Թուրքիան շուտով սեփական արտադրության պատվաստանյութը կփորձարկի մարդկանց վրա
Թուրքիայում շուտով կսկսվեն կորոնավիրուսի սեփական արտադրության պատվաստանյութի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա։ Այդ մասին գրում է Interfax-ը՝ հղում անելով երկրի արդյունաբերության նախարար Մուսթաֆա Վարանքին։ Վերջինիս խոսքերով՝ պատվաստանյութը մշակվում է թուրք գիտնականների կողմից, իսկ նախակլինիկական փորձարկումները հաջողությամբ ավարտվել են։
Նա նշել է, որ ի շնորհիվ պատվաստանյութի վերամոդելավորման, վիրուսի մուտացիայի պարագայում, այն կբարձրացնի Թուրքիայի պոտենցիալը՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործընթացում։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ թուրք մասնագետները ներկայում աշխատում են COVID-19-ի պատվաստանյութի ստեղծման վեց նախագծերի ուղղությամբ։
Թուրքիայի առողջապահական ինստիտուտների վարչության ղեկավար Էրհան Աքդողանը հայտարարել է, որ այդ նախագծերը մշակվում են Էրջիեսի, Հաջեթեփեի, Մարմարայի, Աթաթյուրքի, Աքդենիզի համալսարանների և Յըլդըզ տեխնիկական համալսարանի կողմից։ Նա հավելել է, որ թուրքական պատվաստանյութերից մեկն արդեն իսկ անցնում է կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։
Կորոնավիրուսի համավարակից ի վեր Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 3,2 միլիոն դեպք, մահացել ավելի քան 31 հազար բուժառու։
Լուսանկարը՝ DHA photo-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել