HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դիվանագիտական սկանդալի պատճառով Թուրքիան սառեցրել է Իտալիայից ուղղաթիռների ձեռքբերման գործարքը

Թուրքական իշխանությունները սառեցրել են իտալական Leonardo (նախկինում՝ Finmeccanica) ռազմաարդյունաբերական կոնսորցիումից ռազմաօդային ուժերի համար ուսումնական ուղղաթիռների ձեռքբերման գործարքը։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով իտալական La Repubblica պարբերականին։ 70 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիրը պետք է կնքվեր առաջիկա օրերին, սակայն թուրքական կողմը հայտարարել է դրա անժամանակ սառեցման մասին։ Պատճառը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «բռնապետ» անվանելն է։ 

Իտալական պարբերականի տվյալներով՝ ամբողջ գործարքը, որի արդյունքում AW169 ուղղաթիռները պետք է փոխարինեին Agusta-Bell 206 ուղղաթիռներին, իտալական կողմին կարող էր բերել մինչև 150 միլիոն եվրո։ La Repubblica-ն նշում է, որ վտանգի տակ են հայտնվել նաև քննարկվող տնտեսական մյուս պայմանագրերը, այդ թվում էներգետիկայի ոլորտում։ Ըստ պարբերականի՝ այդպիսով Անկարան փորձում է ճնշում գործադրել Հռոմի վրա՝ պաշտոնական ներողություն ստանալու համար։ 

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը՝ ապրիլի 8-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին քննադատել էր Թուրքիայի նախագահին՝ նրան անվանելով «բռնապետ»։ Պատճառը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ կապված դիվանագիտական սկանդալն էր, երբ վերջինիս համար չէին տեղադրել աթոռ և նա ստիպված էր եղել նստել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի դիմաց, որը դիվանագիտական արարողակարգի տեսանկյունից ունի առավել ցածր դիրք։

Թուրքիայում Իտալիայի դեսպան Մասիմո Գայանին կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Թուրք մի շարք նախարարներ քննադատել էին Դրագիին։ Մասնավորապես, Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը հայտարարել էր, որ Իտալիան, որտեղ ծնվել է ֆաշիզմը, չի կարող ժողովրդավարության դասեր տալ։ 

Մինչ կորոնավիրուսի համավարակը Իտալիայի և Թուրքիայի առևտրաշրջանառությունը հասել էր 17 միլիարդ եվրոյի։ Թուրքիայում գործում են գրեթե 1500 իտալական ընկերություններ։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter