HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«ԱրմՀայԹեք» միջազգային ցուցահանդեսը հետաձգվել է երրորդ անգամ, բայց վարչապետի որոշումը դեռ չի փոխվել

Այս տարվա մարտի 25-27-ը Երեւանում պետք է կայանար «ԱրմՀայԹեք-2021» սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը, սակայն այն հետաձգվեց երրորդ անգամ:

«ԱրմՀայԹեք»-ն անցկացվում է երկու տարին մեկ: Առաջին նման ցուցահանդեսը տեղի է ունեցել 2016-ին, երկրորդը՝ 2018-ին: Քանի որ ցուցահանդեսը ռազմարդյունաբերության ոլորտին է վերաբերում, իսկ մինչեւ 2019 թ. այդ ոլորտը ՀՀ պաշտպանության նախարարության տիրույթում էր, նախարարություններից հենց ՊՆ-ն էր կազմակերպում ցուցահանդեսը:

Նախորդ տարվա մարտի 26-28-ը պետք է կայանար երրորդ ցուցահանդեսը՝ «ԱրմՀայԹեք-2020»-ը, որի կազմակերպիչներից էին լինելու թե՛ ՊՆ-ն, թե՛ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որի համակարգ է մտցվել ՀՀ ռազմարդյունաբերական կոմիտեն: Սակայն երրորդ ցուցահանդեսի կայացմանը խոչընդոտեց կորոնավիրուսի համավարակը: Անցյալ գարնանը հայտարարվեց, որ ՊՆ-ն եւ ԲՏԱՆ-ն համատեղ որոշում են կայացրել մինչեւ հոկտեմբեր հետաձգել միջոցառումը: Բնականաբար, հոկտեմբերին ցուցահանդեսը չկայացավ, քանի որ դրան խանգարեց պատերազմը:

Այդպիսով՝ «ԱրմՀայԹեք-2020»-ը օբյեկտիվ պատճառներով դարձավ «ԱրՀայԹեք-2021»: Ինչպես վերեւում ասվեց, նախատեսված էր, որ այն կազմակերպվելու է այս տարվա մարտի 25-27-ը: 2021 թ. հունվարին վարչապետի որոշմամբ սահմանվեց, որ «ԱրմՀայԹեք» երրորդ միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչներն են ԲՏԱՆ-ն, ՊՆ-ն, ԲՏԱՆ-ի ենթակայությամբ գործող «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն, եւ ««Բիզոն» ցուցահանդեսային ընկերությունների միություն» ՓԲԸ-ն (Ռուսաստան):

Այդուհանդերձ, «ԱրմՀայԹեք»-ի պաշտոնական կայքը հայտնեց, որ ցուցահանդեսը կկայանա 2022 թ. մարտի 31-ից ապրիլի 2-ը. հետաձգման պատճառ է նշվում համավարակը: Այլ կերպ ասած՝ եկող տարի կազմակերպվելու է ոչ թե չորրորդ ցուցահանդեսը, այլ արդեն երեք անգամ հետաձգված երրորդ «ԱրմՀայԹեք»-ը:

ԲՏԱ նորանշանական նախարար Հայկ Չոբանյանին խնդրել էինք տրամադրել այն իրավական հիմքը՝ փաստաթուղթը, որով մեկ տարով հետաձգվել է միջազգային երրորդ ցուցահանդեսի անցկացումը: Այս առումով պետք է շեշտել, որ հունվարին վարչապետի կայացրած որոշումը մինչ օրս ուժը չի կորցրել կամ փոփոխվել, այնինչ դրանում ներկայացված ցուցահանդեսը փաստացի տեղափոխվել է գալիք տարի:

ԲՏԱ նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը, մեր հարցմանն ի պատասխան, հաստատել է, որ երրորդ ցուցահանդեսը կայանալու է եկող տարվա մարտի 31-ից ապրիլի 2-ը, իսկ վարչապետի կողմից ընդունված ակտի մասով նշել, թե շրջանառության մեջ է դրված հունվարյան որոշման մեջ փոփոխություններ անելու նախագիծը:

Ներկա կառավարության աշխատաոճում նորություն չէ առկա իրողություններին իրավական տեսանկյունից ուշացած արձագանքելը կամ նույնիսկ չարձագանքելը:

Լավագույն օրինակներից մեկը ռուս սահմանապահների ներկա ծառայությունն է Սյունիքի մարզում՝ Ադրբեջանի հետ սահմանին, եւ նրանց հենակետերի տեղակայումը ՀՀ պետական սահմանի այլ հատվածներում:

Բանն այն է, որ ռուս սահմանապահների ներկայությունն ամրագրված է 1992 թ. հայ-ռուսական միջպետական պայմանագրով, որում նշված է, որ «ՀՀ-ն Թուրքիայի եւ Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը լիազորում է ՌԴ սահմանապահ զորքերին, որոնք պայմանագրի ստորագրման պահին տեղաբաշխված են ՀՀ տարածքում»: Մեկ այլ կետով հստակ նշված է. «Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի պահպանության հետ չկապված այլ խնդիրների կատարմանը (բացառությամբ տարերային աղետների, վթարների եւ այլ աղետների վերացման աշխատանքների) ՌԴ սահմանապահ զորքերը չեն ներգրավվում»: Քանի որ պայմանագրի ստորագրման ժամանակ ռուս սահմանապահները գործել են նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում, նրանք մինչ օրս մնացել են նաեւ այդտեղ:

Ինչպես տեսնում ենք Ադրբեջանի հետ սահմանի մասին ոչ մի խոսք չկա: Ու չնայած 2020 թ. պատերազմից հետո՝ նոյեմբերից սկսած, ռուս սահմանապահները տեղակայվել են Սյունիքի ու Արարատի մարզերի՝ Ադրբեջանին եւ Նախիջեւանին սահմանակից կետերում, այս իրողությունները ամրագրող փոփոխություն միջպետական պայմանագրում մինչ օրս՝ պատերազմի ավարտից 5 ամիս անց, չի արվել:

Լուսանկարը՝ «ԱրմՀայԹեք-2018»-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter