
Զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողները ցանկանում են, որ քրեական գործերը քննվեն ԱԱԾ-ում
44-օրյա պատերազմից հետո զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի և Սոֆիա Հովսեփյանի նախաձեռնությամբ հրավիրվել էին խորհրդարան: Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրեն են դիմել զինծառայողների ծնողները՝ փորձելով հասկանալ իրենց որդիների մահվան, անհետ կորելու հանգամանքների առնչությամբ հարուցված քրեական գործերի ընթացքը:
«Իրենք խորը կասկած ունեն, որ հարուցված քրեական գործերի քննություն, ըստ էության, տեղի չի ունենում։ Պնդում են, որ գործերն ԱԱԾ-ն քննի: Մի ամսվա զինծառայողներին տարել են առաջնագիծ, վիրահատվելուց երկու օր անց տարել են առաջնագիծ: Եթե էս մարդիկ պահանջում են ԱԱԾ-ն քննի, ինչ է պատահել, թող քննի»,- ասաց Թովմասյանը:
Թագուհի Թովմասյանի խոսքով՝ զինծառայողների ծնողները ցանկանում են, որ պատերազմի ընթացքում հրամանատարների գործունեության վերաբերյալ ևս քննություն տարվի: Քանի որ վերջիններս հարցազրույցներում նշում են, թե զինծառայողների կյանքը չվտանգելու համար փոքր մեքենաներով են զինվորներին տեղափոխել, սակայն ծնողների վստահեցմամբ՝ նրանք տեղափոխվել են բեռնատարների թափքով:
«Թափքը բարձել են ու ուղղորդել կոնկրետ ճակատ, եթե մտավախություն ունեին, որ ԱԹՍ-ները հարվածելու են, ինչպես կարելի էր բեռնատարով տեղափոխել»,- ասաց պատգամավորը:
Թովմասյանը հայտնեց, որ խորհրդարան էին եկել Հադրութի Վանք գյուղում շրջափակման մեջ ընկած 50 զինծառայողների ծնողները, ինչպես նաև «Մարտունի 2» զորամասի 76 զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողները:
Մեկնաբանել