HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Ալիևը գերիների վերադարձը ձգձգում է, որ Հայաստանը զիջումների գնա»․ քննարկում արցախյան բանակցությունների թեմայով

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած երկրներն իրարից տրամագծորեն տարբեր պատկերացումներ և առաջնահերթություններ ունեն տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացման մասին։ Այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների վերաբերյալ «Հոդված 3» ակումբի կազմակերպած առցանց քննարկմանը։

Նա կարծում է, որ Ադրբեջանի համար գլխավոր առաջնահերթությունը ոչ թե Նախիջևանի հետ ուղիղ հաղորդակցություն ստանալն է, այլ անմիջական կապը Թուրքիայի հետ, որքան էլ որ եռակողմ հայտարարությունում ասվում է Ադրբեջան-Նախիջևան կապի մասին։ Հայաստանի համար գլխավորը ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձն է, որոնց Ադրբեջանը չի փոխանցում՝ չնայած եռակողմ հայտարարության պահանջներին։ 

Իսկ Ռուսաստանի համար, ըստ Իսկանդարյանի, առաջնահերթ խնդիրը գործընթացներից դուրս չմնալն է, այսինքն՝ ինչ էլ որ տեղի ունենա տարածաշրջանում, պետք է տեղի ունենա Ռուսաստանի մասնակցությամբ։ Իսկանդարյանը նշում է, որ Ռուսաստանը ցանկանում է երկու երկրների հետ համագործակցելով՝ թուլացնել լարվածությունը տարածաշրջանում, ինչն էլ իր հերթին հետագայում հնարավորություն կտա լուծել ղարաբաղյան հակամարտությունը, և այս հարցում Ռուսաստանի պատկերացումները, քաղաքագետի խոսքով, չեն համընկնում ո՛չ Հայաստանի, ո՛չ, Ադրբեջանի և ո՛չ էլ Արցախի դիրքորոշումների հետ։ 

«Այն, ինչ տեղի է ունենում հիմա, ես չէի անվանի բանակցային գործընթաց։ Ես դա կանվանեի բանակցային գործընթացը վերսկսելու փորձ։ Ռուսաստանը միտք ունի այդ գործընթացի մեկնարկը տալ համագործակցության միջոցով, որպեսզի փոխգործակցության ինչ-որ պրոցես սկսվի, որից հետո հնարավոր կլինի առաջ ընթանալ։ Այլընտրանքային նախագիծը Մինսկի խմբի ձևաչափի պահպանումն է»,-նշեց Իսկանդարյանը։

Բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը շեշտում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջներն ամբողջությամբ չեն կատարվում, և համաձայնության ցանկացած խախտում կողմերի միջև վստահությունը վերացնում է, և մինչև այն չհաստատվի, բանակցային որևէ գործընթաց սկսելը շատ դժվար կլինի, իսկ պնդել, որ այսօր կողմերի միջև վստահություն կա, ըստ Արթուր Մարտիրոսյանի, աբսուրդային է։ 

Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ Հայաստանում շատ զգայուն է ռազմագերիների թեման, այդ պատճառով նրանց խնդիրը օգտագործելով՝ Բաքուն ձգտում է առավելագույնը քաղել այս իրավիճակից և հասնել իր առջև դրած նպատակներին։ Առաջին նպատակը, ըստ Արթուր Մարտիրոսյանի, արձանագրել պատերազմի արդյունքները այն վիճակով, որոնք որ արձանագրվել են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այսինքն՝ որ ոչ մի ռևանշ չլինի, և հայկական կողմը հրաժարվի որևէ տեսակի պահանջներից։ 

«Բնականաբար, դրանից հետո պետք է հրաժարվել Մինսկի խմբի ձևաչափով բանակացությունները շարունակելուց։ Եվ, վերջապես, ինչ բանակացություններ․ Ալիևն ասում է, որ բանակացություններ չեն կարող լինել Ղարաբաղի կարգավիճակի հարցով, քանի որ այդ հարցն արդեն իսկ լուծված է իր համար»,- ասում է բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ Ալիևը նաև ժամանակ է ձգում, որպեսզի Հայաստանը գերիների համար ինչ-որ զիջումների գնա, իսկ թե ինչ զիջումների մասին է խոսքը, Մարտիրոսյանը դժվարացավ նշել։ Նրա խոսքով՝ այս հարցերի պատասխանը պետք է տա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած մինչ օրս նա միայն գրագիտորեն խուսափում է հարցերին պատասխանելուց։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter