
«Դալմա մոլ»-ը առանց շինթույլտվության ընդլայնում են․ հիմքերն են փորվում
Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գտնվող «Դալմա գարդեն» մոլի ետնամասում, առանց քաղաքաշինական օրինական փաստաթղթերի, ապօրինի շինարարություն է իրականացվում։ Առևտրի և ժամանացի համալիրի ետնամասում հողային աշխատանքներ են իրականացվում։ 3-4 մետրը գերազանցող փոսեր են փորվել և փորվում։
Տարածքում «Հետք»–ի դեռևս 2020 թ.-ին արած լուսանկարներում երևում է, որ փորման աշխատանքները սկսվել են նախորդ տարվա առնվազն հուլիս ամսից, ապա շարունակվել սեպտեմբերին։ Նախորդ շաբաթ էլ մեր տեսախցիկը ֆիքսեց էքսկավատորը և ցանկապատված տարածքը, փորվածքը։
Երևանի քաղաքապետարանից հավաստիացրին, որ «Դալմա ինվեստ» ՍՊԸ–ին 2018 թ.-ից հետո շինթույլտվություն չեն տրամադրել։ Առևտրի կենտրոնի տեղեկատուի միջոցով փորձեցինք պարզաբանում ստանալ ապօրինի շինարարության վերաբերյալ։ Նախ հայտնեցին, որ ընկերության կոմերցիոն տնօրենը, որն իրավասու է այդ հարցին պատասխանել վատառողջ է և աշխատանքի չի հաճախում։ Միևնույն ժամանակ տեղեկացրին, որ նույն այդ տնօրենը փոխանցում է, որ շինարարական որևէ աշխատանք չի իրականացնում։
«Դալմա ինվեստ» ՍՊԸ-ն 2019 թ.-ին դիմել է Երևանի քաղաքապետարան առևտրի համալիրը ընդլայնելու նպատակով նախագծման թույլտվություն ստանալու համար։ Քաղաքապետ Հայկ Մարությանը ընկերությանը տրամադրել է կցակառույցի նախագծման թույլտվություն։ Սահմանվել է, որ կցակառույցը պետք է նախատեսել 1 կիսանկուղային և 2 վերգետնյա հարկերով (հնարավոր մասնակի ավելի բարձր ծավալ) հարավ արևմտյան ճակատին կցված, առավելագույն ճակատը համահարթեցման նիշից ընդունելով 23 մ։
Ընկերությունը մինչ նախագծման թույլտվություն ստանալը քաղաքապետարանին է ներկայացրել կառուցապատման էսքիզային նախագիծը։ Ըստ այդմ, մոլի ետնամասում առկա ավտոլվացման կետի և ավտոկայանատեղիի տեղում նախատեսվում է կառուցապատում իրականացնել։
Էսքիզային նախագծին կից «Դալմա ինվեստ» ՍՊԸ-ն նկարագրել է, թե ինչ է ցանկանում կառուցել։ Գոյություն ունեցող «Դալմա գարդեն» մոլին կից նախատեսվում է կառուցել կցակառույց՝ շարունակելով առկա առևտրի կենտրոնի ֆունկցիան, ուղղահայաց նիշերը և կոնստրուկտիվ հորինվածքը։ Կցակառույցը նախատեսվում է կառուցել վերգետնյա 2 հարկով: Կախված երկրաբանական պայմաններից նախատեսվում է 1 կամ 2 ստորգետնյա հարկ։ Նախատեսվում է պահպանել առկա կառույցի արտաքին հորինվածքը՝ ճակատներում օգտագործելով տրավերտինե երեսպատում և ապակի։ Կցակառույցի կառուցապատման մակերեսը 6 հազար 550 քմ է, ընդհանուր մակերեսը՝ 19 հազար 650 քմ (1 ստորգետնյա հարկով)։ Տարածքում առկա ավտոլվացման կառույցը կից ասֆալտապատմամբ` 900 քմ և ջրի ռեզերվուարները՝ 370 քմ, նախատեսվում է քանդել։ Կքանդվի նաև առկա կառույցի հետևի մուտքի պորտալը։
Ընկերությունը պետք է քաղաքապետարան ներկայացներ նախագիծը, ստանար շինարարական թույլտվություն, որից հետո նոր սկսեր հողային աշխատանքն ու մնացած կառուցապատումը։
Հայաստանում քաղաքաշինական նախագծերը ներկայացնող «Զարգացման և ներդրումային ծրագրեր» անունը կրող ֆեյսբուքյան էջում այս նախագծից լուսանկարներ է հրապարակվել։ Նշված է, որ շինարարությունը տևելու է 3 տարի։
«Դալմա ինվեստ» ՍՊԸ-ն Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեի 11.2 հա հողատարածքի սեփականատերն է, այն ընկերությանը հատկացվել է 2009թ․ նոյեմբերի 27-ի՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ։ «Դալմա ինվեստը»-ը «Դալմա գարդեն» մոլի սեփականատերն է, որտեղ բաժնետեր են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը՝ 34.5 %, ընկերության տնօրեն Էդգար Տիգրանի Խաչատրյանը՝ 19.8 % և «ԹԻ ՍԻ ՌԻԵԼԹԻ» ՓԲԸ-ն՝ 45.6 %։ «ԹԻ ՍԻ ՌԻԵԼԹԻ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2020թ․ մարտի 10-ին և մուտք է գործել «Դալմա ինվեստ»-ի բաժնեմաս 2020թ․ ապրիլի 22-ին։ Ընկերության տնօրենը Էդիտա Սերժիկի Ավետիսյանն է՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանի դուստրը։ Հիշեցնենք, որ դատավորի կինը՝ Էվելինա Ավետիսյանը, «Տաշիր գրուպ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանի կնոջ` Էթերի Կարապետյանի քույրն է։
Մեկնաբանել