HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ինչ փոփոխություններ են առաջարկվում Ընտրական օրենսգրքի նոր փաթեթով

«Իմ քայլը» խմբակցությունը մարտի 9-ին շրջանառության մեջ է դրել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ամբողջությամբ անցում կատարել համամասնական ընտրակարգին` բացառելով գործող ռեյտինգային ընտրակարգը:

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը Ազգային ժողով-Կառավարություն վերջին հարցուպատասխանին հայտնեց իր մտադրության մասին` արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացնել ամբողջությամբ համամասնական ընտրակարգով: Դեռևս պարզ չէ՝  այլ փոփոխություններ ևս մինչ ընտրությունները կարվե՞ն, թե՞ ոչ։ Այժմ ներկայացնենք փաթեթով առաջարկվող փոփոխություններից առանցքայինները:

Փոփոխություններով առաջարկվում է նվազեցնել Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական գրավի չափը: Գործող օրենքով կուսակցությունների դեպքում այն 10 միլիոն դրամ է, առաջարկվում է դարձնել 7,5 միլիոն, դաշինքի դեպքում առաջարկվում է 15 միլիոն դրամ: Եթե կուսակությունների դեպքում անցողիկ շեմը 5%-ից իջեցվում է 4%-ի, ապա դաշինքի դեպքում այն 7 տոկոսից բարձրանում է 8 տոկոս, ընդ որում երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում անցողիկ շեմը կլինի 9 տոկոս, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս:

Փոխվում է նաև քաղաքական կոալիցիաներ ձևավորելու կարգը. առաջնահերթություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնությունն է ստացել: Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքիների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։ 

Եթե 14 օրվա ընթացքում բաշխված մանդատների ընդհանուր թվի հարաբերական մեծամասնությունը ստացած կուսակցությունը (դաշինքը) քաղաքական կոալիցիա չի ձևավորում, ապա մանդատների բաշխմանը մասնակցած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) 7-օրյա ժամկետում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Ավելացվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվճար եթերաժամանակը: Գործող օրենքով կուսակցությունն իրավունք ունի անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե։ Առաջարկվում է այն դարձնել 90 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամի ոչ ավելի քան 120 րոպեն կդառնա 180 րոպե:

Ընտրությունների ժամանակ Հանրային ռադիոն և Հանրային հեռուստատեսությունը պարտավորվում են թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար ապահովել ոչ խտրական պայմաններ: Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումներում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների) նախընտրական քարոզարշավի վերաբերյալ պետք է հաղորդվի անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն:

Ազգային ժողովի և 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվում է նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում կազմակերպել հեռուստաբանավեճեր՝ ապահովելով մասնակցության հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում հեռուստաբանավեճերի քանակը չպետք է պակաս լինի 4-ից՝ յուրաքանչյուրն առնվազն 90 րոպե տևողությամբ, իսկ հեռուստաբանավեճերից առնվազն ﬔկին պետք է հրավիրվեն միայն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակների առաջին համարի թեկնածուները։ 

Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումներն ընդմիջել առևտրային գովազդով:

Համացանցում լրատվական կայք ունեցող զանգվածային լրատվության միջոցները, ինչպես նաև համացանցային կայքի իրավատեր հանդիսացող անձինք նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար պարտավորվում են ապահովել ոչ խտրական և ոչ կողմնակալ պայմաններ: Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում համացանցում, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներով, նախընտրական քարոզչությանը վերաբերող՝ վճարովի հիմունքներով գովազդային նյութեր և տեսանյութեր կարող են տեղադրվել միայն թեկնածուի, կուսակցության կամ նրա ներկայացուցչի հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա՝ նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին։

Նախընտրական քարոզչական նյութերի հրապարակումը պետք է ուղեկցվի «Նախընտրական քարոզչություն» լուսագրով, իսկ քարոզչական տեսանյութերի դեպքում՝ տեսանյութի վրա տեղադրվող «Նախընտրական քարոզչություն»՝ անընդմեջ ուղեկցվող լուսագրով։ Նախընտրական քարոզչական նյութերի և տեսանյութերի հրապարակումը պետք է տեղեկություններ պարունակի պատվիրատուի վերաբերյալ։ 

Եթե գործող օրենսգրքով ընտրություններին մասնակցող կուսակցությունների թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերի պատճենները գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում են վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և դիտորդներին, ապա նախագծով առաջարկվում է հայտարարագրերը տեղադրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) համացանցային կայքում:

Հստակեցվում է ընտրական իրավունք ունեցող անձանց շրջանակը, ըստ որի ընտրելու իրավունք կստանան 18 տարեկանը լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ:

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները քվեարկությունից հետո երկօրյա ժամկետում հրապարակվելու են ԿԸՀ-ի համացանցային կայքում, որոնք պահպանվելու են մինչև քվեարկության արդյունքների ամփոփման համար օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտը, իսկ ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկելու դեպքում՝ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը։ Քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները պահպանության են հանձնվելու Ազգային արխիվ՝ սահմանված կարգով պահպանելու համար:

Նախընտրական քարոզարշավը սահմանվում է որպես միջոցառումների ամբողջություն, որը կազմակերպվում և իրականացվում է թեկնածուների, կուսակցությունների (դաշինքների) և նրանց գիտությամբ այլ անձանց և կազմակերպությունների կողմից ի օգուտ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների)՝ ընտրություններին մասնակցելու և ընտրվելու նպատակով։ Նախընտրական քարոչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության (դաշինքի) օգտին։ Նախընտրական քարոզչությունը կարող է իրականացվել ցանկացած ձևով և միջոցով, որը չի հակասում Սահմանադրությանը, օրենսգրքին և այլ օրենքներին։ 

Նախընտրական քարոզչությունը կարող է իրականացվել հետևյալ միջոցներով՝

  •  քաղաքացիների, ընտրողների հետ հանդիպումների անցկացում,
  • հավաքների անցկացում,
  • կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերի կամ կուսակցությունների կամ թեկնածուների քաղաքական գործունեության վերաբերյալ հանրային բանավեճերի, քննարկումների, մամուլի ասուլիսների անցկացում,
  • քաղաքական գովազդներ, ելույթներ, հարցազրույցներ, տեսաֆիլմեր, աուդիո- և տեսահոլովակներ, այլ հրապարակումները զանգվածային լրատվության միջոցներով (այդ թվում՝ էլեկտրոնային), համացանցով, այդ թվում՝ սոցիալական ցանցերով,
  • նախընտրական բրոշյուրների, պաստառների, տպագիր այլ քարոզչական նյութերի տարածում,
  • արտաքին քաղաքական գովազդ,
  • մշակութային կամ սպորտային միջոցառումների անցկացում, որոնք իրականացվում են ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի աջակցությամբ, ինչպես նաև այդպիսի աջակցության մասին տեղեկատվության հրապարակում,
  • ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), թեկնածուներին խորհրդանշող (կուսակցության անվանումը կամ խորհրդանիշը կամ թեկնածուի անունը, ազգանունը կամ պատկերը պարունակող) նվերների բաժանումը, որոնց՝ մեկ անձի հաշվով արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի եռապատիկը,
  • այլ միջոցներով, որոնց կիրառությունը չի հակասում Սահմանադրությանը, Ընտրական օրենսգրքին և այլ օրենքներին։

Կարգելվի ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների՝ որպես թեկնածու գրանցված աշխատակիցների, ինչպես նաև աշխատանքային կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր ունեցող անձանց ընտրությունների լուսաբանումը, ռադիոհաղորդումների կամ հեռուստահաղորդումների վարումը:

Վարչական ռեսուրսը սահմանվում է որպես մարդկային, ֆինանսական, նյութական և ոչ նյութական միջոցներ, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների, հատկացումների և այլ միջոցների նկատմամբ նրանց վերահսկողությամբ, հանրային ենթակառուցվածքների հասանելիությամբ, ինչպես նաև ընտրովի կամ նշանակովի հանրային պաշտոնների հեղինակությամբ, որոնք կարող են վերածվել քաղաքական և այլ աջակցության։ 

Արգելվում է նախընտրական քարոզարշավի կազմակերպման և իրականացման ընթացքում, ներառյալ՝ մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը, վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների և մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների համար, հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության օգտագործումը, պաշտոնական դիրքի օգտագործումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով։ 

Հստակեցվում է որ նախընտրական քարոզարշավի կազմակերպումն ու իրականացումը հանրային ծառայության մեջ գտնվողներին արգելվում է, նրանք կարող են ներգրավվել նախընտրական քարոզարշավի աշխատանքներին և իրականացնել նախընտրական քարոզչություն միայն հանգստյան և ոչ աշխատանքային օրերին, իսկ աշխատանքային օրերին՝ միայն ոչ աշխատանքային ժամերին՝ վարչական ռեսուրսի չարաշահման արգելքի պահպանմամբ։

Ազգային ժողովի ընտրություններ նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումն արգելվում է պետական բյուջեով սոցիալական ապահովության նոր միջոցների, այդ թվում՝ պետական կենսաթոշակների, նպաստների նախատեսումը կամ դրանց չափի ավելացումը, բացառությամբ այն դեպքերի, երբ սոցիալական ապահովության միջոցների նախատեսումը կամ դրանց չափի ավելացումը պետական բյուջեով նախատեսված է եղել Ազգային ժողովի ընտրությունները նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից առաջ։ 

Արգելվում է պետական կամ համայնքային բյուջեի միջոցները պլանավորել կամ փոփոխության ենթարկել այնպես, որ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում մրցակցային առավելություն տրվի ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) կամ թեկնածուներին։ 

Նախագծով ավելացվում է նաև երրորդ անձանց մասնակցությունը նախընտրական քարոզարշավին հոդվածը, ըստ որի երրորդ անձինք են հանդիսանում այն կազմակերպությունները (հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և այլն), որոնց անվանումները ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանման հետ կամ որոնց ղեկավար կազմի անդամները ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինների անդամների հետ։

Երրորդ անձինք են հանդիսանում նաև այն ֆիզիկական և իրավաբանական անձինք (բացառությամբ թեկնածուների և ընտրություններին մասնակցող կուսակցությունների), որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրենց գործունեության ընթացքում իրականացնում են նախընտրական քարոզչություն՝ օրենքով նախընտրական քարոզարշավի համար սահմանված ժամանակահատվածում։ 

Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում երրորդ անձանց կողմից իրականացված գործունեությունը և ծախսերը համարվում են նախընտրական քարոզչությանն ուղղված, եթե դրանք նպատակ ունեն համոզելու ընտրողներին քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի օգտին (քվեարկելու կողմ կամ դեմ)։ Երրորդ անձինք նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով իրավունք ունեն Ազգային ժողովի ընտրությունների դեպքում ծախսելու մինչև նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկի չափով գումար, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքերի ավագանիների ընտրությունների դեպքում՝ մինչև նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով գումար։ 

Արգելվում է նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից, օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիական անձանցից նվիրատվություններ ստանալը կամ ստացված նվիրատվությունները նախընտրական քարոզարշավի նպատակով օգտագործելը։ 

Նշվում է նաև, որ նախընտրական հիմնադրամին վճարումներ կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը։

Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները նախընտրական քարոզարշավի նախապատրաստման, կազմակերպման և իրականացման հետ կապված ծախսերն իրականացնում են նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին։

Նախընտրական հիմանդրամի միջոցների հաշվին են կատարվում, ի թիվս այլ ծախսերի`

  •  զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման ծախսերը,
  • համացանցով նախընտրական քարոզչության իրականացման, այդ թվում՝ քաղաքական գովազդի հրապարակման ծախսերը,
  • նախընտրական քարոզարշավի ընթացքում սոցիոլոգիական հարցումների և հետազոտությունների իրականացման ծախսերը,
  • նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզարշավի հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման ծախսերը,
  • ընտրական շտաբերի տեղակայման նպատակով տարածքների վարձակալման ծախսերը,
  • քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, փակցման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ՝ տպագիր նյութերի պատրաստման ու տարածման հետ կապված ծախսերը,
  • նախընտրական քարոզարշավի նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վարձակալությանհետ կապված ծախսերը,
  • նախընտրական քարոզչության իրականացման նպատակով կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց (ներառյալ՝ մշակութային կամ սպորտային միջոցառումների անցկացումը) վարձատրության (ներառյալ՝ վստահված անձանց վարձատրությունը) և դրանց հետ կապված ծախսերը»։
  • Նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզարշավի հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների և ընտրական շտաբերի կոմունալ ծախսերը, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վառելիքի հետ կապված ծախսերը կարող են չներառվել նախընտրական հիմնադրամում։ 
  • Նախընտրական հիմնադրամից վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով։ Նախընտրական հիմնադրամից կատարվող կանխիկ վճարումների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 400-ապատիկը:

Հիշեցնենք, որ յոթերորդ գումարման Ազգային ժողովի գործունեության մեկնարկից ստեղծվեց ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվեցին երեք խմբակցությունների ներկայացուցիչներ, աշխատանքային խմբի ղեկավար նշանակվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

Աշխատանքային խմբի աշխատանքներին մաս է կազմել նաև խորհրդատվական մարմինը, որին մասնակցել են գործադիր ճյուղի գերատեսչություններ, մասնակցել են նաև համապատասխան փորձառություն ունեցող հասարակական կազմակերպություններ, միջազգային 2 կազմակերպություններ և փորձագետներ։ Ամբողջական փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter