են ընտրություններին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ հիշեցրեց, որ շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, այն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, նախագծի շուրջ ակտիվ քննարկումներ է ընթանում թե՛ միջազգային կառույցների, թե՛ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Կոնջորյանի խոսքով` ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը եղել է իշխող ուժի քաղաքական հանձնառություններից մեկը, որից չեն հրաժարվել, ու որևէ մեկի համար անակնկալ չէ այն:
Նրա խոսքով` այնքան է քննարկվում ռեյտինգային ընտրակարգը, որ շատերի մոտ թյուր կարծիք կարող է լինել, թե գլխավոր փոփոխությունը միայն դա է: Պատգամավորը հայտնեց, որ սպասում են Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին, դրան զուգահեռ նաև ընթանում են քննարկումներ:
Հիշեցնենք, որ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին վարչապետ Փաշինյանը հայտնեց արտահերթ ընտրությունները բաց համամասնական ընտրակարգով անցկացնելու մտադրության մասին:
Մեկնաբանել