
Այլ պետությանը տարածքներ անցնելու հետևանքով կորուստներ կրած անձանց վարկի մարման ժամկետը կերկարացվի
ՀՀ կառավարությունը նոր աջակացության ծրագիր է մշակել՝ նախատեսված այն անձնանց համար, որոնք այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով կորուստներ են ունեցել։ Մասնավորապես առաջարկվում է վնասներ կրած շահառուների վարկի կամ լիզինգի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի կամ լիզինգի մայր գումարի և/կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները երկարացնել։
Էկոնոմիկայի նախարարության մշակած կառավարության որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում արդեն իսկ սահմանված են վարկերի կամ լիզինգի մարման, ինչպես նաև վարկի կամ լիզինգի մայր գումարի և/կամ տոկոսադրույքի մարման արտոնյալ ժամկետներ։ Սակայն ռազմական դրությամբ պայմանավորված՝ սահմանամերձ բնակավայրերում կան շահառուներ, որոնք այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ունեցել են ամբողջական կամ մասնակի կորուստներ (անշարժ գույք, գյուղատնտեսական կենդանիներ և այլն) և վերջիններիս մոտ առաջացել են դժվարություններ՝ վարկերի/լիզիգի մարումը սահմանված ժամկետներում իրականացնելու հարցում։ Արդյունքում, շահառուները կարող են դուրս մնալ ծրագրերի շրջանակից և զրկվել պետական աջակցությունից օգտվելու հնարավորությունից։
Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա ֆինանսական կառույցներին երկարացնելու այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով կորուստներ ունեցած շահառուների վարկի կամ լիզինգի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի կամ լիզինգի մայր գումարի և/կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները և արդյունքում՝ դժվարին իրավիճակում հայտնված շահառուները հնարավորություն կունենան շարունակելու օգտվել պետական աջակցությունից, ծավալելու գործունեություն և մարելու վարկային պարտավորությունները։
Մեկնաբանել