HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պարտվել ենք այլ տեղում, բայց իմ տղերքը չեն պարտվել»,- ասում է պատերազմի ականատես գնդերեցը

Ջրականի (Ջաբրայիլ) Մարջանլու կոչվող տեղանքում ռազմաճակատը լիքն էր զոհերով։ Ռումբերի պայթյունների տակ Հրայր սարկավագը շրջում էր բաց դաշտում՝ փակելով զոհված տղաների աչքերը։ Ասում է՝ մեր 18 տարեկան տղաների աչքերը հիմնականում բաց էին, իսկ նրանք ամենաշատն էին ուզում ապրել։

Զինված ուժերի ավագ գնդերեց Հրայր սարկավագ Լալայանը լուռ է։ Դժվար է խոսել, երբ պատերազմից հետո էլ աչքիդ առաջ փռվում է ռազմաճակատը՝ ձայների ու տեսարանների դաժանությամբ։ Նա չի խոսում դրվագների մասին, որոնք այլեւս նրա առօրյայի ստվերն են։ Ասում է՝ 44-օրյա պատերազմը բազմաթիվ շերտեր ունի իր համար, եւ ինքը պարզապես դեպքերի վկան է եղել։

Սեպտեմբերի 27-ին՝ 08։30-ին, Հրայր սարկավագը պետք է լիներ Գորիսի զորամասում։ Ռազմական վերահսկողական ծառայությունն ստուգումների արդյունքների ամփոփումը պիտի աներ, ինչից հետո անձնակազմին պիտի ուղեկցեին Տաթեւի վանք։ Մինչեւ զորամաս հասնելը սարկավագին հեռախոսով տեղեկացրել էին սկսված պատերազմի մասին։ Երբ հասել էր զորամաս, անձնակազմն արդեն շարժվել էր ռազմաճակատ։ Ինքն էլ համազգեստ ու զենք էր ստացել եւ զինամթերք տեղափոխող մեքենաների հետ գնացել ճակատ։

Սկզբից գնացել էր հրետանու զորամաս, որի հրամանատարը Հայաստանի ազգային հերոս գնդապետ Գարիկ Պողոսյանն էր։ Երեք օր այդտեղ մնալով, ասում է, ականատես էր եղել այդ տղաների հերոսություններին։ «Այդտեղ դասեր ստացա այդ երեխաներից, թե ինչպես պետք է կռվել։ Նրանք բոլոր առումներով էին ուսուցիչ։ Այդ երեխաներից եւ սպաներից սովորեցի, թե ինչպես պիտի ապրեմ Աստծուս հետ, կապ չունի, որ 8 տարի սովորել եմ հոգեւոր հաստատությունում, 10 տարուց ավելի Աստծո խոսքն եմ քարոզում բանակում։ Պրակտիկորեն սովորեցի նրանցից, թե մարդն ինչպես պետք է ապրի Աստծո հետ»,- ասում է Հրայր սարկավագը։

Հրետանավորների հետ էր նաեւ Կապանի զորամասի սարկավագը։ Վերջինս ավագ գնդերեցի հետ զրույցում ասել էր, թե իրեն մի ուրիշ կերպ ապահով է զգում նրա այցից։ Հրայր սարկավագն ասում է՝ ինքն ավելի ուշ դա զգացել էր ռազմաճակատում, որտեղ հոգեւորականը մենակ է մնում։ Բոլորը հատուկ պարտականություններ ու հրամանատար ունեն, իսկ գնդերեցը դառնում է այդ ամենի լուռ վկան։ «Ես ասում էի՝ իմ հրամանատարը դու ես, տեր Աստված, իմ անելիքները դու ցույց տուր։ Ու ինչ որ եղավ այդ 44 օրվա ընթացքում, սկսել էի նշաններով ապրել։ Փոքր նշանների մեջ գտնում էի Աստծո կամքը»,- նկատում է Հրայր սարկավագը։

Ասում է, թե մեր զրույցում ուղղակի վկայություններ է տալիս, քանի որ տեսել է այնպիսի զինծառայողների, որ սիրահարվել է ազգի այդ տեսակին։ «Հավատացեք, այնտեղ, որտեղ ես եմ եղել, վերեւում միայն Աստված էր, իսկ իրենց ձեռքին զենքն էր ու մի ընտանիք ընկերներ, որոնցից մեկը մյուսի համար հրաշքներ էր գործում։ Ընկերն ընկերոջն ինչպե՞ս պիտի սիրի, այդ սերն իրականում հրաշքներ է գործում»,- ասում է գնդերեցը։

Պատմում է կապիտան Արթուր Այվազյանի մասին, ով ամբողջ ռազմաճակատում արկերի պայթյունների տակ զինվորներին սնունդ, ջուր, կապի միջոցներ էր հասցնում: Կապիտանի հետ Հրայր սարկավագը հասել էր մինչեւ Արալեռ։ Ասում է, որ զինվորների հետ խոսելու ժամանակ չկար: «Ուղղակի իրենց կողքին ես կանգնում ու իրենցից մեկն ես դառնում։ Ինձ անընդհատ ասում էին, որ երբ էստեղ ես, գիտենք, որ 100 տոկոսով Աստված մեր կողմից է։ Էդտեղ ավելի բաներ չկան անելու։ Պարզապես քո մարդկային տկարությունը քո մեջ հաղթելով՝ կանգնում էիր նրանց կողքին։ Ամբողջ պատերազմի ժամանակ աղոթում էի, ասում էի՝ տեր Աստված, ինձ զորացրու, որ իմ մարդկային տկարությունը չտեսնի իմ զինվորը կամ իմ սպան, բայց էդտեղ անհատ չէի, այլ, ըստ երեւույթին, ներկայացնում էի իրենց մարմնացած հավատքի կերպարը»,- ասում է պատերազմի ականատես հոգեւորականը։

Գնդերեցը նկատում է, թե այսօր մարդիկ կան, որ ասում են, թե իբր Ջաբրայիլում են եղել, մինչդեռ ինքը վկան է եղել, թե ինչպես են հարյուրավորները փախել ռազմաճակատից՝ 18 տարեկան զինվորներին մենակ թողնելով։ «Անհատներ են եղել, ովքեր իմ զինվորի ու սպայի կողքին եկան, մնացին, եւ այդ մարդկանց քայլած տեղերը ամբողջ կյանքումս պիտի համբուրեմ, բայց մենք մեր էրեխեքին մենակ թողեցինք։ Ավելի լավ էր՝ շատերը չգային, քան գային ու էրեխեքի միջով փախնեին գնային»,- նշում է Հրայր սարկավագն ու ավելացնում, թե չի դատում, բայց դա էր իրականությունը։ Հետո նկատում է, որ Ջաբրայիլի զորամասից մինչեւ իր զինվորների դիրքերը 20 կմ էր, բայց փախչողներն այդքանը ոտքով անցնել են զինվորների միջով. մի՞թե վախը չի փարատվել, մի՞թե չեն հավաքել իրենց։

Ամեն հանդիպում սարկավագը դետալներով հիշում է, բայց ամեն ինչի մասին չէ, որ խոսում է։ Դրվագները, որոնք հուզմունք են առաջացնում, չի բարձրաձայնում։

Ռազմաճակատում կամ այդտեղ տանող ճանապարհին պատահական հանդիպումները ինչ-որ տեղ ճակատագրական են դառնում։ Հրայր սարկավագը հիշում է Տեղ գյուղից հրամանատար Գագիկ Էլյազյանի եւ կապանցի մայոր Էդգար Մաթեւոսյանի՝ Մաթոսի հանդիպումը։ Շատ չանցած Մաթոսը զոհվել էր, ու հենց Գագիկն էր հանել նրա մարմինը ռազմաճակատից:

Հոկտեմբերի 2-ին՝ Մարջանլուի հատվածում հրետակոծության ժամանակ, Մաթոսը ոտքից վիրավորվել էր։ Երբ մի պահ դադար էր եղել, զինվորները տեղափոխվել էին թաքստոց։ Հրամանատար Էլյազյանը հետ էր եկել ու, տեսնելով վիրավոր Մաթոսին, գնացել էր նրա համար վրան-թիկնոց բերելու։ Բայց երբ ընդամենը մի քանի քայլ էր հեռացել, կրկին սկսել էին հրետակոծել։ Հրայր սարկավագը Մաթոսի զինվորական կոշիկի քուղը հանել էր, որ ոտքին կապեր՝ դաշտից հանելու համար։ Մաթոսը բռնել էր նրա ձեռքից՝ ասելով, թե պիտի զեկուցի․ «20»-ը՝ «Խաչին», «20»-ը՝ «Խաչին»։ Վիրավոր մայորը շտապօգնություն էր կանչել իր զինվորների համար։ Գնդերեցը պատմում է, որ նրա դեմքին ժպիտ կար, ու նա, կարծես, մահվան դեմքին էր ժպտում։

Երկրորդ հրետակոծության ժամանակ արկը Մաթոսից ու սարկավագից մի քանի մետրի վրա էր պայթել։ «Գլուխս բարձրացրեցի, տեսա կիսվել է…»,- ասում է սարկավագը, ով բեկորային վիրավորում էր ստացել՝ վնասվել էին ձեռքը, թիակը, պարանոցը, ծունկը։ «Իր ռացիան վերցրեցի, ասացի՝ «20»-ը՝ «Խաչին», «20»-ը չկա, օգնություն ուղարկեք։ Մեր էրեխեքին օգնելու անձնակազմ էր եկել, ու իրենցից էլ ահագին զոհեր կային։ Ռազմադաշտում սկսեցի քայլել։ Էրեխեքն ասում էին՝ տեր հայր, պառկի, ռումբերը։ Շատ երեխաների աչքերը բաց էին։ Մաթոսն էր, որ աչքերը փակեց, որովհետեւ օրերով անքուն էր ու, ասես, խաղաղություն գտավ։ Իսկ 18 տարեկան էրեխեքի աչքերը հիմնականում բաց էին, անցնում էի, փակում աչքերը, ու չէի հասկանում, թե ինչ վտանգավոր էր այդ պահին»,-ասում է Հրայր սարկավագը:

-Ինչ էիք զգում, մտածում այդ պահին,- հարցնում եմ նրան։

-Հավատացեք, էդտեղ դու արդեն մեռած մարդ ես,- պատասխանում է գնդերեցը։

Մարջանլուում թշնամին մեծաքանակ զինտեխնիկան էր օգտագործել, որ կարողանար ապահովել ճեղքումը։

Վիրավորվելուց հետո Հրայր սարկավագին Հադրութի Տող գյուղ են տեղափոխել։ Ասում է, որ այդտեղ շարժական հոսպիտալներ կային, արագ վիրահատություններ էին անում, քանի որ անընդհատ վիրավորներ էին տանում։ Վիրահատությունից հետո պարզվել էր, որ ծնկի ու թոքի մոտ գտնվող բեկորները չեն հասցրել հանել։ Տողից տարել էին Սիսիան, հետո՝ «Էրեբունի», ապա՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Այդտեղ էլ հանել էին բեկորները։ Հոկտեմբերի 14-ին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա կրկին մեկնել է ռազմաճակատ՝ այնտեղ մնալով մինչեւ պատերազմի ավարտը։

Պատերազմից հետո գնդերեցն այցելում է զոհված տղաների ընտանիքներ։ Ասում է՝ ծնողները, ամենաթանկը տալով հայրենիքին, ուզում են հասկանալ, թե ոնց եղավ դեպքը, ինչ կատարվեց։ «Ամեն մի դրվագը պիտի բացվի, որ ծնողն էլ կարողանա կուլ տալ այդ ամեն ինչը, զգա, թե իր էրեխեն ինչի առաջ է խոնարհվել»,- ասում է սարկավագը։ Նրա խոսքով՝ այսօր բոլորիս պետք է համախմբի ոչ թե քաղաքական շահը, այլ մեր զինվորների կյանքի պատգամը։

-Կունենա՞նք հաղթանակ,-հարցնում եմ նրան։

-Մենք ենք որոշողը։ Ես հավատում եմ, եթե չհավատայի, վիրավորումից հետո նորից չէի գնա, ընկերներիս չէի հավաքի դրա շուրջ։ Դա կլինի էն ժամանակ, երբ ինքներս մեզ հաղթենք, մեր ներսի տկարին, մեր մարմինները ծառայեցնենք Աստծո փառքին։ Մեզնից փոքրերը մեզ օրինակ ցույց տվեցին։ Մենք պետք է այնքան ազնվություն ունենանք, որ մեր էրեխեքի թողած կտակն ընդունենք անվերապահորեն՝ իրենց ճանապարհով քայլելու համար։ Զինվորը, որ մինչեւ վերջ կռվել է, ինչո՞վ է պարտվել։ Պարտվել ենք այլ տեղում, չգիտեմ՝ որտեղ, բայց իմ տղերքը չեն պարտվել։ Թող ցույց տան, թե որտեղ ենք պարտվել, ես էլ ընդունեմ, բայց ոնց նայում եմ, հերոսապատում է, մեր էրեխեքը գերազանցեցին բոլորիս։ Շատ զգույշ պիտի լինենք, որ հանկարծ բանակին պարտվածի տիտղոս չտանք, որովհետեւ զգում եմ, որ պարտված վիճակով են նայում։ Զինվորը չի պարտվել։ Ես տեսել եմ, թե ոնց են մարտնչում,- պատասխանում է պատերազմի ականատեսը։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (1)

Արսեն
Հրո ջան!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter