HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ա. Ավանեսյան. «Պատերազմում զոհված անձանց բարդ նմուշների փորձաքննություններ են իրականացվում»

«Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում Ռուսաստանի և Հոլանդիայի մասնագետների հետ համատեղ իրականացվում են պատերազմում զոհված անձանց բարդ նմուշների փորձաքննությունները: Մեկ օրինակ բերեմ. մի նմուշը որոշակի մշակման գործընթացներ անցնելուց հետո յոթերորդ անգամից հնարավոր եղավ նույնականացնել, գործընթացը շարունակվում է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Անդրադառնալով պատվաստանյութերին՝ Ավանեսյանը հայտնեց, որ նախարարությանը կից մասնագիտական խորհուրդը ուշադրությամբ հետևում է բոլոր զարգացումներին, որոնք տեղի են ունենում «AstraZeneca»-ի և, ընդհանրապես, բոլոր պատվաստանյութերի շուրջ:

«Եզրակացությունն այնպիսին է, որ պատվաստման և կողմնակի ազդեցությունների միջև եղած պատճառահետևանքային կապն ապացուցված չէ: Մի շարք երկրներ հրաժարվել են որոշակի խմբաքանակի ժամանակավորապես օգտագործումից, մի շարք երկրներ նորից են սկսել, մի շարք երկրներ էլ ընդհանրապես չեն հրաժարվել»,- հայտնեց նախարարը:

Խոսելով կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների մասին՝ Ավանեսյանն ասաց, որ այս պահին փոքր թվով քաղաքացիներ սպասում են իրենց հերթին, որպեսզի հոսպիտալացվեն, բայց այս շաբաթ լրացուցիչ մոտ 300 մահճակալ է ծավալվել:

«Հիմնականում, այն պացիենտները, որոնք հոսպիտալացման, թթվածնի կարիք ունեն, հոսպիտալացվում են միայն հիվանդանոցային պայմաններում: Թթվածնային սարքերի քանակը բավարար է, վերջին տարվա ընթացքում մենք 15 լրացուցիչ թթվածնային կայան ենք գնել և բազմաթիվ սարքավորումներ, մոտ 3000 մահճակալի հագեցվածություն ենք ապահովել»,- նշեց նա:

Ըստ նախարարի՝ «AstraZeneca» պատվաստանյութի դեղաչափերը դեռ չեն բաժանվել բժշկական կազմակերպություններին: Վերջինս հույս հայտնեց, որ երկուշաբթի կկարողանան ապահովել պատվաստանյութերի առկայությունը թե՛ մարզերում, թե՛ Երևանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter