Հրաձգություն Կալիֆոռնիայում. կա 4 զոհ
Առնվազն 4 մարդ է մահացել Կալիֆոռնիա նահանգի հարավում գտնվող Օրանժ քաղաքի գրասենյակային տարածքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում։ Այդ մասին գրում է BBC-ն։ Զոհվածներից երեքը չափահաս են, իսկ մեկը՝ երեխա։ Եվս մեկ կին հրաձգային վնասվածքով հոսպիտալացվել է, նրա վիճակը ծանր է։
Հանցագործության կասկածյալը վիրավորվել է, նրա վիճակը ևս գնահատվում է ծանր։ Իշխանությունները դեռևս մանրամասներ չեն հաղորդել կասկածյալի և զոհերի վերաբերյալ, ինչպես նաև չեն նշել հարձակման հնարավոր մոտիվը։
Օրանժի ոստիկանությունը դեպքի վայր էր ժամանել տեղի ժամանակով 17:30-ին՝ հնչած ահազանգից հետո։ Քաղաքացիները հայտնել են, որ Լինքոլն ավենյուի երկհարկանի շենքից հնչել են կրակոցի ձայներ։ Փոխհրաձգության արդյունքում ոստիկանները վիրավորել են կասկածյալին, որից հետո վերջինս ձերբակալվել է։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը տեղի ունեցածն անվանել է «հրեշավոր» և ցավակցել զոհվածների հարազատներին և տուժածներին։
Այս տարվա մարտին ԱՄՆ-ում, մեկ շաբաթվա ընթացքում, տեղի է ունեցել հրաձգային զենքի կիրառմամբ երկու զանգվածային սպանություն։ Մարտի 16-ին 8 մարդ, այդ թվում ասիական ծագմամբ 6 կին, սպանվել են Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, իսկ մարտի 22-ին հրաձգություն էր տեղի ունեցել Կոլորադո նահանգի մթերային խանութներից մեկում, որի արդյունքում զոհվել էր 10 մարդ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին կոչ էր արել զենքի շրջանառության վերահսկողության ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկել, այդ թվում արգելել ավտոմատ զենքը ԱՄՆ ողջ տարածքում։
Լուսանկարը՝ Fox News-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել