HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատերազմի հետևանքով Սյունիքի մարզում վնասվել է 142 միավոր անշարժ գույք

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով Սյունիքի մարզում վնասվել է 142 շենք-շինություն: Նշված տները վնասվել են Դավիթ Բեկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերում: Այս տեղեկատվությունը «Հետք»-ին փոխանցեցին Սյունիքի մարզպետարանից:

Ամենաշատ տները վնասվել են Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում: Վնասվել են 93 տուն, շենք-շինություն՝ պատճառելով 36 մլն 537 հազար դրամի վնաս: Իսկ Ներքին Խնձորեսկում վնասվել է 49 անշարժ գույք, որի հետևանքով քաղաքացիներին պատճառվել է 13 մլն 605 հազար դրամի վնաս:

Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Աղալոյանը նշեց, որ հիմնականում վնասվել են տների պատուհանների ապակիները, տանիքներն ու պատերը: Գերակշռել են թեթև վնասները:

Այդ է պատճառը, որ քիչ թիվ են կազմում 1 մլն դրամը գերազանցող փոխհատուցումները: Մասնավորապես, Դավիթ Բեկ բնակավայրում 93-ից 11 ընտանիքի փոխհատուցվել է 1 մլն դրամ և ավելի: Ամենամեծ փոխհատուցվող գումարը եղել է 2 մլն 627 հազար դրամ, ամենաքիչը՝ 11 հազար 700 դրամ:

Նույնը նաև Ներքին Խնձորեսկում: Այստեղ 1 մլն դրամից ավելի փոխհատուցման գումար ստացել է 49 ընտանիքից 5-ը: Ամենամեծ փոխհատուցված գումարի չափը կազմել է 1 մլն 731 հազար դրամ, ամենաքիչը՝ 30 հազար դրամ:

Սամվել Աղալոյանն ասաց, որ ներկայացված վնասները չեն ներառում Շուռնուխ և Որոտան բնակավայրերում իրենց տունը կորցրած ընտանիքների գույքային վնասները: Այս բնակավայրերում քաղաքացիները տնից զրկվել են ոչ թե ռմբակոծության հետևանքով, այլ տարածքների ճշգրտման պատճառով:

Պատերազմի օրերին մարզի այլ բնակավայրեր ևս հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի թիրախում: Սակայն, ըստ Ս. Աղալոյանի, քաղաքացիները դրանից անշարժ գույքի մասով վնասներ չեն կրել: Նրա ասելով՝ օրինակ՝ Կոռնիձորի հատվածում արկեր ընկել են, սակայն վնասներ չկան: Նշենք, որ Կոռնիձորը 2016-ից Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր և Քարաշեն գյուղերի հետ խոշորացվել է և այժմ կոչվում է Տեղ համայնք:

Պետությունն ամբողջությամբ պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել է քաղաքացիներին պատճառված վնասը: Ըստ Ս. Աղալոյանի՝ փոխհատուցման հարցով Կառավարություն դիմել են երկու անգամ՝ մեկը Նոր տարուց առաջ, մյուսը՝ վերջերս:

Սամվել Աղալոյանն ասաց, որ Դավիթ Բեկ և Ներքին Խնձորեսկ  բնակավայրերում անշարժ գույքի վնասները գնահատել են մարզպետարանի աշխատակիցները, սակայն դժգոհություն չեն ստացել քաղաքացիներից:

Մարզպետարանի պաշտոնյան ասաց՝ իրենց համար կարևոր է, որ այդ բնակավայրերից քաղաքացիները դուրս չգան և շարունակեն տեղում ապրել: Այդ է պատճառը, որ վնասների հատուցումն առաջնահերթություն է եղել:

Դավիթ Բեկ բնակավայրի վարչական ղեկավար Բենյամին Պողոսյանն ասաց, որ վնաս կրած բոլոր քաղաքացիները փոխհատուցվել են: Նրա խոսքերով՝ չի եղել տուն, որ վնասվածության պատճառով հնարավոր չլիներ այնտեղ ապրել:

«Այդ գումարի շրջանակում ամեն մարդ իր ձևով վերանորոգել է: Երկու փուլով ենք փոխհատուցումը տվել: Գյուղացիներ կային, որ այստեղ չէին, հետո եկել են, փոխհատուցումը ստացել են: Հիմնականում վնասվել են տան պատուհանները, տանիքները: Կային նաև, որ պատերն են ցրիվ եկել, բայց հիմնականում պատուհաններն են վնասվել»,- ասաց Բենյամին Պողոսյանը:

Նշենք, որ Դավիթ Բեկ բնակավայրն ակտիվ հրետակոծվել է 2020թ. նոյեմբերի 2-ին: Նույն օրը Հայաստանի զինվորական դատախազությունը քրեական գործ էր հարուցել ադրբեջանական կողմի հրետանային միջոցներից Դավիթ Բեկ բնակավայրի հրթիռակոծման դեպքի առթիվ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել էր, ևս երկուսը` վիրավորվել:

Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցն էլ հավելեց, որ բնակավայրը ռմբակոծվել է 2020թ. նոյեմբերի 9-ին՝ հրադադարի հայտարարությունը ստորագրելու օրը:

Վարչական ղեկավարը նշեց, որ փոխհատուցված գումարով քաղաքացիների զգալի մասն արդեն վերանորոգման աշխատանքներ է իրականացրել:

«Եղել են բողոքներ փոխհատուցման գումարի չափի վերաբերյալ, բայց այնպես չի, որ ճիշտ տեղն են դժգոհել: Ոչ մեկի չեն տվել իր կրած վնասից ցածր գումար»,- հավելեց Ե. Մալունցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter