
Քարվաճառցիներն առաջիկայում կդիմեն կառավարությանը՝ բնակապահովման հարցով
Շահումյանի շրջանի բնակիչներն այսօր՝ ապրիլի 10-ին տեղի ունեցած հանդիպմանը որոշեցին առաջիկայում դիմել Հայաստանի կառավարությանը՝ իրենց բնակարան տրամադրելու հարցով:
Հանդիպումը կազմակերպել էր «Վերադարձ դեպի Քարվաճառ» հասարակական կազմակերպությունը, որի համահիմնադիր Թամարա Գրիգորյանը նշեց, որ իրենց վերջնական նպատակը Քարվաճառ վերադառնալն է:
Հանդիպման նպատակը տեղահանված բնակիչների հրատապ խնդիրների քննարկումն էր։
Մասնակիցներն առանձնացրին իրենց հուզող երկու առաջնահերթ խնդիր, որոնցից մեկը բնակարանների հարցն է, քանի որ քարվաճառցիների մեծամասնությունն այժմ վարձով է բնակվում և բնակվարձի համար որևէ փոխհատուցում չի ստանում: Երկրորդ մտահոգիչ հարցը զբաղվածությունն է, քարվաճառցիների մեծ մասն այժմ աշխատանք չունի:
Հանդիպման մասնակից Սերոբ Նալթակյանն առաջարկեց կազմակերպության հիմնադիր խորհրդում շրջանի յուրաքանչյուր համայնքից մարդկանց ներգրավվել, առաջարկը միաձայն ընդունվեց։
Շրջանի բնակիչներն արձանագրեցին, որ իրենց գույքի փոխադրման հարցում չեն օգնել, վերջիններս սեփական միջոցներով են բերել այն, ինչ հնարավոր է եղել։ Ոմանց տներից էլ գույքը գողացել են պատերազմի ընթացքում։ Այդպես է եղել, օրինակ, Մանիկ Մխիթարյանի դեպքում։ Պատերազմի սկզբից Մանիկը երեխաների հետ եկել է Հայաստան, իսկ նրա ամուսինը զինծառայող է և մինչև նոյեմբերի 15-ը չի կարողացել գալ Քարվաճառ, որպեսզի ընտանիքը գույքը տեղափոխի։ Երբ Մանիկը վերադարձել է Քարվաճառ, տունը թալանված է տեսել։ Նա այժմ 4 անչափահաս երեխաների և ամուսնու հետ Երևանում վարձով է բնակվում։
«Հետք»-ի հետ զրույցում Թամարան նշեց, որ քարվաճառցիների մեծ մասն այժմ Հայաստանում է, հիմնականում՝ Ջերմուկում:
Քարվաճառի բնակիչ Գառնիկ Վանյանն էլ նշեց, որ Արցախ չվերադառնալու հիմնական պատճառը անվտանգության երաշխիքի բացակայությունն է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի համաձայն՝ հայկական զորքը Քարվաճառի շրջանից դուրս բերվեց նոյեմբերի 25-ին։
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել