HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հաղթարշավը շարունակվում է. Հայաստանի հավաքականը Ռումինիայից ուժեղ էր

Աշխարհի 2022թ․ առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 3:2 հաշվով պարտության մատնեց Ռումինիայի ընտրանուն։ Խաղը տեղի ունեցավ Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ ռումինացիների տարածքային առավելությամբ, սակայն մեր հավաքականի խաղացողները նույնպես վտանգավոր էին գործում՝ հիմնականում ապավինելով արագ հակագրոհներին: Նպաստավոր դիրքերում հայտնվեցին Ալեքսանդր Կարապետյանն ու Տիգրան Բարսեղյանը, սակայն նրանց հարվածներից հետո հյուրերի դարպասապահը փրկեց դրությունը: Երկուստեք գրոհներից հետո թիմերից և ոչ մեկին չհաջողվեց հաջողության հասնել առաջին կեսում:

Երկրորդ խաղակեսը շատ հաջող մեկնարկեց Հայաստանի հավաքականի համար: 56-րդ րոպեին, փոխարինման մտած Էդուարդ Սպերցյանի հարվածից հետո գնդակը անդրադարձի օգնությամբ հայտնվեց մրցակցի դարպասում: Այսպիսով, Սպերցյանը հավաքականի կազմում իր նորամուտը գոլով նշեց: Սակայն մեր հավաքականի ուրախությունը կարճ տևեց, քանի որ 6 րոպե անց ռումինացիները հավասարեցրին հաշիվը, աչքի ընկավ Ալեքսանդրու Չիկիլդեուն: 72-րդ րոպեին արդեն հյուրերը հաշվի մեջ առաջ անցան: Գլխի հարվածով Ռումինիայի հավաքականին առաջ մղեց նույն Ալեքսանդրու Չիկիլդեուն: 78-րդ րոպեին կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց ռումինացիների հարձակվող Գեորգե Պուշկաշը: Քանակական առավելություն ստանալուց հետո մեր ֆուտբոլիստները նետվեցին գրոհի: 87-րդ րոպեին նախ Վարազդատ Հարոյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ երկու րոպե անց Տիգրան Բարսեղյանը, հստակ իրացնելով նշանակված 11-մետրանոցը, դրեց հանդիպման հաղթական վերջակետը՝ 3:2:

Այսպիով աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հարյուր տոկոսանոց արդյունք ունի: 3 խաղից հետո վաստակած 9 միավորով մեր ընտրանին առայժմ միանձնյա գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը:

Մունդիալ-2022-ի ընտրական փուլի երրորդ տուրում J խմբի Գերմանիա-Հյուսիսային Մակեդոնիա և Լիխտենշտայն-Իսլանդիա հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22։45-ին։ Հաղթելու դեպքում Գերմանիան միավորներով կհավասարվի Հայաստանի հավաքականին:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային ընտրանին իր հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելով Հս․ Մակեդոնիային։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter