
Արա Այվազյան. «Հայաստանի դիվանագիտության մեղքը չէ այն, ինչ եղավ»
Արցախյան վերջին պատերազմը Հայաստանի դիվանագիտության մեղքով չի եղել: Նման պնդում արեց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում` արձագանքելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
«Ադրբեջանի նախագահը, ինչպես վերջերս խոստովանեց, ինքը մերժել է բոլոր փոխզիջումային տարբերակները, վերջերս հպարտությամբ ասաց, որ երկար ժամանակ պատրաստվում էր հարցի ռազմական լուծմանը, այնպես որ Հայաստանի դիվանագիտության մեղքը չէ այն, ինչ եղավ»,- ասաց Այվազյանը:
Նախարարի խոսքով` 26 տարի հայաստանյան դիվանագիտությունն ապահովել է երկրի առջև ծառացած խնդիրը` ստատուս քվոն մինչև հարցի վերջնական լուծում, սակայն այն դեպքում, երբ մյուս կողմը որոշել է հարցը ռազմական ճանապարհով լուծել, դիվանագիտությունը շատ անելիք չունի:
«Այս պատերազմը նաև ի ցույց դրեց մեր թույլ կողմերը, ներքին սխալները, այդ թվում՝ արտաքին գերատեսչության, բայց սա միայն բարդել… այսօր բոլորս մեղավոր ենք փնտրում, ես կարծում եմ՝ դրա ժամանակը կգա, այսօր բոլորս պետք է կենտրոնանանք ներկայիս խնդիրների լուծման վրա, և մեր հայացքներն ուղղենք ապագային: Ժամանակը կգա, մենք համակողմանի վերլուծություն կանենք»,- ասաց նա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել