
Սամվել Ալեքսանյանը խնդրում է գումար փոխանցել իր հաշվեհամարին
ԱԺ պատգամավորության թեկնածու, գործարար Սամվել Ալեքսանյանը ընտրողներին եւ քիչ թե շատ ապահովված մարդկանց խնդրում է գումար փոխանցել խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կազմակերպելու համար հատուկ բացված իր հաշվեհամարին: Սամվել Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, թե քանի որ ինքն այլեւս գործարարությամբ չի զբաղվում, եւ բիզնեսը ղեկավարում է կինը, ուստի գումարի կարիք ունի, որպեսզի կարողանա քարոզարշավը պատշաճ կազմակերպել:
Նշենք, որ Սամվել Ալեքսանյանն առաջադրվել է Երեւանի թիվ 7 ընտրատարածքում: Նա ընտրապայքարի մեջ է մտել ինքնառաջադրված, անկուսակցական Տիգրան Գրիգորյանի, Վարդան Վարդանյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ:
Սամվել Ալեքսանյանը հաշվեհամար է բացել «Արդշինինվեստբանկում»: Նշենք, որ մի շարք ապրանքատեսակների ներմուծման գծով Սամվել Ալեքսանյանը մենաշնորհ ունի, սակայն հայտարարում է, թե քարոզարշավի համար գումար չունի, ուստի ներկայացնում ենք նրա հաշվեհամարը`2474202308200000, որպեսզի «բարերարները» ֆինանսավորեն գործող պատգամավորի նախընտրական քարոզարշավը:
Հարկ ենք համարում նշել, որ Սամվել Ալեքսանյանը 2008թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրում հայտարարագրել է 316 մլն 145 հազար 910 դրամ, 2009թ.` 439 մլն 513 հազար 440 դրամ, իսկ 2010թ.` ընդամենը 10 մլն 448 հազար 580 դրամ: Սրանք պաշտոնապես հրապարակված թվեր են, եւ երբեմն այսպիսի «թվերն» իրականության հետ աղերսներ չեն ունենում:
Մեկնաբանություններ (21)
Մեկնաբանել