
Երկկողմանի ծնողազուրկ զինծառայողի եղբայրներին հիմնադրամը հրաժարվում է փոխհատուցում տրամադրելուց
Արցախյան պատերազմի հերոս Հովիկ Ասատրյանի հարազատներին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» հրաժարվում է փոխհատուցում է տրամադրելուց:
Այս մասին ԱԺ նիստում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ում խոսքով՝ նրան այցելել է Ասատրյանի հորեղբայրը և ներկայացրել խնդիրը:
Ասատրյանները Շիրակի մարզի Հայկաձոր համայնքից են, նրանք Հովիկի հետ վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 28-ին, որից հետո հոկտեմբերի 2-ին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հեռուստատեսությամբ հայտարարել է նրա սխրանքների մասին` ասելով, որ շարքային զինծառայողին հերոսի կոչում է տրվելու: Հովիկ Ասատրյանը մինչ այժմ անհետ կորած է, նրա մասին ընտանիքը որևէ տեղեկություն չունի:
«Ունենք իրավիճակ, որ Հովիկ Ասատրյանը լինելով երկկողմանի ծնողազուրկ, զորակոչվել է բանակ ու գնացել առաջնագիծ, նա երկու եղբայր ունի, նրանց խնամքով հորեղբայրն է զբաղվում: Թե՛ պաշտպանության նախարարությունը, թե՛ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» մերժում են հարազատ եղբայրներին շահառու ճանաչել և փոխհատուցում տալ այն հիմնավորմամբ, որ եղբայրները չեն մտնում այն հայտնի ցանկի մեջ, որը համարվում է ընտանիքի անդամ»,- ասաց Թովմասյանը:
Հիշեցնենք, որ »Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» մասին օրենքով զոհված զինվորի շահառու են համարվում ծնողները, այրին և երեխաները:
Պատգամավորը հայտնեց, որ ՊՆ գրավոր հարցում է ուղարկել, սակայն դեռ արձագանք չի ստացել, ապա հավելեց, որ նման խնդիր կա զոհված, անհետ կորած շուրջ 10 ընտանիքների մոտ ևս: Ըստ նրա` այս հարցը հեշտ կարգավորվող է, պարզապես քաղաքական կամք է հարկավոր, որպեսզի օրինակ այս դեպքում եղբայրներից մեկը նոտարով հաստատված շահառուի կարգավիճակ ստանա:
«Որ մարդիկ իրենց լքված չզգան, էնիպիսի տպավորություն չլինի, որ միայն զինվոր են տալիս մեր երկրին, հետո ոչ զինվոր ենք տալիս, ոչ աճյուն»,- ասաց նա:
Թովմասյանի խոսքով` զոհված զինվորի հորեղբայրն այնքան վրդովված է եղել, որ զգուշացրել է` թույլ չեն տալու իրենց համայնքում ընտրություններ լինեն:
Հիշեցնենք, որ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր շարքային Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը խոցել է 4 զրահատեխնիկա:
Մեկնաբանել