
ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկում է ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու նախագիծը
Ազգային ժողովի արտահերթ նիստը մեկնարկեց Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ: Արտահերթ նիստը նախաձեռնել են ԱԺ պատգամավորները, օրակարգում Արման Բաբաջանյանի, Համազասպ Դանիելյանի, Վահագն Հովակիմյանի, Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն է, որով առաջարկվում է ամբողջությամբ անցում կատարել համամասնական ընտրակարգին:
Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանի խոսքով` ընդունման հրատապությունը պայմանավորված է նրանով, որ մի քանի օրից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսելու է ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորման դասընթացները, և կարևոր է, որ փոփոխությունները մինչ այդ գործընթացի մեկնարկն արվեն:
«Ռեյտինգային ընտրակարգը ներդրման օրվանից մշտապես եղել է քննադատության առարկա, և, ըստ էության, այս համակարգի ներդրման պահից կա հանրային պահանջ, որ այն պետք է փոխվի»,- ասաց Հովակիմյանը:
Պատգամավորը հաստատեց` առաջիկա արտահերթ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ եղել է լայն համախոհություն, իսկ անցած մեկ ամվսա ընթացքում հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ անընդհատ բարձրաձայնել են ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու պահանջի մասին:
Հովակիմյանի խոսքով` կան նաև այլ կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալու կորոնավիրուսի պայմաններում ընտրություններ կազմակերպել:
Հիշեցնենք, որ հրապարակվել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթը, որով, բացի ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելուց, այլ նշանակալի փոփոխություններ ևս առաջարկվում են:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց` իշխող ուժը Վենետիկի հանձնաժողով է ուղարկել այլ նախագիծ, այժմ ներկայացնում են միանգամայն այլ նախագիծ: Հովակիմյանն արձագանքեց` այն, ինչ այս նախագծով առաջարկվում է, առկա է մեծ փաթեթում, այստեղ չկա որևէ նորություն, որը Վենետիկի հանձնաժողով չի ուղարկվել:
Նախագծի հարակից զեկուցող, արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ դեռևս 2019 թվականին Կառավարության ընդունած դատական և իրավական կարգավորումների ռազմավարությամբ նախանշվել է ընտրակարգի ինստիտուցիոնալ կայացման նպատակը, մասնավորապես՝ թեկնածուների տարածքային ցուցակների վերացումը և պարզ համամասնական ընտրակարգի ընդունումը: Փոխնախարարի խոսքով` համամասնական ընտրակարգով խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի համամասնությունն առավել ճիշտ կարտացոլի հասարակության մեջ եղած քաղաքական հայացքները: Փոխնախարարը նաև պնդեց, որ մեծամասնական ընտրակարգը տարիներ ի վեր քննադատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից:
«Կառավարության համար կարևոր է արձանագրել այն հանգամանքը, որ առաջարկվող փոփոխությունը չի ենթադրում շրջանառության մեջ գտնվող Ընտրական օրենսգրքի համապարփակ բարեփոխումներից հրաժարվելու նպատակ, քանի որ հետագա բարեփոխումները կընդունվեն Վենետիկի և ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի համատեղ կարծիքը ստանալուն պես»,- ասաց փոխնախարարը:
Մեկնաբանել