HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի կոմբինատի տնօրինությունը խոստացել է լուծել աշխատողների բարձրացրած հարցերը

Այսօր՝ առավոտվա ժամը 7-ից, Կապանի լեռնահարստացման կոմբինատի («Չաարատ Կապան» ՓԲԸ) շուրջ 400 աշխատակից բողոքի ակցիա են կազմակերպել աշխատավայրում։ Հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցները տնօրինությանը 6 կետից բաղկացած պահանջ են ներկայացրել։ Այս մասին «Հետքին» հայտնել է հորատող Արմեն Մովսիսյանը։ Մասնավորապես՝ ակցիայի մասնակիցները պահանջել են աշխատավարձերի բարձրացում, անվտանգության խնդիրների լուծում։

Ա. Մովսիսյանի խոսքով՝ բեռնաբարձիչ մեքենաների մասերը փոխելու, թարմացնելու խնդիր կա։ Մտահոգիչ է նաեւ ջրցան մեքենաների բացակայությունը։ «Ուզում էինք իմանալ, թե պատճառն ինչն է, որ այդ մեխանիզմները չեն աշխատում, անվտանգության հարց է։ Ջրցան մեքենաներ են պետք, որ հանքի ներսում պիտի աշխատեն, հիմա մերը չեն աշխատում, փոշի է»,- ասում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային փակ հանքավայրը շահագործող ընկերության հորատողը։

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցներին, ապա ժամը 15-ին 6 աշխատակցի հրավիրել իր մոտ քննարկման։ Դրան մասնակցել է նաեւ Արմեն Մովսիսյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ տնօրինության հետ քննարկումը կառուցողական էր, իրենց բարձրացրած հարցերը լսել են եւ լուծում են տալու։ Քննարկումը տեւել է մոտ 2 ժամ, ինչից հետո երկորրդ հերթափոխի աշխատողներն անցել են աշխատանքի։ Արմեն Մովսիսյանի տեղեկացմամբ՝ իրենք ի սկզբանե տրամադրված չեն եղել գործադուլ կազմակերպելու, եւ ակցիան հարցեր բարձրացնելու ձեւ էր՝ առանց ագրեսիվ մոտեցումների։ Տնօրինությունը, ըստ Մովսիսյանի, հայտնել է, որ մեքենաների անհրաժեշտ մասերի գնման պատվերը տվել են, ու առաջիկա 15-20 օրում դրանք տեղ կհասնեն, իսկ մինչ այս խանգարող հանգամանքներ են եղել համավարակն ու պատերազմը։

Խնդրել են նաեւ մեքենաները շահագործող եւ այս ընթացքում անգործ մնացած 15 մասնագետների ընկերությունում այլ աշխատանքով ապահովել, որպեսզի նրանք տանը պարապ չնստեն։ Մեր զրուցակցի խոսքով՝ քննարկմանը իրենք տնօրինությանն առաջարկել են հանքի ներսում փոշի չկուտակվելու համար կաթիլային մեթոդ կիրառել, այլապես դա վնասելու է իրենց առողջությանը։

Արմեն Մովսիսյանը նկատում է, որ իրենց գոհացրել է տնօրինության՝ հարցերը լուծելու պատրաստակամությունը։

Առաջիկայում «Հետքը» հարցեր է ուղարկելու կոմբինատի տնօրինությանը:

Լուսանկարը՝ chaarat.am-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter