HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մինչեւ պատերազմը մտածում էինք, որ պետք է օտարին պատմենք Արցախի մասին, հիմա հասկանում ենք, որ նաեւ մեր էրեխեքին պիտի պատմենք»

«Եկեք մի ֆիլմ անենք այդ դաժան, չոր պարտության մասին, որ բոլորը նայեն, կինոթատրոններից գլուխները կախ դուրս գան եւ գնան վաղն առավոտից աշխատելու»,- ասում է կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։ Նոյեմբերի 9-ի պարտությունից հետո բոլորիս կյանքը փոխվել է, եւ մեզնից ամեն մեկը, ըստ նրա, պետք է հարցեր տա առաջին հերթին ինքն իրեն։

Պատերազմում պարտությունն այն առանցքն է, որի շուրջ խոսում ենք ռեժիսորի հետ։ Եվ դա ինքնաբուխ է ստացվում։ Ջ. Ավետիսյանն Արցախում է եղել 44-օրյա պատերազմի ժամանակ՝ փաստագրելով տեղի ունեցածը։ Ականատես է եղել Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծությանը։ Պատերազմի ամբողջ ընթացքում եւ դրանից հետո էլ վստահ է, որ խրամատի մեջ գտնվող զինվորը չի պարտվել։ Ասում է՝ երբ զինվորը սեւացած, կոշտուկներով պատված, վերքերով ձեռքերով տաք արկ է քարշ տալիս, մարտ վարում կամ գիտակցաբար մահվանն ընդառաջ գնում, ինչո՞վ է պարտվել: «Պատերազմը բոլորիս է հաղթել՝ բացի խրամատում կանգնած էրեխեքից»,- նշում է Ավետիսյանն ու ավելացնում, որ պարտվողները Երեւանի փողոցներում են։

Նոյեմբերի 9-ը ամեն մեկիս յուրովի պատյանի մեջ առավ՝ ամոթի խարանը թողնելով մեզ վրա։ Ջիվան Ավետիսյանն ասում է՝ մենք ոչ միայն հազարավոր տղաներ եւ հայրենիքի մի հատված ենք կորցրել, այլեւ մեր ապրելու վաղվա իրավունքը։ Եվ պատերազմից հետո, ասում է, երբեմն հարցնում է ինքն իրեն՝ արդյոք ճիշտ է անում, որ այսօր ֆիլմ է նկարում, երբ հազարավոր խնդիրներ կան։

-Եվ ինչու՞ պիտի ֆիլմ նկարեք,- հարցնում եմ նրան։

-Որովհետեւ այսօր կարեւոր մի շերտ է բացվել։ Եթե մինչեւ պատերազմը մտածում էինք, որ պետք է օտարին պատմենք Արցախի մասին, հիմա հասկանում ենք, որ նաեւ մեր էրեխեքին պիտի պատմենք, թե ինչի էսպես եղավ։ Իմ կարծիքով՝ սխալներ շատ ունենք։ Մի սխալն էլ այն է, որ մինչեւ հիմա ֆիլմ չունենք Շուշիի մասին։ Գուցե դրանում նաեւ ես եմ մեղավոր։ Եկեք բոլորս խոստովանենք՝ ինչ չարեցինք, որ Շուշին ընկավ,- պատասխանում է կինոռեժիսորը։

Ջիվան Ավետիսյանը պատերազմից հետո զուգահեռաբար աշխատում է մի քանի կինոնախագծերի վրա։ Դրանցից մեկը պատերազմի ժամանակ բժիշկների, բուժակների կատարած աշխատանքի մասին է։ Զրուցակիցս ասում է՝ շատ են դեպքերը, երբ բուժակները ռազմի դաշտում վիրավորներին հանելիս զոհվել են։ Նախագծերից մեկը բելառուսցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին է, ֆիլմը կոչվելու է «Սեւ ցուցակ» («Black List»):

Սակայն այս պահին ամենամեծ աշխատանքը տարվում է «Վերածնվածը» ֆիլմի վրա. Աշխատանքներն սկսվել են 2018 թ.։ 44-օրյա պատերազմից հետո ֆիլմի սցենարը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Կինոռեժիսորն ասում է՝ ֆիլմը 2016 թ․ քառօրյա պատերազմի մասին էր, բայց այնպես ստացվեց, որ 2020-ն առաջ ընկավ։ Ֆիլմի հերոսը՝ Մուրադը, 27 տարի ապրելով Ֆրանսիայում, մի օր մեկնում է Արցախ՝ արմատների փնտրտուքով։ Այստեղ սկսվում է պատերազմը։ Մուրադն արգելված զենքից ծանր վիրավորում է ստանում։ Երբ վիրահատարանում արթնանում է, սկսում է հարցեր տալ։

Ավետիսյանն ասում է՝ «Վերածնվածը» շատ հարցերի պատասխաններ է տալու։ Նրա խոսքով՝ ամեն ինչ պատրաստ է ֆիլմի համար, մնում է միայն նկարահանման համար դրամահավաքի մեկնարկը տալ։ Այդ որոշումը, ըստ նրա, դժվար է կայացրել։ Բայց նկատում է, որ հիմա ժամանակ կորցնելու իրավունք չունենք։ «Միակ տարբերակը, որ մեր նահատակների կյանքի կորուստն անիմաստ չլինի, մեր հաղթելն է։ Ամեն մարդ պիտի հաջողի իր գործում»,- ասում է զրուցակիցս, ով այս պատերազմում կորցրել է 3 դասընկերներին՝ հարազատ մարդկանց։

Արցախյան առաջին պատերազմի մասին պատմող նրա «Թեւանիկ» ֆիլմն ավարտվում է կախման կետերով։ Վերջին կադրում դեմ-դիմաց են դուրս գալիս Թեւանիկն ու հակառակորդի դիպուկահար կինը՝ զենքն իրար դեմ պահած։ Կադրը սեւանում է, եւ հնչում է կրակոց, դիտողի մոտ հարց է ծագում, թե ով կրակեց։ 44-օրյա պատերազմում զոհվել է նաեւ Թեւանիկի դերակատարը՝ կամավորական Հովհաննես Խոդերյանը։

-Այս պատերազմն արդյոք տվեց հարցի պատասխանը, թե ով արձակեց կրակոցը։

-Կարող ենք ասել, որ, փաստորեն, Թեւանիկն իր կյանքով ավարտեց ֆիլմը։ Իմ կարծիքով՝ դիպուկահարին դեռ հանդիպելու ենք,- պատասխանում է կինոռեժիսորը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter