HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դալմա Ինվեստ»-ը հերքում է «Հետք»-ի հրապարակումը

Մարտի 23-ին ««Դալմա մոլ»-ը առանց շինթույլտվության ընդլայնում են․ հիմքերն են փորվում» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ «Հերքման պահանջ» է ներկայացրել «Դալմա ինվեստ» ՍՊ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ․ Գևորգյանը։

Գրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝ առանց խմբագրման։

«Հայտնում ենք, որ Հրապարակումը չի համապատասխանում իրականությանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հիման վրա հանդիսանում է զրպարտություն և վնաս է պատճառում «Դալմա Ինվետս» ՍՊ ընկերությանը/այսուհետ՝ նաև Ընկերություն/գործարար համբավին, ինչի համար էլ Հրապարակումը ենթակա է հերքման հետևյալ պատճառներով․

1. Թերթի ֆեյսբուքյան Հրապարակման վերնագրում նշված է հետևյալը․

«Դալմա գարդեն» մոլի կոմերցիոն տնօրենը փոխանցեց, որ շինարարական որևէ աշխատանք չի իրականացվում։

Առևտրի կենտրոնի տեղեկատուի միջոցով փորձեցինք պարզաբանում ստանալ ապօրինի շինարարության վերաբերյալ։ Նախ հայտնեցին, որ ընկերության կոմերցիոն տնօրենը, որն իրավասու է այդ հարցին պատասխանել, վատառողջ է և աշխատանքի չի հաճախում։ Միևնույն ժամանակ տեղեկացրին, որ նույն այդ տնօրենը փոխանցում է, որ շինարարական որևէ աշխատանք չի իրականացվում։

Հայտնում ենք, որ Ընկերությունում Կոմերցիոն տնօրենի հաստիք գոյություն չունի, հետևաբար կոմերցիոն տնօրեն, որպես այդպիսին, Ընկերությունում չկա։ Ավելին՝ Ձեր և/կամ Ձեր աշխատակիցների կողմից Ընկերության տնօրինության հետ որևէ կապ չի հաստատվել։

Նման տեղեկատվության ճշտման համար առնվազն անհրաժեշտ էր կապ հաստատել Ընկերության տնօրինության կամ որևէ այլ իրավասու բաժնի հետ՝ ստանալու համար հստակ տեղեկատվություն, իսկ «Դալմա Գարդեն Մոլ»-ի տեղեկատուի աշխատակցին շինարարության հետ կապված որևէ հարց հղելը և վերջինիս կողմից ստացված ենթադրյալ պատասխանը չի կարող հիմք հանդիսանալ հրապարակումներ կատարելու համար։ Նման գործողություններն, առնվազն, հարիր չեն պրոֆեսիոնալ լրագրողական ընկերություններին։

2․ Հրապարակման մեջ նշված է նաև՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գտնվող «Դալմա գարդեն» մոլի ետնամասում, առանց քաղաքաշինական օրինական փաստաթղթերի, ապօրինի շինարարություն է իրականացվում։ Առևտրի և ժամանցի համալիրի ետնամասում հողային աշխատանքներ են իրականացվում։ 3-4 մետրը գերազանցող փոսեր են փորվել և փորվում։ Տարածքում «Հետք»-ի դեռևս 2020 թ.-ին արած լուսանկարներում երևում է, որ փորման աշխատանքները սկսվել են նախորդ տարվա առնվազն հուլիս ամսից, ապա շարունակվել սեպտեմբերին։ Նախորդ շաբաթ էլ մեր տեսախցիկը ֆիքսեց էքսկավատորը և ցանկապատված տարածքը, փորվածքը:

Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի /այսուհետ՝ նաև Օրենք/՝ 24-րդ հոդվածի համաձայն՝

Քանդման թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է սեփականատիրոջ իրավունքը՝ իրականացնել շենքերի և շինությունների քանդում։

Քանդման թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը՝ Կառավարության սահմանած կարգով։

Վերոհիշյալի հիման վրա, Ընկերությունը, համապատասխանաբար, 2020 թվականի հունվարի 20-ին և փետրվարի 27-ին ստացել է Օրենքով պահանջված քանդման թույլտվությունները, ինչի հիման վրա տարածքում կատարվել են 220.2 քմ ավտոլվացման շինության, 512 խմ հենապատի, 10 խմ աստիճանի, 3.825 քմ ասֆալտապատ  մակերեսի քնադման աշխատանքներ։ Քանդման թույլտվությունները տրված են 6 ամիս ժամկետով, ինչով հիմնավորվում է դեռևս 2020 թվականի հուլիս ամսին Տարածքում քանդման աշխատանքներ կատարելը։ Քանդման թույլտվության ժամկետի ավարտից հետո Տարածքում ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ և/կամ ՔԱՆԴՄԱՆ աշխատանք չի կատարվել։ Քանդման թույլտվություններին կարող եք ծանոթանալ ներկայանալով Ընկերություն։ 

Այո, ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանից, «Դալմա Ինվեստ» ՍՊ ընկերությունը չի ստացել շինարարական թույլտվություն, սակայն ստացել է քանդման թույլտվություն, որում սահմանված բոլոր թույլատրված գործողությունները Ընկերության կողմիс կատարվել են՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։ Ձեր աշխատակիցները, հնարավոր է, տեղյակ չլինելով օրենսդրական կարգավորումներին, նույնիսկ չեն էլ հետաքրքրվել, թե արդյոք քանդման աշխատանքների համար անհրաժեշտ միակ փաստաթուղթը հանդիսանում է շինարարության թույլտվությու՞նը, թե՞ կամ մեկ այլ՝ «քանդման» թույլտվություն, ինչն, ինչպես հայտնեցինք, Ընկերությունը ստացել էր։

Վերոնշյալի հիման վրա, հերքման է ենթակա նաև Հրապարակման մեջ տեղ գտած հետևյալ տեղեկությունը․ Ընկերությունը պետք է քաղաքապետարան ներկայացներ նախագիծը, ստանար շինարարական թույլտվություն, որից հետո նոր սկսեր հողային աշխատանքն ու մնացած կառուցապատումը։

Ընկերության կողմից Տարածքում, բացի քանդման աշխատանքներից, ինչի համար ունեցել է համապատասխան թույլտվություն, որևէ հողային աշխատանք կամ կառուցապատում չի կատարվել, իսկ Ընկերության աշխատակիցների կողմից Ընկերության սեփականություն հանդիսացող տարածք մուտք գործելը չի կարող դիտվել նման աշխատանքների կատարում։

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դրույթներով,

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

Սույն պահանջը ստանալու պահից սկսած՝ 7-օրյա ժամկետում հրապարակել Հրապարակման Հերքում։

Հայտնում ենք, որ ներկայացված պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում, Ընկերությունն իր իրավունքները կիրացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ դատական կարգով։

Հարգանքով՝

«Դալմա Ինվեստ» ՍՊԸ

Տնօրենի ժ/պ՝ Վ․ Գևորգյան

24.մարտի 2021 թվական»։

Հ․Գ․ Առաջիկայում մենք կանդրադառնանք «Դալմա Ինվեստ» ՍՊԸ-ին տրամադրված քանդման թույլտվությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter