HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փորձագետների համոզմամբ` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ԱԱԾ մշակած նախագիծը պետք է հետ կանչվի

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից, մասնակցային միջավայրում չի կազմվել, հետևաբար պետք է հետ կանչվի: Մեդիա կենտրոնի հրավիրած առցանց քննարկմանը նման տեսակետ հայտնեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

ԱԱԾ-ն e-draft-ում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով ամբողջությամբ վերանայվում է դեռևս 1996 թվականին ընդունված օրենքը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն ընդգծեց` վաղուց կար անհրաժեշտություն օրենքի բարեփոխման, սակայն առաջարկվող տարբերակը առկա խնդիրը չի լուծում:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի համոզմամբ` հանգամանքը, որ ԱԱԾ ներկայացուցիչը չի մասնակցում քննարկմանը, խոսում է այն մասին, որ ԱԱԾ-ն կամք չի դրսևորում հանրային դաշտում հանդես գալ և իր տեսակետները ներկայացնել, շարունակում է մնալ հանրության համար գաղտնի կառույց և հակված չէ մասնակցային գործընթացներում ներկայանալ:

Սաքունցի խոսքով` պետական և ծառայողական գաղտնիքն առնչվում է ամբողջ պետական համակարգին, ուստի այն պետք է կազմվեր մասնակցային միջավայրում, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության տեսակետները հաշվի առնվեին: Ըստ նրա` ԱԱԾ-ն պետք է քաջություն ցուցաբերի և հետ կանչի նախագիծը:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը ևս խոսեց այն մասին, որ նախագիծը մասնակցային միջավայրում չի կազմվել: Նրա խոսքով` առանց այդ էլ պետական մարմինները հաճախ են մերժում տեղեկություններ տրամադրել պետական ու ծառայողական գաղտնիքի անվան ներքո, նման կարգավորումների դեպքում պետական համակարգը կշարունակի այդ վատ պրակտիկան, քանի որ նախագիծը ոչ միայն շատ հարցերի չի պատասխանում, այլ խորացնում է իրողությունները: Ըստ նրա` պետք է հստակ սահմանել այն տեղեկատվությունը, որը երբեք չի կարող հանդիսանալ պետական կամ ծառայողական գաղտնիք, և որը կարող է հանդիսանալ:

ԻԱԿ ղեկավար Շուշան Դոյդոյանն էլ հավելեց` պետական գաղտնիքի հիմքով հարցումների մերժումները տարեցտարի նվազում են, փոխարենն աճում է անձնական տվյալների պաշտպանության հիմքով մերժումների թիվը: Նրա խոսքով` 2020 թվականին հարցումների մերժումների 52 տոկոսն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի հիմնավորմամբ է մերժվել: Սակայն միայն օրենքին հղում անելը բավարար չէ, պատշաճ հղում է հարկավոր ենթաօրենսդրական ակտերին, որոնց համաձայն մերժվում է:

«Այս հարցերը նախագծով չեն լուծվում և հնարավորություն են տալիս վատ պրակտիկան շարունակել, որին տասնամյակներ շարունակ ականատես ենք լինում: Նաև չենք տեսնում փաստաթղթերի գաղտնազերծման գործընթացի ակտիվացում»,- ասաց նա` հավելելով, որ միայն երկու մարմին է 2019 թվականին փաստաթուղթ գաղտնազերծել: Նրա խոսքով` ժամանակի ընթացքում հազարավոր փաստաթղթերի գործունեության ժամկետներ լրանում են, բայց չեն գաղտնազերծվում, և այդպես էլ չեն հանրայնացվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter