HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գևորգ Պապոյան. «Իմ գրառումը քննադատության արժանացավ նրանց կողմից, որոնց երազանքը ԵՊՀ-ի շենքում Երևան սիթի տեսնելն էր»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը պնդում է` ակադեմիական քաղաք հիմնելու վերաբերյալ վարչապետի առաջ քաշած գաղափարը իրագործելի է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Պապոյանը: Հիշեցնենք, որ Փաշինյանն օրերս խոսել էր բուհերը վաճառելու և այդ գումարով ակադեմիական քաղաք հիմնելու նախաձեռնության մասին: Պատգամավորը, ողջունելով այդ հայտարարությունը, գրառմամբ էր հանդես եկել, որը ոչ միանշանակ էր ընդունվել սոցիալական ցանցերում:

«Իմ գրառումը քննադատության արժանացավ նրանց կողմից, որոնց երազանքը ԵՊՀ-ի շենքում «Երևան սիթի» տեսնելն էր: Նրանք, ովքեր մանկապարտեզ ու համալսարան են վաճառել նախորդ երեսուն տարիներին, իրենց սեփականաշնորհած դպրոցում բարձրահարկ շենք են կառուցում, այ իրենք են քննադատում, մանկապարտեզ, դպրոց սեփականաշնորհածները եկել ինչ-որ բան են ուզում մեզնից պաշտպանեն»,- ասաց նա:

Ըստ քաղաքական մեծամասնության պատգամավորի` գործող համալսարանների տեղում կարող է լինել կրթամշակութային կենտրոն, թանգարան, իսկ 1970-ական թվականների պանելային շենքերի փոխարեն կարող են լինել հյուրանոցներ:

«Եթե խոսում ենք ակադեմիական քաղաքի մասին, պատկերացնում եք դա ինչ ներդրում է, և դրա արդյունքում մեր երկրի ՀՆԱ-ն որքան է աճելու, ինչպիսի կրթական միջավայր է ստեղծվելու ու տարեկան քանի հազար ուսանող է գալու:

Պատկերացրեք մի կրթական միջավայր Խանջյան փողոցի վրա, որտեղ անընդհատ բեռնատարներ են վերուվար անում, և մի միջավայր, որը գտնվում է արհեստական լճակի ափին, ծառերի մեջ»,- ասում է Պապոյանը:

Պատգամավորը կարևորում է, որ քսան հոգու համար նախատեսված լսարանում 40 ուսանող չուսանի, այն իր հերթին ազդում է կրթության որակի վրա:

Պատգամավորի երազանքն է, որ ուսումնական տարվա մեկնարկին մի քանի հազար օտարերկրյա ուսանողներ լինեն Հայաստանում, սակայն ակնհայտ է, որ գործող պայմաններում դա հնարավոր չէ:

«Ես խոսում եմ կրթական միջավարի մասին, քննադատողները խոսում են իրենց շահի մասին, մտածում են վաղ թե ուշ իրենք են գալու իշխանության, և այդ համալսարանները սեփականաշնորհեն»,- ասաց Պապոյանը:

Ակադեմիական քաղաք հիմնելու վերաբերյալ, ըստ պատգամավորի, դեռ հաշվարկներ չկան, այն դեռ գաղափարի շրջանակում է:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ-ում հրավիրված քննարկմանը վարչապետը խոսել էր ակադեմիական քաղաքի հիմնման գաղափարի մասին:

«Իմաստը և տրամաբանությունը հետևյալն է՝ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասի կամ մեծ մասի Երևան քաղաքի կենտրոնից տեղափոխումով ցանկալի է Երևան քաղաքից դուրս, թեկուզ ոչ հեռու ձևավորել և ստեղծել, կառուցել ակադեմիական քաղաք, որն իր միջավայրով, տրամաբանությամբ, քաղաքաշինությամբ կապահովի նոր բովանդակության ներմուծումը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգ: Այս նախագիծը մենք պետք է հետևողականորեն առաջ մղենք, որովհետև կարծում եմ՝ ակնհայտ է, որ մեր բազմաթիվ բուհեր այլոց շարքում ունեն նաև հետևյալ խնդիրը՝ իրենց ֆիզիկական միջավայրով չեն համապատասխանում բարձրագույն կրթության ժամանակակից չափորոշիչիներին: Շատ դեպքերում ուղղակի անհնար է այս իրավիճակը շտկել, հետևաբար, կարծում եմ, որ ակադեմիական քաղաքի հիմնադրումը պետք է դառնա բարձրագույն կրթության ֆիզիկական միջավայրի մեր կարևոր անելիքներից մեկը»,-ասել էր Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter