HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ավելի շատ լռում են էրեխեքը, մենակ ասում են՝ կարոտել ենք, ու հայացքներն անընդհատ թաքցնում են ինձնից»

Գրեթե ամեն օր Լիլիան 10-ամյա որդու՝ Սարոյի հետ ծաղիկներ, խունկ ու ածուխ է վերցնում ու գնում ամուսնու գերեզման, որտեղ թաղված են նաեւ վերջինիս ծնողները։ Տնից գերեզման ոտքի ճանապարհ է։

Շիրմաքարի մոտ Լիլիան սկսում է լացել ու պատմել անցուդարձից, իսկ որդին լուռ է։ Նա գերեզմանաքարի տարածքն է մաքրում, ծաղիկներն է դասավորում, հետո նստում է մոր կողքին։

Փոքր հյուրասենյակի տարբեր անկյուններում նստած երեխաները հետեւում են իմ ու Լիլիայի զրույցին։ Պատից կախված է 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ Սամվել Աթոյանի լուսանկարը։ Լիլիան գունավոր թաշկինակով աննկատ մաքրում է աչքերը, հետո ամուր պահում ձեռքում, երբեմն հայացքը խոնարհում է՝ ձեռքերի մեջ պտտեցնելով թաշկինակը։ Երեխաների ներկայությամբ փորձում է շատ չհուզվել։

-Լիլիթը քանոնի է գնացել,- բացակայող դստեր մասին ասում է Լիլիան ։

Լիլիթը երեք երեխաներից ավագն է։ Այս տարի ավարտելու է 9-րդ դասարանը եւ ուսումը կշարունակի բժշկական ուսումնարանում։ Երեխաներից Վարդուհին ու Սարոն են տանը, ինչպես նաեւ Սամվելի եղբոր երեխաները՝ Ամալյան, Աննան ու Արմենը։

Փոքրերն ուշադիր մեզ են նայում՝ որսալով հարցերն ու հույզերը, հետո երբեմն ժպտում են կամ լրացնում ինչ-որ պատմություն։ Դա մեզ, կարծես, խոշորացույցի տակ է պահում՝ դժվարացնելով զրույցը։ Վարդուհին ու Ամալյան ներսի սենյակից կոմպոտ են բերում, ապա սեղանին են դնում իրենց պատրաստած խմորեղենը։ Քիչ անց Ամալյան վառում է հորեղբոր լուսանկարի մոտ դրված մոմը, որից անմիջապես սեւ ծուխ է բարձրանում։ Լուսանկարի տակ այն եռագույնն է, որով Սամվելի աճյունն էին բերել։

Լիլիան խոսում է ցածր ու մեղմ, ու նրա ձայնի մեջ, կարծես, նուրբ մեղեդայնություն կա։ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղից է։ Դեռ դպրոցական էր, երբ առաջին անգամ տեսել էր Սամվելին բարեկամուհու տանը։ Հետո մոռացել էր այդ հանդիպման մասին, իսկ Սամվելը՝ ոչ։ Տարիներ անց կրկին հանդիպել էին ու կարճ ընկերությունից հետո ամուսնացել։

Լիլիան ասում է՝ Սամվելը հումորով, աշխույժ, բայց նաեւ համեստ էր, 15 տարի երջանիկ ապրել են։ Այդ տարիներին Սամվելն վարորդ-առաքիչ էր աշխատում մսամթերքի գործարանում։ Շաբաթվա 3-4 օրը մարզերում էր լինում, ու հիմա երբ նա չկա, Լիլիային թվում է, թե ամուսինը դեռ մարզերում է եւ ուր որ է ներս է մտնելու։

Հյուրասենյակում օդը խոնավ է։ Պատերին անձրեւաջրերի հետքեր կան։ Մի անկյունում փոքր խոհանոցն է։ Դռան մոտ դրված պահարանին սենյակային ծաղիկներ են։ Լիլիան ասում է՝ Սամվելի ծաղիկներն են, որոնք հիմա իրենք են ջրում։ Ծաղիկների մի մասն էլ բակում է։

Հոկտեմբերի 4-ին Սամվելը սովորականից մի քիչ երկար էր քնել, հետո նախաճաշել էր, սուրճ խմել։ Ծաղիկների տակ գյուղից բերած հող էր լցրել ու ընտանիքին առանց հրաժեշտ տալու գնացել զինկոմիսարիատ։ Կնոջն ասել էր, որ չանհանգստանա, կգնա կներկայանա ու կվերադառնա տուն։ Լիլիան ասում է՝ ամուսինն ավելի շուտ էր ցանկացել կամավորագրվել։ Սեպտեմբերի 27-ին իր ծննդյան օրն էր, եւ Սամվելը այդ օրը խոստացել էր չներկայանալ զինկոմիսարիատ, սակայն մինչեւ հոկտեմբերին ներկայանալը ծանուցում էր եկել։

Հոկտեմբերի 4-ին Սամվելին միանգամից Հադրութ էին տարել, ապա Ջրական (Ջաբրայիլ)։ Մինչեւ հոկտեմբերի 10-ը ամեն առավոտ խոսում էր կնոջ ու երեխաների հետ։ Հոկտեմբերի 9-ին վերջին անգամ են խոսել։

«Այդ օրը ձայնը շատ տխուր էր, կարծես, ինչ-որ բան ուներ ասելու, բայց ոչ ինձ։ Անընդհատ հարցնում էր՝ կողքից մարդ կա՞, ու ասում էր՝ քեզ լավ կնայես։ Հետո ասեց՝ կարող է երկու օր չզանգեմ, հեռախոսները թողնելու ենք ներքեւում, բարձրանանք դիրքեր։ Հիմա որ հիշում եմ, ձայնը կտրտվում էր։ Տպավորություն էր, որ լացում էր։ Անընդհատ ասում էր՝ քեզ լավ նայի, էրեխեքին լավ նայի»,- հիշում է Լիլիան։

Հոկտեմբերի 10-ին Լիլիան եկեղեցի էր գնացել։ Հիշում է, որ այդ օրը շատ անհանգիստ էր, անընդհատ ուզում էր տնից դուրս գալ։ Նման զգացողություն երբեք չէր ունեցել։

Նույն օրը Սամվելը զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։ Դեպքի մասին ընտանիքն իմացել է օրեր անց, երբ իրենց փողոցի բնակիչներից մեկը եղբոր դին ճանաչելու համար Գորիսի դիահերձարան էր գնացել։ Այդտեղ հեռախոսի լույսի տակ պատահական տեսել էր նաեւ Սամվելի դին։ Երեւան գալով՝ տեղեկացրել էր Սամվելի եղբորը։

Երկու եղբայրներն ապրում են հայրական տանը՝ առաջին եւ երկրորդ հարկերում։ Ամալյան հիշում է, որ երբ իմացել էին հորեղբոր զոհվելու մասին, լացում էին՝ բերանները փակելով, որպեսզի երկրորդ հարկում ապրող Սամվելի ընտանիքը չլսի իրենց ձայները։ Հաջորդ առավոտյան Ամալյայի մայրը Լիլիային հայտնել էր, թե ասում են, որ Սամվելը շատ ծանր վիրավոր է։

«Ես անընդհատ ուզում էի համոզել իրեն, որ կենդանի է, ուղղակի վիճակը ծանր է։ Ինքն սկսեց լացել, ասեց՝ բայց ասում են, որ շատ ծանր է, երեւի չի ապրի։ Ու էլ բան չեմ հիշում»,- ասում է Լիլիան։ Այդ օրը նա ու Լիլիթը վատացել էին։ Դստեր ոտքերն ու ձեռքերն սկսել էին դողալ։

Երեք երեխաները հոր կորուստը լռությամբ են տանում։ Մայրն ասում է, թե հաճախ հարցեր է տալիս, փորձում է հասկանալ՝ ինչ են զգում ու մտածում։ «Ավելի շատ լռում են էրեխեքը, մենակ ասում են՝ կարոտել ենք, ու հայացքներն անընդհատ թաքցնում են ինձնից»,- նշում է Լիլիան։

Ընտանիքը պատերազմի ժամանակ Սամվելի անցկացրած օրերի մասին քիչ բան գիտի։ Եղբայրը՝ Մանվելը, խոսել է Սամվելի վիրավոր զինակիցներից մեկի հետ, ով խոստացել էր ապաքինվելուց հետո այցելել ու պատմել մարտական ընկերոջ մասին։ Տնեցիները միայն գիտեն, որ Սամվելը թշնամու գրոհը հետ շպրտելիս է զոհվել՝ ԱԹՍ-ի հարվածից։

Նայում եմ Վարդուհուն ու Սարոյին։ Լուռ են։ Հորեղբոր տղան՝ Արմենը, ասում է, թե ամեն անգամ տան քեֆերին հոպարն իրենց կենաց ասել էր տալիս։

-Ու ի՞նչ կենաց էիք ասում,- հարցնում եմ։

-Որ խաղաղություն լինի,- պատասխանում է Արմենը։

-Իսկ դո՞ւ, Սարո ջան,- դիմում եմ Սարոյին։

-Ես էլ նույնը,- կարճ պատասխանում է նա։

Երբ դուրս ենք գալիս բակ, երեխաները փոքր-ինչ ակտիվանում են։ Բակում Սամվելի ծաղիկներն են, դրանց հողը խոնավ է։

-Հիմա ծաղիկներն ո՞վ է ջրում,-հարցնում եմ։

-Ես, ես,- իրար հերթ չտալով պատասխանում են։

-Բայց որ էդքան ջրեք, կփտեն,- իմ այս խոսքի վրա ժպտում են։

Մեր այցի օրը ծաղիկները ջրել էր Լիլիան։ «Սամվելի զոհվելու օրը տան բոոր ծաղիկները խոնարհվել էին, չեք պատկերացնի»,- ասում է նա։

Մինչեւ պատերազմը Սամվելը գծագրել էր հացի փոքր արտադրամաս կառուցել տան բակում։ Լիլիայի ասելով՝ արդեն հետաքրքրվել էր վարկի համար, կնոջն էլ ասել էր, որ ինքն ու մայրը կաշխատեն այդտեղ։ Նպատակ ուներ տուն գնել որդու՝ Սարոյի համար, քանի որ իրենց տունը բավական հին է։

«Տունը եղավ իր մահվան գնով։ Սամվելի զոհվելուց հետո 10 միլիոն տվեցին, իր կյանքի գնով միսենյականոց տուն ենք վերցրել Սարոյի համար»,- ասում է Լիլիան։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter