HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արիֆ Յունուսով․ «Ադրբեջանական և ղարաբաղյան կողմերի միջև գաղտնի հաղորդակցություն կա»

Քաղաքական հետապնդումների պատճառով Նիդերլանդներում բնակվող ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը լավատեսորեն է տրամադրված ղարաբաղյան բանակցային գործընթացի հարցում։ Նա մասնակցում էր ղարաբաղյան հակամարտության թեմայով «Հոդված 3» ակումբի կազմակերպած առցանց քննարկմանը։

Բանակցությունները, ըստ Յունսովի, այժմ ընթանում են մի քանի մակարդակներում։ Առաջինը գեոպոլիտիկ ձևաչափն է՝ Մինսկի խումբը, որը թեև իրեն սպառել է, սակայն չի վերացել։ Յունուսովը նշում է՝ կա այսբերգի երևացող մասը, և այն, ինչը թաքցված է տեսադաշտից։ Ինչքան էլ Ալիևը հայտարարում է, թե իրենց Մինսկի խումբը պետք չէ, երբ լրագրողները գնացել են, Յունուսովի խոսքով՝ խաղաղ մթնոլորտում քննարկվել են բանակցությունների հետագա ընթացքի մասին հարցերը։

«Ալիևի բոլոր ասածները պետք չէ լուրջ ընդունել․ կան բաներ, որոնք ասվում են ներքին լսարանի համար։ Մինսկի խումբը ոչ մի տեղ չի անհետացել, ուղղակի կային այլ հանգամանքներ, օրինակ՝ պանդեմիան Եվրոպայում, Ամերիկայում՝ ընտրությունները։ Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն ակտիվացել է, և դա դեռ սկիզբն է»,- նշեց ադրբեջանցի իրավապաշտպանը։ 

Բանակցությունների երկրորդ ձևաչափը, Յունուսովի խոսքով, Մոսկվա-Երևան-Բաքուն է, այսինքն՝ բանակցությունները երեք երկրների մասնակցությամբ, որը ներկայում ամենաակտիվ ձևաչափն է, և այստեղ գլխավոր դերում Ռուսաստանն է։ Երրորդ ձևաչափը, որին, ինչպես նշում է Արիֆ Յունուսով, ոչ ոք ուշադրություն չի դարձնում, անմիջական բանակցություններն են Երևանի և Բաքվի միջև․

«Ադրբեջանը 1994 թվականից հայտարարում է, որ այս հակամարտությունը Բաքվի և Երևանի միջև է, և հենց իրենք էլ պետք է լուծեն այս հարցը։ Իհարկե, կրկին Մինսկի խմբի շրջանակներում, բայց բանակցությունները պետք է ընթանան միայն երկու երկրների միջև, և Ղարաբաղի իշխանությունների հետ որևէ բանակցություն Ադրբեջանը մշտապես բացառել է, բայց այս պատերազմից հետո ամբողջությամբ փոխվել է իրավիճակը, և հիմա կողմերը պետք է, կամա թե ակամա, լուծեն մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ»,- ասաց Յունուսովը՝ հայտնելով, որ իրականում հիմա գաղտնի հաղորդակցություն կա ադրբեջանական և ղարաբաղյան կողմերի միջև, և արդեն եղել է երկու հանդիպում, որի մասին պաշտոնապես չի հայտարարավել, այսինքն՝ որպես այդպիսին կան բանակցություններ։ Յունուսովը շեշտում է, որ չնայած այս ամենին, իրադարձությունների հետագա ընթացքը շատ անորոշ է։

«Մինչև պատերազմը բանակցությունները կրում էին իմիտացիոն բնույթ, իսկ հիմա իրավիճակն այլ է, նրանք ինտենսիվ բնույթ են կրում, գուցե շատ անհամաձայնություններով, սակայն հիմա կողմերն առարկայական հարցեր են քննարկում։ Հիմա որոշվում են սահմանային հարցեր։ Քննարկվում են կոմունիկացիաների հարցեր, կարելի է երկար վիճել, թե որ կողմին է դա ավելի ձեռնտու, բայց այդ բանակցություններն իրենք իրենցով արդեն իսկ շատ կարևոր են։ Եվ ես բանակցությունների գործընթացում դրական եմ համարում այն, որ ինչ-որ բան տեղից շարժվել է։ Սա դեռ սկզբնական փուլն է, մենք չենք կարող վստահորեն պնդել, որ թունելի վերջում լույս կա, և մենք կարող ենք խաղաղության համաձայնագրի տեսքով արդյունք տեսնել, սակայն որ գործընթացը սկսվել է, միաշնանակ է»,- նշեց Արիֆ Յունուսովը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter