HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկան 102 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկները։ Հայաստանի ներկայացուցիչներից՝ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն։

Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը կարողացավ իր գլխավերևում պահել առավելագույնը 176 կգ ծանրաձողը, իսկ Արսեն Մարտիրոսյանը՝ 171։ Պոկում վարժությունում առաջինը ադրբեջանցի մարզիկ Դադաշ Դադաշբայլին էր՝ 177 կգ արդյունքով։

Հրում վարժությունում, սակայն, հայ ծանրորդները իրենց հավասարը չունեցան։ Սամվել Գասպարյանը գրանցեց 214 կգ արդյունք, իսկ Արսեն Մարտիրոսյանը՝ 209։ 

Այսպիսով, երկամարտի 390 կգ արդյունքով Սամվել Գասպարյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը 380 կգ-ով՝ փոխչեմպիոն։ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ ադրբեջանցի Դադաշ Դադաշբայլին՝ 379 կգ արդյունքով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նաև 89 կգ քաշային Կարեն Ավագյանը, իսկ նույն քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։ 96 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել նաև Հակոբ Մկրտչյանը, որը 89 կգ քաշային կարգում 2019թ․ հռչակվել էր աշխարհի և Եվրոայի չեմպիոն։ 81 կգ քաշային կարգում՝ հրում վարժությունից փոքր բրոնզե մեդալ է նվաճել Ռաֆիկ Հարությունյանը։

Կանանց պայքարում 55 քաշային կարգում Իզաբելա Յալյանը պոկում վարժությունից փոքր արծաթ էր նվաճել։ 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը հրում վարժությունում էր փոքր արծաթե և երկամարտի 227 կգ արդյունքով դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Այսօր 109 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը։

Լուսանկարում՝ Սամվել Գասպարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter