
«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրենն ու փաստաբանը գործընկեր են դարձել բրիտանական բիզնեսում
Փաստաբան Արմեն Մելքումյանը, որը տարբեր դատական գործերով ներկայացրել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի շահերը, դարձել է այս ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի գործընկերը բրիտանական բիզնեսում:
2020 թ. փետրվարին Հայկ Ալոյանը Լոնդոնում հիմնել է «Mineral Investment Group Limited» ընկերությունը, որի գործունեության տեսակը, ըստ բրիտանական ռեգիստրի, գունավոր մետաղների արդյունահանումն է: Ալոյանն այս ընկերության միակ սեփականատերն է, իսկ մինչեւ այս տարվա հունվարը եղել է նաեւ միակ տնօրենը: 2021 թ. հունվարին տնօրեն է նշանակվել նաեւ Արմեն Մելքումյանը:
Ընկերության, Ալոյանի եւ Մելքումյանի կոնտակտային հասցեն նույնն է (134-146 Curtain Road, London):
Հիշեցնենք, որ Արմեն Մելքումյանը նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի երկվորյակ եղբայրն է: Դատավոր Մելքումյանի լիազորությունները ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր 2019 թ. փետրվարին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի շրջանակներում: Դրանից հետո Մելքումյանը դիմել էր ՍԴ, որը հակասահմանադրական եւ անվավեր էր ճանաչել ԲԴԽ-ի կողմից կիրառված Դատական օրենսգրքի դրույթներից մեկը. այս որոշման հիման վրա էլ նախկին դատավորը դիմել էր ԲԴԽ-ին՝ նախկին պաշտոնում վերականգնվելու համար: 2020 թ. փետրվարին ԲԴԽ-ն վերացրել է իր նախորդ որոշումը եւ Ա. Մելքումյանին ընդգրկել դատավորների ռեզերվում, բայց մերժել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ վճարելու նրա պահանջը:
Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հ. Ալոյանին, ապա «Mineral Investment Group Limited»-ից առաջ՝ 2018-2020 թթ., նա եղել է Լոնդոնում գործող «Lydian U.K. Corporation Limited»-ի տնօրեններից մեկը: Թե՛ սա, թե՛ «Լիդիան Արմենիան» Ջերսիում գրանցված «Lydian International Limited»-ի դուստր ընկերություններն են:
Լուսանկարում՝ Հայկ Ալոյանն ու Արմեն Մելքումյանը
Մեկնաբանել