
Նույն հրապարակում գյումրեցները պայքարում են Գեորգի Վանյանի, իսկ քաղաքապետարանի աշխատակիցները` բնապահպանների դեմ
Այսօր օրվա երկրորդ կեսին Գյումրիի Վարդանանց հրապարակը բավական մարդաշատ էր: «Ոչ Ադրբեջանական ֆիլմերին», «Գեորգի Վանյան, դու թուրք ես» վերտառությամբ պաստառներով «զինված» մի խումբ գյումրեցիներ որոշել էին բողոքի ակցիա կազմակերպել ընդդեմ Գյումրիում անցկացվող «Ստոպ» ֆիլմերի փառատոնի:
Այն կայանալու է ապրիլի 12-ին: Փառատոնի ընթացքում պիտի ցուցադրվեն 4 ադրբեջանական ֆիլմեր: Փառատոնն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան եւ Կովկասի խաղաղության կենտրոնի աջակցությամբ:
Երեւանում եւ Վանաձորում այն անցկացնելու փորձերը տապալվել էին քաղաքացիական ակտիվության ճնշման տակ: Գյումրիում բողոքի ակցիայի կազմակերպման նախաձեռնությունը թիվ 34 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Արման Սահակյանի նախընտրական շտաբինն էր, թեպետ Ա. Սահակյանը «Հետքին» տված հարցազրույցի ժամանակ ժխտեց այդ հանգամանքը:
«Սա ինքնաբուխ հավաք է, ես այս ամենի հետ կապ ունեմ այնքանով, որ հայտնել եմ իմ հստակ դիրքորշումը: Ես որպես պատգամավորության թեկնածու չէի կարող զերծ մնալ Գյումրիում ընթացող այսպիսի հնչեղություն ունեցող գործընթացներից: Ես կարծում եմ, որ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելն ինքնին շատ վատ նախաձեռնություն է, մասնավորապես Գյումրիում՝ անթույլատրելի: Ես կոչ եմ արել բողոքել, բայց ես կազմակերպիչը չեմ»,- նկատեց Արման Սահակյանը:
Բողոքի ակցիային ներկա էին նաեւ քաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակիցները, ՀԿ-ների ներկայացուցիչներ, մտավորականներ եւ այլք: Իսկ ահա գյումրեցի բնապահպան-ակտիվիստներին չեն թույլատրել մասնակցել ակցիային, քանի որ վերջիններս օգտվելով առիթից որոշել էին իրենց բողոքը հրապարակավ հայտնել տեղական իշխանությունների ներկայացուցիչներին:
Ըստ «Շիրակ» ՀԿ-ի տարածած հաղորդագրության, երբ երիտասարդները մոտեցել են ցուցարանների բազմությանը, Գյումրու քաղաքապետարնի մամուլի խոսնակն ու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետը բռնի կերպով խլել են դեռևս չպարզած ցուցապաստառներն ու բազմության միջից փորձել հեռացնել բնապահպաններին: Հնչել են նաեւ անպարկեշտ արտահայտություններ բնապահպանների հասցեին: Վերջիններիս անվանել են «ազգի դավաճաններ»: Իսկ ցուցապաստառների վրա գրված է եղել «Կանաչ, մաքուր Գյումրի» և «Պահանջում ենք բարեկարգված, առանց աղբի փողոցներ» արտահայտությունները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել